HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ամերիաբանկը» հաղթեց. պայքարը կարող է հասնել մինչև Եվրոպական դատարան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատավճիռը: Ավելի քան մեկ տարի ձգվող դատական գործն ավարտվեց «Ամերիաբանկի» հաղթանակով:

«Գործի ելքի պատճառը իրավական հարթության մեջ չէ: Կարծում եմ, որ եթե դատարանին թողնեին, ինքը հաստատ կկայացներ հակառակ վճիռը, այսինքն` հայցը կբավարարեր: Դա իմ մասնավոր կարծիքն է: Ուղղակի ես նախկինում էլ եմ նշել, որ այսօրվա հայկական կոնյուկտուրան չի հանդուրժի, որ «Ամերիաբանկի» դեմ վճիռ կայացվի, այն էլ՝ այս վեճով, որովհետև այստեղ ոչ միայն «Ամերիաբանկն» է խառնված, այլև իր խոշոր բաժնետերը, ի դեմս գիտեք՝ ում (նկատի ունի գործարար Ռուբեն Վարդանյանին- Մ.Մ.):

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանը բանկից դատարանի միջոցով պահանջում է վերադարձնել իր հինգ բաժնետոմսերը:  Արտաշես Հովհաննիսյանը 1990-ական թթ.-ից եղել է «Ամերիաբանկի» ՓԲԸ-ի (այն ժամանակ` «Հայներարտբանկ» ՓԲԸ) 5 հատ հասարակ անվանական բաժնետմոսերի սեփականատեր(յուրաքանչյուրը` 40 հազար դրամ): «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի (320 հազար դրամ ընդհանուր արժողությամբ), ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:

Բաժնետոմսերի հետգնումից առաջացած գումարը «Ամերիաբանկը» փոխանցել է նույն բանկում Արտաշես Հովհաննիսյանի հաշվեհամարին: Գործարքի մասին փոքր բաժնետերը, ինչպես պատմում է նրա ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, իմացել է միայն այն ժամանակ, երբ նկատել է փոփոխություն բանկի կանոնադրության մեջ:

Գործարքը նախապատմություն է ունեցել, որի մասին գրել ենք: Հայկ Հովհաննիսյանը դատարանում պատմել էր, որ «Ամերիաբանկի» խոշոր բաժնետեր Ռուբեն Վարդանյանը հանդիպումներից մեկի ժամանակ Արտաշես Հովհաննիսյանին առաջարկել է վաճառել բանկում ունեցած իր բաժնետոսմերը: Ա. Հովհաննիսյանը հրաժարվել է: Որոշ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանը նորից է սկսել բանակցել և առաջարկել է նվիրել` որպես «բարեգործություն», կրկին հրաժարվելուց հետո Արտաշես Հովհաննիսյանը հեռացվել է բաժնետերերի ցանկից: 

Դատավոր Գագիկ Խանդանյանը նիստերի ժամանակ ակնհայտ համակրանք ուներ հայցվոր կողմի նկատմամբ: Գործի այսօրվա ելքից հետո հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը դա բնութագրեց որպես մասնագիտական խաղ. «Դա հին ալգորիթմ է: Երբ որ դատարանը ինչ-որ մեկին ցույց է տալիս ակնհայտ համակրանք, և մյուս կողմին, ընդհակառակը` հակակրանք կամ ճնշումներ, վճիռը հիմնականում լինում է «ճնշված» կողմի օգտին: Դա ի սկզբանե նկատելի էր, և ես այդ ախտանիշը տեսա»:

Գործի Հայկ Հովհաննիսյանի համար կանխատեսելի էր, իսկ առաջիկա անելիքները նա թվել էր դեռևս վճռի հրապարկումից առաջ: 

«Էս պայքարը սերունդներին է ուղղված, որպեսզի չկորցնեն իրենց հավատը Հայաստանի, օրենքի և իրավունքի գերակայության հանդեպ: Ես ի սկզբանե քաջ գիտակցել եմ, թե ում դեմ եմ գնում և ինչ ծանր կշիռ ունեցող անձնավորություն է կանգնած «Ամերիաբանկի» հետևում: Բայց ես գնացել եմ այս դատավարությանը, որպեսզի իմ օրինակով ցույց տամ, որ պետք է շարունակել պայքարել: Որովհետև եթե ամեն մեկս մեր տեղում մեր գործը չանենք ամենալավ և պրոֆեսիոնալ ձևով, չպայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք կառուցի մեր երազած Հայաստանը »,- ասում է Հայկը:

Հայցվորի իրավական փաստարկներից մեկն այն էր, որ գործարքը հակասում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին, խախտում է իրենց սեփականության իրավունքը: Գործարքը, ըստ փաստաբանի, կարող է դիտվել նույնիսկ որպես հանցագործության մասին հաղորդում:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 37-րդ հոդվածը արգելում է բանկի կողմից իր բաժնետոմսերը «զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը» բացառությամբ մի քանի դեպքերի: Նշված բացառություններում բացակայում են բաժնետոմսերի համախմբումը(կոնսոլիդացիա) և հետգնումը: Դա իր վճռում ընդունել է նաև դատավորը: Օրենքի մեկ այլ հոդվածով` բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահված բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը:

Հայցվոր կողմը դատական նիստերին բազմիցս հայտարարել է, որ բանկերի ոլորտը կարգավորող հիմնական օրենքը իր վերոնշյալ կարգավորումներվ բանկերի խոշոր բաժնետերերին պարտավորեցնում է համախմբում կատարելու դեպքում այնպես բաժանել բաժնետոմսերը, որպեսզի կոտորակային բաժնետոմս չառաջանա, քանի որ հետգնում սահմանված չէ:

Դատավոր Գագիկ Խանդանյանը, սակայն, վճռում դուրս է եկել օրենքի «փակուղուց» հետևյալ ճանապարհով. «….Օրենսդիրը բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է վերապահել` բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը, ուստի նշվածը Դատարանին հիմք է տալիս դատարանին եզրահանգելու, որ Օրենսդրի կամքն ուղղված չի եղել արգելել բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերին որպես կորպորատիվ գործողություն իրականացնելու բաժնետոմսերի կոնսոլիդացիա և կոնսոլիդացիայի արդյունքում առաջացող կոտորակային բաժնետոմսերի հետգնում….»:

Դատավորի իրավական եզրահանգումները դեռևս կքննվեն հաջորդ ատյանում, երբ ներկայացվի վերաքննիչ բողոքը:

«Ամերիաբանկի» ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը հարցին, թե այսօրվա դատավճիռը ինչ իրավական հետևանքներ կունենա հայաստանյան այլ բանկերի համար, չպատասխանեց: Ավելացրեց, որ իր իրավական դիրքորոշումը դատական տարբեր նիստերին հայտնել է:

Հայկ Հովհաննիսյանը պատմեց, որ «Ամերիաբանկի» փաստաբանը երկար ժամանակ աշխատել է Արժեթղթերի հանձնաժողովի(այժմ այս մարմինը չկա, նրան փոխարինում է ԿԲ-ն-Մ.Մ.) իրավաբան, որն էլ ուներ իրավասություն բաժնետիրական ընկերություններին ժամանակին տալ բաժնետոմսերի համախմբման թույլտվությունը: «Ամերիաբանկի» փաստաբանի իրավական դիրքորոշումը` բանկերի բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և հետգնման վերաբերյալ, փաստաթղթերի տեսքով կարելի է գտնել Կենտրոնական բանկի արխիվներում՝ նշեց Հայկը: Միայն թե դրանք հակասում են փաստաբանի` «Ամերիաբանկի» գործով դատական նիստերի ժամանակ հայտնած նրա դիրքորոշմանը, քանի որ Արժեթղթերի հանձնաժողովը բանկերին բաժնետոմսերի կոնսոլիդացիայի թույլտվություն չի տվել:

«Այն ժամանակ արժեթղթերի հանձնաժողովը միշտ դեմ էր կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հարակադրական հետգնմանը, և Արման Մարտիրոսյանի աշխատակազմում աշխատում էր իրավաբան»,- ասաց հայցվորի փաստաբանը:

Հայաստանում դատական ատյանները սպառելուց հետո Հայկ Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

 

Մեկնաբանություններ (4)

ընթերցող
Մեկնաբանությունը...320 հազար դրամը գրոշ է բանկի համար, այդ դեպքում ինչու՜ են կպած ցանկանում անպայման դուրս մղել մարդուն, ճիշտն ու սխալը մի կողմ թողած: Սա է գործի ինտրիգն ու մեխը որի մասին բան չի ասվում հոդվածում, ստացվում է անկապ ու անհասկանալի հայկական լրագրություն: Հարգեք ձեր ընթերցողին:
Մարինե Մադաթյան
ընթերցողին- Եթե անկապ է և անհասկանալի, կարող եք կարդալ նյութին նախորդող հոդվածները: Ձեր հարցի պատասխանը նախորդ նյութերում կա: Հայցվորի փաստաբանը մի քանի անգամ ասել է, որ բաժնետերերի ցանկից հեռացնելու՝ խոշոր բաժնետիրոջ նպատակը առաջին հերթին բանկի Տնօրենների խորհրդում իր վստահորդի ներկայացված լինելու իրավունքից զրկելն է եղել: Լէօ-ին- լրագրողը պատվեր չի կատարում, շնորհակալություն ինֆորմացիայի համար: Կարող ենք քննարկել ձեր նշած դեպքի մանրամասները: Խորհուրդ եմ տալիս զանգահարել Հետք, մանավանդ եթե այդ բաժնետերերից մեկն եք: ՆՄԱՆԱՏԻՊ մի քանի դեպքեր են եղել Հայաստանում, բայց սա ՆՄԱՆ առաջին դեպքն է: Բաժնետիրական ընկերությունների խոշոր բաժնետերերը կարող են կատարել բաժնետոմսերի թե կոսնսոլիդացիա, թե հետգնում՝ համաձայն Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի: Իսկ բանկերի մասով Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքը չի սահմանում հետգնումը, այս առումով դեպքը եզակի է առայժմ:
ընթերցող
Հարգելի Մարինե Մադաթյանին - ,, խոշոր բաժնետիրոջ նպատակը առաջին հերթին բանկի Տնօրենների խորհրդում իր վստահորդի ներկայացված լինելու իրավունքից զրկելն է եղել,, - Շնորհակալություն բացատրության համար, սակայն սա գրեթե նույն է նշանակում ինչ որ փայատիրոջը դուրս մղելը՝ իսկ ինչ նպատակով է դա արվում (?) մնում է անպատասխան - հազիվ թե ինչ որ գրոշների համար. Իսկ գուցե ,,ներսն,, ինչ որ լուրջ բաներ են արվում (լվացքատիպի) որի մասին ամեն պստլիկ լավ չէ իմանա (?) Եւ արդյոք սա մարդու բացահայտ ունեզրկում չէ ,,մեծն ուտի փոքրին,, արդար սկզբունքով (նույնիսկ առանց ,,հանրային գերակա շահի,,) եւ այլն եւ այլն --- Գուցե հարկավոր էլ չէ հոդվածներ գրել կամ ինչ որ բան փորձել հասկանալ - ,,սա հայաստանն է ու վերջ,, հայտնի սկզբունքով:
Լէօ
Եթե լրագրողը պատվեր չի կատարում, խորհուրդ կտայի ուսումնասիրել ,,մետաքս,, բաժնետիրական ընկերության ճակատագիրը և պատկերացնել ՀԱԶԱՐԱՎՈՐ բաժնետերերի վիճակը,որոնց հանդեպ համարյա նմանատիպ վարվեց Արտաշես Հովհաննիսյանը...Հուսով եմ Հետք-ը հետամուտ կլինի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter