HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100-ամյա վաղեմությունն ու մերօրյա դավադրությունը. ԱՕԿՍ

«Այն երբեք պետական սեփականություն չի եղել: Այդ հուշարձանը երբեք չի եղել պետական, ինձ բերեք ցույց տվեք՝ ե՞րբ է այդ շենքը պետական եղել»,- ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման մասին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի «Առավոտ» օրաթերթին տված պատասխանն առնվազն զավեշտալի է: Տիկին նախարարը հավանաբար տեղյակ չէ, մամուլի վերջին հրապարակումներին, որտեղ շատ մանրամասն ներկայացված էր ԱՕԿՍ-ի նախապատմությունը: Բայց դա ոչ թե նախարար Պողոսյանի բացթողումն է, այլ մամուլի գծով նրա պատասխանատուների անգործության հետևանքն է` ժամանակին «շեֆին» մամուլի հրապարակումները չզեկուցելը:

Ինչևէ, չենք զլանում մեկ անգամ ևս հիշեցնել «Հետքի» հետաքննությունը` մեջբերելով որոշ հատվածներ բառացի և հուսով, որ կթարմացվի մշակույթի նախարարի հիշողությունը: Մասնավորապես, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանի համաձայն, սակայն, ԱՕԿՍ-ի շենքը հետաքրքիր ճակատագիր ու մի քանի սեփականատեր է ունեցել: Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի /շեշտում եմ`պետական ունեցվածքի/ հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թվականին ստացել է իրավունքի պետական գրանցում: Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի մյուս տարածքները, մասնավորապես, շենքի՝ դեպի Աբովյան փողոցին հարող, 1-ին և 2-րդ հարկերը, ինչպես նաև դեպի նախկին Լալայանց փողոցին հարող նկուղային և 1-ին և 2-րդ հարկերը, որպես 1056.19քմ մակերեսով մեկ ամբողջական միավոր, 03.07.2001 թվականին սեփականության իրավունքով գրանցվել են «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անվամբ: Շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ դրանցով զբաղեցված 0.07945 հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, հաշվեկշռային արժեքի վերաբերյալ հասարակական կազմակերպության 22.06.2001թ. №Ա-97 տեղեկանքը, հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը և այդ որոշման հիման վրա 01.06.2001 թվականին կնքված հողօգտագործման պայմանագիրը: Հետագայում՝ 23.02.2007 թվականին կնքված պայմանագրով հասարակական կազմակերպությունը նշված գույքից դեպի նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածը օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը, որը իրավունքի գրանցումից հետո վերջինիս կողմից քանդվել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թվականին կնքված ավանդի ներդրման պայմանագրով ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում և ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ»: ԱՕԿՍ-ը հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին՝ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների։ ՀԿ-ի հիմնադիրները նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն են»:

Այսինքն, Հասմիկ Պողոսյան և Արմեն Սմբատյան անկրկնելի «զույգի» դավադիր ծրագրերի շնորհիվ, մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը` ԱՕԿՍ-ը սեփականաշնորհվել է 2001թ-ին: Այսքանը` հուշարձանի և Սմբատյան-Պողոսյան «դուետի» կեսագրության մի հատվածից: 

Հիշեցնենք նաև նախարար Հ. Պողոսյանի կենսագրությունից մեկ այլ դրվագ: Վերջինիս թեթև ձեռքով, ժամանակին հիմնադրվել է «Մշակույթների երկխոսություն» անվանումով ՍՊԸ, որի ղեկավար էր նշանակվել նախարարի ներկայիս տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Ասում են, որ տիկին նախարարը զանազան միջոցառումների նպատակով գումարներ էր փոխանցում ԱՕԿՍ-ին, որի նախագահի տեղակալն էր համատեղությամբ: Ապա, նորից իր` ԱՕԿՍ-ի նախագահի տեղակալի ստորագրությամբ, դրանք փոխանցում վերոնշյալ ՍՊԸ-ին: Սա, ի միջիայլոց, հիշեցման կարգով ……….

Հաշվի առնելով Մշակույթի նախարարի «խիստ ծանրաբեռնված» աշխատանքային գրաֆիկը, կարելի է հասկանալ, որ նա հավանաբար երբևէ չի թերթել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշումը՝ «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», որում նշված է, որ շենքն ընդգրկված է «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

Հատուկ ունակություններ պետք չեն, այն հուշարձանների պետական նշված ցանկում փնտրելու համար: Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենք-հուշարձանը այդ ցուցակում ընդգրկված է «բնակելի տուն և բուժարան՝ Հովհաննես Հովհաննիսյանի» անվանումով, գուցե սա է պատճառը, որ ոչ միայն հասարակ քաղաքացին, այլև տիկին Պողոսյանն է ընկել «բարեխիղճ» ոլորության մեջ ու ոչ թե նշված անվանումով, այլ ԱՕԿՍ-ով է փնտրում ու այդպես էլ չի գտնում այն պետական հուշարձանների ցուցակում: Իհարկե, դա չի նաշանակում, որ պետական ցուցակում ընդգրկված հուշարձանը չի կարող սեփականատեր ունենալ: Այս դեպքը, և ուրիշ շատ օրինակներ` վկա:

ՀՀ քաղաքացու իրավունքով, ուզում եմ տիկին նախարարին հարցնել, քանի անգամ են հուշարձանների սեփականատերերը հուշարձանների տարածքներում շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելուց առաջ, հավուր պատշաճի Ձեզ տեղեկացրել ու օրինական թույլտվություն ստացել: Քանի անգամ են ձեր մասնագետները, կարծիք հայտնել, այդօրինակ հարցերի դեպքում: Վստահ եմ` կդժվարանաք հիշել:

Հարգելի տիկին Պողոսյան, եթե խճճվում եք օրենսդրական ակտերում կամ ժամանակ չունեք օգտվելու համացանցի լայն հնարավորությունից, բարի եղեք գործի դնել ձեր անթիվ-անհամար խորհրդականներին կամ գոնե՝ ոլորտը համակարգող տեղակալի թանկ ժամանակը օգտագործել:

Ի դեպ պակաս ուշագրավ չէ նաև այն, որ երկարակյաց նախարար Հ. Պողոսյանը թվում է, թե պետք է գործեր ի շահ պետության, պահպանելով ու պաշտպանելով պետական շահը, պետական սեփականությունը, բայց արի ու տես, որ պետական պաշտոնյանին, արդեն որերերդ անգամ, հաղթում է փառամոլ տիկնոջ «փոքրիկ թուլությունը»: 

Մելիսա Վարդանյան

Մեկնաբանություններ (4)

President
Անհանգստանալու կարիք չկա, ամենի ինչ հաշված է ու նախատեսված. այս ճարպիկ տիկինը և Կորեյկոն ամբողջովին վերադարձնելու են ոչ միայն այդ շենքի, այլև նախարարության, դեսպանության, կոնսերվատորիայի գումարները, անկախ նրանից, թե աշխարհի որ կետում կգտնվեն: Ռեժիմը կործանվում է, իրենց պապաները հազիվ իրենց ունեցածը պահեն, այս մանր ոտքի հոգսերով զբաղվող չի լինի...
Միքայել
Երանի չէր ռեժիմը կործանվեր, լույս ծագեր Հայաստանի վրա, բացյ ո՞ւր ա, էս ա սահմանադրությունն էլ ժողովրդի արյուն թափելով կանցկացնեն ու տեռորը կշարունակեն էս անխիղճները։ Սրանք ազերներից վատն են
arma
մենք ..հաչ........ ենք, իսկ էդ տգետ և տգեղի քարավանը արդեն քանի տարի է հաջողությամբ գնում է, նա հիանալի յուրացրել է այդ ասացվածքը.
ԱՆՆԱ
ՔԱՄԵԼԻՈՆԱ ԴԱ ՇԱՏ ՏՀԱՃ ԿԵՐՊԱՐԱ< ՈՐ ՍՈՂԱԼՈՎ ԳՆՈՒՄԱ< ԴԱ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԲԱՆ ՉԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԷՆ ԷԼ. ԴՐԱՆԻՑ ԻՆՉ ՆԱԽԱՐԱՐ ԷՏ ԱՆԴՈՒՐ ՏԻՊԻՑ< ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՉՈՒՆԵՆՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter