HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամությունը` հանրակրթությունից դուրս մնալու պատճառ

Արփինե Մինասյան

29-ամյա Վիգենը դժվար է խոսում: Մայրը` տիկին Աիդան, ասում է, որ տղան լսում է: Վերջինիս պատմելով` ութ ամսական որդին անկողնուց ընկել է գետնին ու ցնցումների մեջ հայտնվել, ինչի հետ էլ մայրը կապում է տղայի խնդիրը:

«Դարձավ երկու տարի կես, նոր սկսեց քայլել: Վաղ տարիքում ենք անընդհատ տարել բժշկի: Բժիշկն ասաց, որ եթե ցնցումները 7 տարեկանից հետո էլ շարունակվեն, էրեխու վիճակը կվատանա, եթե անցնեն, դեպի լավը կգնա: Յոթ տարեկանից ցնցումներն անցան: Էդ տարիքից սկսեց բառեր ասել, որ չէր կարում հասկացներ, ներվայնանում էր»,-պատմում է Ծովագյուղի բնակիչ Աիդա Թովմասյանը: Նա ասում է, որ տարիներ առաջ իրենց խորհուրդ են տվել տղային Երեւանում հատուկ դպրոց տանել, բայց քանի որ սոցիալապես անապահով իրենց բազմանդամ ընտանիքը գյուղում է ապրում, հնարավորություն չեն ունեցել:

Վիգենը մանկապարտեզ եւ դպրոց չի հաճախել: Մայրը պատճառաբանում է, որ նախկինում տեղեկատվության պակաս կար, որդին վերականգնողական շատ հնարավորություններից է զրկվել, ասում է, որ այդ տարիներին անգամ մանկապարտեզ չի գործել, իսկ քաղաք տանելու համար ֆինանսական միջոցներ չեն ունեցել: Տիկին Աիդան անգամ տեղյակ չէր, որ իր որդին նույնպես կրթություն ստանալու իրավունք է ունեցել: Նա հիշում է, որ երբ Վիգենը փոքր է եղել, քույրը փորձել է եղբորը գրել-կարդալ սովորեցնել, բայց տեսնելով, որ դժվար է, ոչինչ չի ստացվում, հրաժարվել է այդ մտքից:

«Իրան որ մոտիկ խանութ ենք ուղարկում, շատ լավ հիշողություն ունի, 10 բան էլ որ ուզես, չի մոռանա, լրիվ կբերի, բայց ես որ գնամ էդքանը երեւի թե չհիշեմ»,-նշում է մայրը:  

Վիգենը տնային գործեր է անում, օգնում է` ում եւ ինչով կարող է: Հիմա բարեկամներին է օգնում՝ շինարարության հարցում: Մայրը նշում է, որ տղան սիրում է աշխատել, մի քանի անգամ աշխատել է տարբեր տեղերում ու վաստակած գումարն ուրախությամբ տուն բերել: Նա փորձում է ընտանիքի սոցիալական բեռը թեթեւացնել:

«Գյուղի մշակույթի տունն են սարքում, մեր գյուղապետը տղուս շինարարության գործ տվեց: Վիգենս ընդեղ մանր գործեր էր անում` ավազ էր կրում, ցեխ էր անում, օգնում էր, մասնակցում էր աշխատանքներին: Վերջում 100 հազար դրամ էր ստացել, ուրախ-ուրախ առավ էկավ»,- իր գոհունակությունն է հայտնում տիկին Աիդան:

Վիգենի նման հանրակրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները պաշտպանվում են ՀՀ Սահմանդրությամբ, «Կրթության մասին» օրենքով, ինչպես նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է 2010թ-ի սեպտեմբերի 22-ին: Կոնվենցիայի 24-րդ հոդվածը վերաբերում է կրթությանը.

 «Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը: Այս իրավունքն առանց խտրականության եւ հավասար հնարավորություններով իրականացնելու համար մասնակից պետություններն ապահովում են կրթության բոլոր ոլորտները ներառող համակարգը բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ` կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում»,-ասված է կոնվենցիայում:

Գեղարքունիքի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների» բաժնի պետ Մամիկոն Գալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաշմանդամություն ունեցող կրթությունից դուրս մնացած երեխաների մասին տեղեկանում են համայնքապետարաններից:

«Մենք փորձում ենք հասկանալ դպրոց չհաճախելու պատճառը, համայնքի, դպրոցի հետ համատեղ կազմակերպում ենք դա: Ունենք դեպք, երբ հաշմանդամություն ունեցող երեխայի համար տնային ուսուցում ենք կազմակերպել: Դրանք շատ չեն, ամեն դեպքում վերականգնվել է կրթության իրավունքը: Այս ուսումնական տարում մի քանի չնչին պատճառներով դպրոց չհաճախելու դեպքեր եղել են: Հիմնականում եւ հագուստի խնդիր էր, եւ ծնողի անտարբերության, եւ սոցիալական, եւ հաշմանդամության»,- ասում է Գալոյանը, ավելացնելով, որ իրենք կապ են պահպանում համայնքապետարանների, դպրոցների, համայնքներում գործող խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների եւ այլ կառույցների հետ: Վերջինիս պնդմամբ` դպրոց չհաճախող երեխաների մասին տեղեկանալուն պես արագ արձագանքում են:   

«Մարզում ներառական կրթություն իրականացնում է Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Սեւանի տարածաշրջաններից յուրաքանչյուրում մեկական դպրոց: Գավառում ունենք 2 դպրոց` մեկը հենց քաղաքում, մյուսը Կարմիր գյուղում, մեծ համայնք է: Գավառում կա նաեւ 1 հատուկ դպրոց: Սեւանում ներառականը նոր է ներդրված, մի քանի երեխա է հաճախում»,-հայտնեց մարզպետարանի «Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների» բաժնի պետ Մ. Գալոյանը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն`

2014-2015 ուս. տարվա սկզբին ՀՀ հանրակրթական դպրոցներից հեռացել է (ուսումն անավարտ է թողել)  244 երեխա, 59-ին ծնողներն են խոչընդոտել իսկ 12-ը կրթությունը դադարեցրել է հաշմանդամության պատճառով: Գեղարքունիքի մարզում հանրակրթությունից դուրս է մնացել ընդամենը 27 երեխա, որից 14-ը` սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, 9-ին ծնողներն են արգելել, 1-ը հենաշարժողական եւ 3-ը՝ բազմահաշմանդամության պատճառներով: 

Կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների մասին “Հետքը¦ զրուցեց ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի հետ: Նրա դիտարկմամբ` 2014թ-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է կատարվել եւ օրենքով հայտարարվել է համընդհանուր ներառում:  

«Ներառական կրթության գաղափարախոսությունը ոչ թե ամրագրում է կոնկրետ հաշմանդամություն ունեցող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կոնտեքստում, այլ ընդհանրապես հանրակրթության ամբողջ համակարգում: Օրենքի համաձայն` մինչեւ 2025թ-ը հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվելու է ներառական կրթություն, որի դեպքում աջակցություն է տրամադրվելու ցանկացած երեխայի 3 մակարդակում, այդ թվում` հաշմանդամություն ունեցող եւ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող»,-նշեց Ա. Մուրադյանը` ներկայացնելով, որ առաջինը դպրոցական մակարդակն է: Հանրակրթական դպրոցի կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվելու, ըստ որի` հանրակրթական դպրոցում գործելու է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ուսումնական հաստատության 1-ին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Մուրադյանի խոսքով` եթե դպրոցը հայտնաբերում է, որ երեխան կրթության կազմակերպման ոլորտում դժվարություն ունի, փորձում է իր ուժերով արձագանքել երեխայի կրթության կարիքներին, եթե չի հաջողվում, դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններին (դա երկրորդ մակարդակն է), որոնք պետք է լինեն կենտրոնների ձեւով: Դրանք պետք է գնահատեն երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը: Տարածքային կենտրոններին պետք է  վերապատրաստի, նորմատիվ փաստաթղթեր, գնահատման ձեւաթղթեր տրամադրի հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, որը 3-րդ մակարդակն է:  

«Նախարարությունում հիմա ընթացակարգեր են մշակվում: Կարիքի տարբեր աստիճաններ կան, 2-րդ աստիճանի կարիքի դեպքից սկսվում է բարձրացված  չափաքանակով ֆինանսավորումը, եթե երեխայի կարիքը արձանագրվում եւ գնահատվում է: Սա նշանակում է սովորական երեխային տրվող գումարից բարձր գումար, որը պետք է ուղղվի տվյալ երեխայի լրացուցիչ կրթական ծառայություններին: Արդյունքում երեխան սովորում է իր համայանքի դպրոցում: Համայնքի դպրոցը կարող է կազմակերպել ներառական կրթությունը ե’ւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ե’ւ որոշակի հիվանդությունների դեպքում կազմակերպի տնային կրթությունը, եթե երեխան ինչ-ինչ պատճառներով չի կարող հաճախել դպրոց»,-ասաց հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը` շարունակելով, որ կստեն, եթե ասեն, որ մինչեւ 2025թ-ը բոլոր դպրոցները մատչելի կլինեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Զուգահեռ Սոցապ եւ Քաղաքաշինության նախարարության հետ խելամիտ հարմարեցումների գնալու պլաններ ենք մշակում: Բայց որ այն համայնքների դպրոցներում, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա կա, որոշակի հարմարեցումներ կարծում եմ պետք է արվի: Նրանց կրթությունը կազմակերպելու համար առաջին հարկը կհարմարեցվի»,- նշեց վերջինս` հավելելով, որ խրախուսում են ոչ թե տնային, այլ ներառական, միասին սովորելու կրթությունը:  

ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի տեղեկացմամբ` հանրակրթության համակարգում այսօր սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 5000 երեխա, որից շուրջ 2200-ը ուսումը ստանում է հատուկ դպրոցներում իսկ 3000-ը` հանրակրթական դպրոցներում: Նրա դիտակրկմամբ` այս տվյալները կարող են չհամընկնել հաշմանդամություն ունեցող երեխաների տվյալներին:  

«Քանի որ օրինակ սրտի արատ, արյան ճնշում ունեցող երեխաները կարող են ունենալ հաշմանդամություն, բայց չունենալ կրթության, սովորելու դժվարություններ: Կրթության ոլորտում դա հաշմանդամություն չի համարվում»,- ճշգրտեց գլխավոր մասնագետ Ա. Մուրադյանը:

Մեր հարցին, թե «Հանրակրթության մասին» օրենքով որեւէ պատիժ նախատեսված է արդյոք հաշմանդամություն ունեցող երեխային հանրակրթությունից դուրս թողնելու համար, պատասխանեց.

«Օրենքով որեւէ պատիժ չի նախատեսվում: Թերեւս սա ավելի շատ առնչվում է երեխայի իրավունքների պաշտպանության օրենքին: Համենայնդեպս, չեմ հիշում դեպք, երբ ծնողը պատժված լինի նրա համար, որ չարակամորեն երեխային դուրս է թողել հանրակրթությունից»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter