HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երևան - Փարիզ ուղիղ չվերթի գինն իջել է

Երևան-Փարիզ ուղիղ թռիչքների տոմսերն էժանացել են: Հետադարձ թռիչքով տոմսեր տարբեր գործակալություններից հնարավոր է ձեռք բերել՝ սկսած մոտ 160 հազար դրամից: Կախված թռիչքի օրերից և տոմսը վաճառող գործակալությունից՝ գները կարող են տատանվել:

Ակցիան իրականացնում է Air France գործակալությունը: Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ այժմ հնարավոր է Փարիզ մեկնել՝ սկսած 290 եվրոյից (մոտ 150 հազար դրամ): Ինչո՞վ է պայմանավորված ակցիան և արդյոք կապ ունի վերջին օրերի իրադարձությունների հետ, փորձեցինք ճշտել Air France-ից, սակայն ընկերության հեռախոսահամարները անհասանելի են արդեն երկու օր:

Դեպի եվրոպական երկրներ թռիչքների ավիատոսմեր վաճառող տարբեր գործակալություններից ասացին, որ Երևան-Փարիզ ուղիղ թռիչքի տոմսերը նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե կրկնակի էժան են:

«Իհարկե, որ գովազդ են անում, էդ գովազդը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, բայց համեմատած՝ վատ գներ չեն: Օրինակ` այս պահին ես նայեցի Երևան-Փարիզ թռիչքը, մոտավորապես 165 հազարի կարգի տոմս ստացվեց գնալ-գալը: Բավականին լավ գին է»,- ասաց «Թռիչք» գործակալության աշխատակից Շուշաննա Շահինյանը: Ամռանը Երևան-Փարիզ ուղիղ թռիչքների տոմսերը գործակալությունում արժեցել են մոտ 500-600 եվրո:

Կան գործակալություններ, որ տեղյակ չեն գների իջեցումից, ավելին՝ անհնար համարեցին Երևան-Փարիզ ուղիղ չվերթի արժեքն այդ գնով: «Go Travel» տուրիստական գործակալության աշխատակիցն ասաց, որ ուղիղ չվերթների գինը չի իջել, իրենց մոտ այն կազմում է 236 հազար դրամ: «Ինչ- որ բան սխալ են ասել, հնարավոր է՝ Կիևով թռիչքների գինն է իջել, ուղիղ չվերթը այդ գինը չի կարող լինել»,- ասաց նա:

«Բոգեմա թրավել» գործակալության աշխատակից Քրիստինե Սարգսյանը մանրամասնեց, որ ակցիան վերաբերում է հենց ուղիղ թռիչքներին: Օրինակ՝ Կիևով թռիչքը, Քրիստինեի խոսքով, նույն օրերի համար հիմա կարող է ավելի թանկ լինել: «Սովորաբար չվերթների օրերը ինչքան մոտ են լինում, ուղիղ չվերթները թանկ են լինում, բայց էս պահին Երևան-Փարիզ-Երևան մեկ շաբաթվա կտրվածքով չվերթը նոյեմբեր ամսվա համար ստացվում է մոտ  170 հազար դրամ»,- ասաց Ք. Սարգսյանը: Նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ, աշխատակցի խոսքով, գինը իջել է մոտ 150 հազար դրամով:

«Թռիչք»-ի աշխատակիցը ավելացրեց, որ ակցիաներ սկսել է անել նաև «Աերոֆլոտ» ընկերությունը՝ վերջին օրերին էժանացնելով Ռուսաստանի որոշ հատվածներ թռիչքները: «31 հազարից սկսած տոմսեր ունենք դեպի Կրասնոդար, Սոչի: Ակցիան վաղուց չի, նոր է, մի քանի օր է»,- ասաց Շուշաննան:

Գործակալությունների աշխատակիցները նշեցին նաև, որ Ֆրանսիա մեկնող ուղևորները վերջին օրերին տոմսերի վերադարձ չեն կատարել:

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ
Բարև ձեզ, կտեղեկացնեք որքան կարժենա Երևան-Փարիզ ուղիղ չվերթը հուլիս օգոստոս ամիսներին: Նախապես շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter