Կիրակի, 23 սեպտեմբերի

Ջավախքցին պնդում է՝ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում հայ լինելու պատճառով



«Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Կոբելյանը դատական քաշքշուկի մեջ է Վրաստանի դատարանների հետ: Ասում է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում ազգային պատկանելության պատճառով:

Լյովա Կոբելյանը «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի 44 % բաժնեմասի սեփականատերն է: Մնացյալ 56 %-ը դեռևս պետական բաժնեմաս է: Այս ՍՊԸ-ի բալանսում Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին կա քարի 2 արտադրամաս (քարի արտադրամասերից այս պահին մեկն է աշխատում) և մեկ վարչական շենք: Սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք դեռևս չի կարող գրանցել:

Սեփականության իրավունքը գրանցող Վրաստանի ազգային գործակալությունը (Հայաստանում՝ Կադաստրը) հրաժարվում է ընկերության օբյեկտները գրանցել հանրային ռեեստրում սկսած 2010թ.-ից:

Լյովա Կոբելյանը պնդում է, որ ազգային գործակալությունը խախտում է Վրաստանի նախագահի թիվ 525 15.09.2007թ. հրամանը և ընկերության կանոնադրությունը: Այդ հրամանը սահմանում էր պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վերակազմավորումն ու սեփականության գրանցումը:  

Լյովա Կոբելյանի տվյալներով, Վրաստանում կա 323 ընկերություն, որոնք ձևավորվել են վերակազմավորման արդյունքով: «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչությունը» նույնպես ձևավորվել է վերակազմավորման հիման վրա:  Եվ միայն դրա սեփականության իրավունքն իր օբյեկտների նկատմամբ տակավին չի գրանցվել: Մնացյալ ընկերությունները վաղուց ավարտել են այդ գործընթացը:

«323 ընկերություններից միայն ես եմ, որ հայ տնօրեն եմ: Դրա պատճառով էլ չեն գրանցում: Սա ազգային խտրականություն է»,- վստահ է Լ. Կոբելյանը:

Լյովա Կոբելյանը բազմիցս դիմել է Վրաստանի հանրային ռեեստր, որպեսզի քարի  արտադրամասերն ու շենքը գրանցեն որպես ընկերության սեփականություն: Հանրային ռեեստրը տարբեր փաստաթղթեր է պահանջել ու անընդհատ ձգձգել է ու, ի վերջո, մերժել է գրանցումը՝ չանայած պահանջված բոլոր փաստաթղթերը տրամադրվել են:

Լյովա Կոբելյանն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է շրջանի դատարան: Նրա հայցը, սակայն, մերժվել է՝ հիմք ընդունելով հանրային ռեեստրի մերժումը:

«Ախալքալաքի շրջանային դատարանում իրականացվում է դատական թատրոն: Ախալքալաքի շրջանային դատարանում ես, որպես ընկերության նախագահ և փայատեր, ի վիճակի չեմ պաշտպանելու ընկերության սեփականության իրավունքը: Փաստորեն, Վրաստանի նախագահի հրամանն ի կատար չի ածվում»,- «Հետքին» պատմել է Լյովա Կոբելյանը:

Նա նշում է, որ դատական նիստերի ժամանակ իր կողմից ներկայացված ապացույցները, բացատրությունները, դիմումները և միջնորդությունները հիմք չեն ընդունվել, քանի որ իր գործով արդեն վճիռը կայացված էր, և Ախալքալաքի դատարանի դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ՝ վերադաս դատարանի դատավորների և մարմինների հովանավորությամբ:

«Ինձ մոտ հարց է առաջանում, ես՝ որպես ընկերության նախագահ և 44 % փայատեր, ուր պիտի դիմեմ, որպեսզի կարողանամ պաշտպանել ընկերության շահերը: Ուզում եմ իմանալ, արդյոք Ախալքալաքի շրջանային դատարանում կա արդարադատություն»,-ասում է նա:

Լյովա Կոբելյանը, այդուհանդերձ, շարունակում է պայքարել իր իրավունքների համար: Նա վերադաս ատյան է դիմել՝ բողոքարկելով Ախալքալաքի շրջանային դատարանի վճիռը:

Լյովա Կոբելյանը Վրաստանի իրավապահ մարմինների հետ «հակամարտելու» երկար տարիների փորձառություն ունի: Տարիներ առաջ նույն քարի արտադրամասերից բազալտ է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Այս և հասարակական ակտիվ գործունեությունը դուր չի եկել վրացիներին, և նրանք տնտեսական հետապնդում են սկսել Լ. Կոբելյանի նկատմամբ: Շուրջ 7 տարի տևած դատական քաշքշուկից հետո վրացական դատարանները նրան մասնակի արդարացրել և մասնակի տուգանել են:

Կոբելյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելով քրեական վարույթի տևողությունն ու արդյունքը: Նա պահանջել է նյութական՝ 1,1 մլն եվրո և ոչ նյութական փոխհատուցում:  

«Կոբելյանն ընդդեմ Վրաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վրաստանի իրավական համակարգը անարդարացիորեն խախտել է գործի՝ ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը: ՄԻԵԴ-ը նաև պարտադրել է Վրաստանի կառավարությանը 1000 եվրո փոխհատուցում տրամադրել Լյովա Կոբելյանին:  

Լյովա Կոբելյանն ասում է, որ ինքը Ջավախքում միակն է, որ իր իրավունքների խախատման համար դիմել է Եվրադատարան և շահել գործը: Չի բացառվում, որ քարի արտադրամասի՝ սեփականության իրավունքի գրանցման գործով ևս դիմի ՄԻԵԴ-ին: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Kevork21:51 - 28 նոյեմբերի, 2015
Never trust Georgians. They have always been our enemies, never turn your backs on Georgia, they will stab us in the back at the first opportunity, like they have before.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ