HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«One for My Baybe (and One More for the Road)». Ֆրենկ Սինատրայի զգացմունքային փորձաքարերից մեկը

Նաիրա Հայրապետյան

1943թ. կոմպոզիտոր Հարոլդ Առլենը և  բանաստեղծ, երգիչ, երգահան Ջոնի Մերսերը  գրեցին  One for My Baybe (and One More for the Road) երգը: Այն նախատեսված էր ամերիկյան The Sky’s the Limit երաժշտական  ֆիլմ-կատակերգության համար, որտեղ գլխավոր դերակատարը հանրահայտ Ֆրեդ Ասթերն էր: Հենց նրա կատարմամբ էլ առաջին անգամ հնչել է այս երգը: Սակայն «One for My Baybe»-ն առավել հայտնի ու ճանաչված դարձավ ոչ թե այս կատարման կամ ֆիլմի շնորհիվ, այլև մի քանի տարի անց, երբ այն ձայնագրեց և հանրությանը ներկայացրեց անկրկնելի Ֆրենկ Սինատրան: Տարիների ընթացքում բազմաթիվ արտիստներ են կատարել այն, ամենահայտնի անուններից կազմված մի մեծ աստղաբույլ՝ Էտա Ջեյմս, Մարվին Գեյ, Էլլա Ֆիցջերալդ, Իգի Փոփ, Ուիլի Նելսոն, Փոլ Անկա, Թոնի Բենեթ, Չաք Բերի և ուրիշներ… և, այնուամենայնիվ, մինչ օրս ամենահայտնի ու սիրված տարբերակը համարվում է Ֆրենկ Սինատրայի կատարումը:

Սիրահարված և սիրո պատճառով հարբող տղայի մասին այս երգը Սինատրան ձայնագրել է մի քանի անգամ: Առաջինը 1947թ. էր, երբ համագործակցում էր Columbia Records ընկերության հետ: 1954թ. երգիչը կրկին անդրադարձավ One for My Baybe (and One More for the Road)  երգին՝ այս անգամ Young at Heart ֆիլմի համանուն սաունդթրեք- ալբոմի համար: Հաջորդիվ Frank Sinatra Sings for Only the Lonely (1958թ.), Sinatra & Sextet: Live in Paris (1962թ.), Sinatra at the Sands  (1966թ.) ալբոմներն էին: Ոմանք 50-60-ականները նկատի ունենալով՝ նույնիսկ ակնարկում էին, որ երգի՝ սիրուց խոցված տխուր հերոսը նրա կատարման մեջ նույն ինքը՝ Սինատրան էր, ով կորցրել էր իր այդ տարիների սերը՝ Ավա Գարդներին:

1993թ. երգը կրկին հայտնվեց Սինատրայի մեկ այլ ալբոմում՝ Duets-ում, փոքր-ինչ նոր մեկնաբանությամբ, Kenny G-ի հետ:

Ջուդի Գառլենդը և Ջոնի Մերսերը/datamp3.net

One for My Baybe (and One More for the Road)-ի մասին մի պատմություն կա, ըստ որի` այն ստեղծվել է նույն տրամադրության արդյունքում, ինչ Մերսերի մեկ այլ շատ հայտնի գործ՝ I Remember You-ն: Այս երգերի ներշնչանքի աղբյուրը մի խճճված, կրքոտ ու չիկարելիներով լի սիրային պատմություն էր՝ կապված  Մերսերի և ամերիկացի դերասանուհի Ջուդի Գառլենդի (Լայզա Մինելիի մայրը) հետ: Ապագա կինոաստղը 1941թ. ընդամենը 19 տարեկան էր և փոքր էր Մերսերից 13 տարով: Նույնիսկ սկանդալային ինտիմ պատմություններով լի Հոլիվուդում այս կապը խիստ քննարկման թեմա էր, չէ՞ որ Ջուդին, ոմանց կարծիքով, դեռ երեխա էր… Բացի այդ, երկուսն էլ զուգահեռ իրենց անձնական կյանքն ունեին. Մերսերը ամուսնացած էր երգչուհի Ջինջեր Միհընի հետ, իսկ աղջիկը նշանադրված էր կոմպոզիտոր Դեյվիդ Ռոուզի հետ: Նրանց կապը գնալով ավելի խորանում էր, ուստի Ջուդի Գառլենդը այդ ամենին վերջ դնելու համար ամուսնանում է Ռուզի հետ: Սակայն նրա այս քայլը խորը ազդեցություն է թողնում բանաստեղծի կյանքում և երկար ժամանակ նա չի կարողանում վերգտնել իրեն ու հաղթահարել զգացումները: Բնականաբար, այս ամենը փոխանցվում է գրչին ու դառնում ստեղծագործություն: Ամենահայտնի ստորագրությունն այս առումով I Remember You երգն էր, իսկ որպես  դժվար սպիացող վերքի խոստովանություն՝ կարող էր լինել նաև One for My Baybe (and One More for the Road)-ը՝ երկու տարի անց:

… But this torch that I found
Its gotta be drowned
Or it soon might explode
So make it one for my baby
And one more for the road…

Բանաստեղծ, երգահան Ջոնի Մերսերի և արդեն հայտնի կինոաստղ Ջուդի Գառլենդի «վտանգավոր կապերը», ավելի ուշ, տարիներ անց, կրկին արթնանում են:

One for My Baybe (and One More for the Road) երգի հերոսը, ինչպես արդեն նշեցինք, սիրահարված և այդ պատճառով տանջվող մի երիտասարդ է, որն իր տառապանքը փորձում է մոռանալ բարի (bar) առջև, խմիչքով լի բաժակի մեջ: Այս տղան մի բաժակը խմում է իր աղջկա համար, մյուսը՝ տուն հասնելու:  Ֆիլմում Ֆ. Ասթերի ստեղծած կերպարը փոքր-ինչ նաև կատակերգական է: Նա հարբում է այնպես, որ նույնիսկ մատուցողը, ով համբերատար լսում էր նրան, հրաժարվում է  լցնել բաժակը և թույլ չտալ այլևս շարունակել: Եվ գրեթե նիրհող, անհուսորեն լքված ու տառապած տեսքով մեր հերոսը հանկարծ մի պահ սթափվում է, վերագտնում իրեն ու փոխում «մարտավարության կանոնները». ասթերյան գեղեցկագույն պարերից մեկը դառնում է սիրո տանջանքների դեմ ինքնաարտահայտման և պայքարի նոր արտահայտություն, պայքար, որն իր անչափ էմոցիոնալ ու վճռական շարժումներում ավարտվում է միայն այն ժամանակ, երբ գրեթե ամբողջությամբ ջարդուփշուր են լինում սրահի ապակեղենն ու սպասքը: 

Fred Astaire

One for My Baybe (and One More for the Road)-ի Սինատրայի կատարումն այլ էր. այստեղ մենք տեսնում ենք մելանխոլիկ մի միջավայր ու մի սիրահարի, ում տխրությունն ու խորը թախիծը միաժամանակ վճռականություն են արտահայտում: Նրա սիրո պատմությունն այլևս փակված է, նրա հերոսն այդ գիշերային ուշ ժամին, բաժակում լցրել է հրաժեշտի խմիչքն ու ավարտում է այն կաթիլ առ կաթիլ, երգի հետ համաքայլ: Երբ Սինատրան ակումբներում երգում էր One for My Baybe (and One More for the Road)-ը, միշտ դրամատիկ տրամադրություն էր ստեղծվում. ծխացող սիգար կամ լի մի բաժակ, մթության մեջ միայն արտիստի դեմքին ուղղված լույսի մի փոքրիկ փունջ և Բիլ Միլերի դաշնամուրի մեղեդին, որը խախտում էր Սինատրայի փոխանցած երգվող լռությունը: Ասում են՝ մի անգամ, ձայնագրություններից մեկի ժամանակ, երկրպագուների խումբը ներխուժում է  ստուդիաներից մեկը՝ դիտելու, թե ինչպես է ձայնագրվում սիրելի երգիչը: Ձայնագրող ընկերության մենեջերը, տեսնելով հետաքրքրված այդ դեմքերը, որոշում է ակումբային մթնոլորտ ապահովել՝ անջատում է բոլոր լույսերը՝ թողնելով միայն մեկը, որն ուղղում է Սինատրայի վրա: Համերգ-ձայնագրությունը պատրաստ էր:

One for My Baybe (and One More for the Road) երգը Սինատրայի երգացանկում ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է համարվում:  Ու թեև ինքը միշտ չէր սիրում լսել իր ձայնագրությունները, այնուամենայնիվ, երբեմն պարզապես ստիպված էր լինում: Այդպես էր նաև այս երգի դեպքում, հատկապես երբ այս կամ այն երկրում, որևէ բար այցելելիս, նվագարկիչը հանկարծ հաջորդ երգին անցնելիս ընտրում էր One for My Baybe (and One More for the Road)-ն:

«Այս երգը, որքան Սինատրան մեծանում է, այնքան ավելի ու ավելի զգացմունքային փորձաքար է դառնում  իր մի քանի այլ սիրերգերի նման,- հարցազրույցներից մեկում ասել է Frank Sinatra Enterprises ընկերության փոխնախագահ Չարլզ Փիգնոնը,- այլ բան է, երբ դու այսպիսի երգերը կատարելիս քառասուն տարեկան տղամարդ ես և բոլորովին այլ, երբ 70-ը վաղուց հատել ես արդեն: Այս տարիքում բոլորովին տարբեր հայացքով ես նայում այս ամենին: Իր կյանքի վերջին տարիներին, Սինատրան երբ երգում էր դրանք, բազմաթիվ անգամ ավելի զգազմունքային էր դառնում, քան նախկինում»:

լուսանկարը՝ Pinterest-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter