HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գյուղացիներից վերցնում են հողերը

Արմավիրի մարզի հողերի զգալի մասը ձեռք են բերել պաշտոնյաները եւ օլիգարխները, եւ այս մարզում «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի իրագործումը պարզապես կդառնա նրանց կարիքների բավարարում:

Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ Սմբատ Աբգարյանը 1993թ.-ից մշակում է Արմավիրի անտառտնտեսությանը պատկանող հողատարածքը: Մինչեւ 2005թ.-ը պարտաճանաչորեն մուծել է սահմանված վարձավճարները: Պայմանագիրը կնքված էր Արմավիրի անտառտնտեսության հետ, քանի որ հողերի տարածքը համարվում էր անտառային գոտի եւ գտնվում անտառտնտեսության հաշվեկշռում: Ըստ այդ պայմանագրի` Ս. Աբգարյանը վարձակալել է 5,5 հա: Այնուհետեւ, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համաձայնության գալով, Սմբատը 4 հեկտարի վրա հիմնել է ամերիկյան եւ կանադական արագաճ բարդու անտառ:

Անտառն այսօր արդեն յոթ տարեկան է: Պայմանագրի համաձայն` այդ անտառը պետք է հատվեր եւ նորից տնկվեր: Այս ծրագիրը սկսվել էր էներգետիկ ճգնաժամը հաշվի առնելով եւ անտառահատումները կանխելու նպատակով (Արագաճ բարդիների նախագծի մասին կարդալ այստեղ):

Կառավարության 2004թ. դեկտեմբերի 9 N 1848 « Արմավիրի մարզի հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» որոշումը հիմք է դառնում, որպեսզի Նորավան գյուղի բնակիչները զրկվեն իրենց վարձակալած հողատարածքներից: Կառավարության որոշումից հետո Արմավիրի մարզպետարանը հայտարարել է աճուրդ:

«Մարզպետարանն էլ առանց մեզ տեղյակ պահելու, կեղծ աճուրդով վաճառել է մեր վարձակալած հողերը տարբեր պաշտոնյաների, որոնց մի մասին մենք գիտենք, թե ովքեր են: Ժամանակին այստեղ անտառ է եղել, ցուրտ տարիներին այն հատվել էր, ու ամբողջովին արմատներ էին: Հետո իմացանք, որ դրանք վարձակալության են տալիս: Անտառտնտեսության հետ պայամագիր կնքեցինք ու սկսեցինք մշակել հողերը: Մենք այն վարելահող ենք սարքել, գիտե՞ք, թե ինչ դժվար է արմատները հանել, մեծ գումարներ ենք ծախսել, մինչեւ հող ենք դարձրել»,- պատմում է մի խումբ նորավանցիների հետ «Հետքի» խմբագրություն այցելած Սմբատ Աբգարյանը: Այս աղյուսակում ներկայացված է մարդկանց այն ցուցակը, ովքեր աճուրդով ձեռք են բերել գյուղացիների վարձակալած հողատարածքները: Այնտեղ պատահական մարդիկ չկան: Այս պաշտոնյաներն այդ հողերը ձեռք են բերել ցածր գներով` մեկ հա-ի դիմաց վճարելով մոտ 200 դոլար:

Աճուրդով հող ձեռք բերած անձը

Իրական տերը կամ հովանավորող պաշտոնյան

Տարածքի չափը

Ռոզա Մկրտչյան

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչն է

39 հա

Մեխակ Մխիթարյան

Ազգային ժողովի պատգամավոր

5,8 հա

Ավետիք Դարբինյան

Մարզպետարանի հողաշինարարն է, ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանի աներձագն է

5,85 հա

Գուրգեն Հակոբյան

Արմավիրի մարզպետի տեղակալ Փառանձեմ Կարապետյանի որդին է

5 հա

Արթուր Միքայելյան

Մարզպետի տեղակալ Փառանձեմ Կարապետյանի հորեղբոր որդին է

5 հա

Տիգրան Հերոյան

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի եղբորորդին

2,7 հա

Հովհաննես Լազարյան

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հողն է

5 հա

Գեւորգ Պողոսյան

Արմավիրի նախկին ոստիկանապետ

8 հա

Միսակ Տեր-Պողոսյան

Արմավիրի կահույքի գործարանի սեփականատեր

10,33 հա

Հրանտ Մկրտչյան

Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լարիսա Մուրադյան

2,25 հա

Վոլոդյա Շահվերդյան

Արմավիրի Անտառտնտեսության նախկին տնօրեն

3 հա

Բաբկեն Արշակյան

Մարզպետարանի ա ռողջապահության վարչության պետի` Լարիսա Մուրադյանի ամուսինը

3 հա

Մանվել Ղազարյան

 

24 հա

Ռազմիկ Ավետիսյան

 

3 հա

Արաքսի Ենգիբարյան

 

5 հա

Գնունի Եփրեմյան

 

2,25 հա

Սերյոժա Սաֆարյան

 

7 հա


«1992թ.-ին վիրավորվել եմ Ղարաբաղյան պատերազմում , դարձել առաջին կարգի հաշմանդամ: Մի տարի հետո ոտքի ելա: 1993թ.-ին անտառտնտեսության տնօրենը 2 հա հող տվեց, որ մշակեմ: Մեծ ծախսեր էր պետք` ընկերներ, բարե կա մներ օգնեցին, հավաքվեցինք, էդ հողի քոքերը հանեցինք: Ես էլ վատառողջ էի, արեցինք, հանեցինք ու ցորեն ցանեցինք: Ամեն տարի պարտադիր վարձերը մուծել եմ` հողինն էլ, ջրինն էլ: Մինչեւ իմացանք, որ Միսակն իմ հողն առել է: Իմ հողից չեմ հրաժարվել, ոչ էլ թողել եմ: Ամեն տարի էլ ցանում եմ, եթե ինչ-որ մեկը կարա գա , մտնի իմ հողի մեջ, թող գա մտնի: Մարդիկ առանց կռիվ ուզում են հողեր գրավել` Ղարաբաղ են մտել, ուր են մտել ... Իսկ էսօր էդ հող գնողներից մեկը ` մեծահարուստ Միսակը, որ իրա տղին բանակից փախցրել է, էգուց իրա էտ տղեն պիտի իմ երեխուն ասի արի իմ հողը վարի, ցանի՞: Տենց բան որտե՞ղ է գրած: Միսա կ չէ, ով ուզում է գա, էդ հողը չի վերցնի, ով ուզում է գա: Ես գրեցի Ռոբերտ Քոչարյանին, ասում են` արի ստորագրի, որ քո հարցը լուծել ենք: Ասում եմ` ի՞նչ հարց եք լուծել: Հիմա էլ հացահատիկ է ցանած: Հիմա էլ չեմ վճարում հարկերը, որովհետեւ ու՞մ վճարեմ: Ո՞նց կարան ինձ զոռով հանեն, ես էտ հողի համար քրտինք եմ թափել, ո՞նց կարան ինձ զոռով հանեն, եթե կարան , թող գան արյունով հանեն: Փառք Աստծո, փող չունենք, բայց շնորհք, հարգանք, թասիբ ունենք: Երկու երեխա ունեմ: Ես ուզում եմ իմ երեխեքին իմ քրտինքով պահեմ, ոչ թե սրանից - նրանից ողորմություն ուզեմ»,- ասում Է Ավետիք Հովհաննիսյանը:

Նորավանցիները համոզված են, որ այս հողերի պատմության մեջ մեծ դերակատարում է ունեցել մարզպետ Ալբերտ Հերոյանը. «Հա, էս լրիվ մարզպետի խաղերն են: Պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն ասաց, որ ինքը էսքան տարի դեպուտատ է եղել, լավ աշխատել է , ինքը չ ի էլ ուզ ել , մարզպետը կանչե լ է , ասել` 5,8 հա նվեր եմ տալիս»,- ավելացրեց Ավետիքը:

Սմբատ Աբգարյանը փորձել է դատական կարգով հասնել «արդարության վերականգնմանը»: «Մեզ դատարանում չեն էլ ուզում լսել, ամեն ինչ վճռված էր, դրանք ձեւական դատեր էին, ոչ մի ատյանում մեզ այդպես էլ չլսեցին, չնայած գործի մեջ կեղծ փաստաթղթեր կան, մենք ցույց էինք տվել աճուրդի կեղծ լինելը, կեղծ ստորագրությունները, բայց ոչ մի արդյունք»,- ասում է Սմբատը:

Նորավանցիները նամակ են գրել ՀՀ նախագահին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին: Բայց բոլոր նամակն ե ր ն ուղարկ վ ել են մարզպետ Հերոյանին, ու նա է պատասխանել դրանց: Այդ նամակներում մարզպետը գրել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում: Իհարկե, մարզի «թագավոր ն» այդպես էլ պիտի պատասխաներ: Տարիներ շարունակ այս պաշտոնյայի չարաշահումների մասին հրապարակվել են փաստեր, երեք տարի առաջ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը մի հեռուստահաղորդում էր պատրաստել, որտեղ ներկայացված է ին այդ չարաշահումներից մի քանիսը, բայց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել: Խորհրդային տարիներից զանազան պաշտոններ զբաղեցրած Ալբերտ Հերոյանը, որը երկու ամիս առաջ ազատվել է պաշտոնից, այսօր Արմավիրի մարզում ունի 400 հա հողատարածք: Մինչդեռ այդ հողեր ը պետք է պատկանեն գյուղացուն:

Աճուրդի փաստաթղթերից հստակ երեւում է, որ այն անցկացվել է օրենքի խախտումներով` խախտվել են աճուրդի անցկացման ժամկետները, հողերը մշակողները, ովքեր առաջնային իրավունք ունեն դրանք սեփականաշնորհելու, չեն տեղեկացվել եւ այլն : Սրանք բավարար էին, որ դատարանը այն չեղյալ համարեր, բայց դատարանը չէր կարող որոշում կայացնե լ ի վնաս ֆինանսների նախարարի կամ ԱԺ պատգամավորի:

Իսկ ամենաարտառոցն այն է, որ Արմավիրի մարզում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման ջրագծեր, ճանապարհներ, իսկ Արմավիրը այն մարզերից մեկն է, որտեղ պաշտոնյաները եւ օլիգարխները տիրացել են գյուղացիների հողերին: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա այդ հողատարածքներին:

Իսկ Նորավանի գյուղացիների հիմնական մասը շարունակում է մշակել իր վարձակալած հողերը:

«Էսօր էլ մարզպետարանում քմծիծաղով ասում են` գնա ինչ ուզում ես, արա: Ասում են` գիտե՞ս ինչ ես անում, դու ամբողջ կառավարության դեմ ես դուրս եկել, դու կարա՞ս: Մեկ է, դրանք մինչեւ ինձ չսպանեն, էդ հողերը չեն մտնելու: Ամբողջ գյուղը գիտի, որ էն մութ տարիներին ես գումարը մուծում էի, արտիզյանի թմբին գիշերը քնում էինք, որ ես ծառ ջրեի, էսօր իրենք եկել են, սեփականացրել են: Երկու տղա ունեմ, մեկը գարունը կգնա բանակ, մյուսն էլ հոգեկան հիվանդ է` ազատեցին բանակից:

Ի՞նչ են ուզում, հա՛մ գործ ունեն, հա՛մ պաշտոն, ամեն ինչ իրենց, հա՞: Մենք հող ենք մշակում, մեր երեխեքին ենք պահում: Եթե հողագործ են, թող պաշտոնը թողեն, գնան հող մշակեն: Էս դատավճիռները որ կարդում եմ, ոչ թե իրենց օգուտն է եղել, այլ ոնց որ իմ մահապատիժը լինի: Կյանքի գնով պահելու եմ: Ես իմ երեխաներին սոված չեմ թողնելու»,- ասում է Սմբատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter