HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման 2016թ. ծախսը գերազանցում է 32 մլրդ դրամը

Ազգային ժողովում քննարկվում է երկրի թիվ 1 ֆինանսական փաստաթուղթը՝ պետական բյուջեի նախագիծը: Ինչպես վերջին տարիների, այնպես էլ 2016թ. բյուջեով ՀՀ կենտրոնական բանկի ծախսերը մեծ են: Այս տարի որոշ տողերով ծախսերը նվազել են, սակայն աճ նույնպես արձանագրվել է:

Միայն ծառայողական փոխադրամիջոցների շահագործման համար նախատեսված է 96 մլն դրամից ավել գումար: ԿԲ-ում շահագործվելու է 31 ավտոմեքենա՝ մեկով ավելի, քան 2015-ին: Նշենք, որ 2014թ. շահագործվող ավտոմեքենաները եղել են 29-ը:

Նախատեսված է, որ 81 մլն դրամով փոխարինվելու են թվով 3 հին ավտոմեքենաներն ու մեկ միկրոավտոբուսը: Բեռնախցիկով մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման համար նախատեսվել է 39 մլն դրամ, իսկ 3 հատ սեդան կարգի ավտոմեքենաներից յուրաքանչյուրի համար՝ 14 մլն դրամ:

31 ավտոմեքենաներից 25-ը շահագործվելու է բենզինով: 2015-ին 30 ավտոմեքենաներից 23-ն էր շահագործվում բենզինով, իսկ 2014-ին՝ 29-ից 24-ը: Կենտրոնական բանկի ներքին կարգերի համաձայն՝ 2016թ. տարեկան կծախսվի 98,320 լիտր բենզին, որի տարեկան ծախսը կանխատեսվող 475 դրամով հաշվելու դեպքում կկազմի 46 մլն 702 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2014-2015թթ. նախատեսված էր մոտ 94 հազար լիտր բենզին:

ԿԲ-ում տարեկան օգտագործվելու է նաև 37,440 լիտր դիզվառելանյութ, որի տարեկան ծախսը կկազմի մոտ 17 մլն 600 հազար դրամ՝ 1 լիտրը 470 դրամ: Իսկ նավթամթերքի, քսայուղերի համար հատկացվելու է 2 մլն 232 հազար դրամ:

2016թ. բյուջեով ծառայողական փոխադրամիջոցների սպասարկման համար նախատեսվել է մեկ ավտոմեքենայի համար ամսական 74.000 դրամ: Իսկ ավտոմեքենաների շահագործման տարեկան ընդհանուր ծախսը կկազմի 27 մլն 528 հազար դրամ:

Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016թ. ԿԲ-ի ներկայացուցչական ծախսերը կազմում են 54 մլն 218 հազար դրամ: Անփոփոխ է մնացել նաև հատկացված  20 մլն դրամ գումարի չափը, որը նախատեսված է ֆիլմերի ու տեսահոլովակների նկարահանման համար: Այդ գումարից 6 մլն դրամը նախատեսված է հեռուստառադիո գովազդների պատրաստման, իսկ 14 մլն դրամը՝ հեռարձակման համար:

Աշխատանքային շենքերի, շինությունների կառուցման, ձեռքբերման և կապիտալ վերանորոգման համար նախատեսվել է 2016թ. նախատեսվել է 1 մլրդ 380 մլն դրամ: Պլանավորված գումարի առյուծի բաժինը հատկացվելու է Դիլիջան քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների իրականացման համար: 3500քմ շենքի ամբողջական կառուցման և 7500քմ տարածքի բարեկարգման նպատակով նախատեսվել է մոտ 1.2 մլրդ դրամ:

180 մլն դրամ էլ նախատեսված է Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների շարունակականության համար: Նշենք, որ այս հոդվածով ծախսերը 2015-ի համեմատ նվազել են 41%-ով:

Փոխարենը 23%-ով ավելացել են ընդհանուր համակարգչային տեխնիկայի գծով ծախսերը: 2016թ. համար այն կկազմի 1 մլրդ 811 մլն 387 հազար դրամ:

Նշենք, որ ԿԲ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը 2016թ. համար պլանավորվել է մոտ 586 հազար դրամ: Նախատեսվել է աշխատավարձի 10% աճ, որը ներառում է ԿԲ-ում գործող վարձատրության կանոններով պայմանավորված 3.1% բնականոն աճը և 6.9% աշխատավարձի աճը:

Այսպիսով, ԿԲ-ի կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման 2016թ. ծախսը կազմում է 32 մլրդ 689 մլն դրամից ավելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter