Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Զզվեցրի՛ք գերակա շահով (տեսանյութ)



Երեկ «Օրհուս» կենտրոնում քննարկում էր՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայանի հարեւանությամբ 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման վերաբերյալ: Քննարկումը դեռ չէր սկսվել, երբ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ասաց. «Քաղաքը կործանվում է՝ ինքնասպան է լինում»:

Քաղաքին հասցվող կործանիչ հարվածներից մեկն էլ այս հյուրանոցի կառուցման համար կատարվելիք շինարարությունն է: Կառուցապատման մասին որոշումը 2011 թ. հուլիսի 21-ին կայացրել է Երեւանի քաղաքաշինության խորհուրդը, իսկ ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում որոշել է 5853.25 քառ. մետր մակերեսով տարածքն առանց մրցույթի 99 տարի ժամկետով տրամադրել հյուրանոցի շինարարության համար:

Ըստ բնապահպանների եւ որոշ պաշտոնյաների խոսակցությունների՝ այն տրամադրվել է «Տաշիր գրուպ»-ին: Հիշեցնենք, որ Երեւանի Գլխավոր պողոտայի զբոսայգու տարածքը կրկին նույն նպատակով տրամադրվել էր «Տաշիր գրուպ»-ին, սակայն քաղաքացիական պայքարի հետեւանքով «Տաշիր գրուպ»-ը հրաժարվեց կառուցապատում իրականացնել: Այժմ, ինչպես ենթադրում են բնապահպանական կազմակերպությունների անդամները, կառավարությունը կատարում է «Տաշիր գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանին խոստացվածը՝ տրամադրելով նոր տարածք:

Բնապահպանները կառավարության որոշումը համարեցին ոչ իրավական, քանի որ քաղաքապետարանը որոշում ընդունելիս պարտավոր էր հաշվի առնել հանրային կարծիքը:  

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից Աշոտ Հակոբյանը ներկաներին հայտնեց, թե իրեն մտահոգում է բնապահպանների ակտիվությունը, ինչին ճարտրապետ, քաղաքաշինարար եւ երիտասարդ ակտիվիստ Սարհատ Պետրոսյանը հակադարձեց. «Ձեզ մեր ակտիվությունը չպետք է մտահոգի, այլ պետք է ուրախացնի: Մտահոգությունը բացասական իմաստ ունի»:

Աշոտ Հակոբյանը կոչով դիմեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ճարտարապետներին՝ քննարկումը քաոս չսարքել, այլ փորձել աշխատել քաղաքապետարանի հետ համատեղ. «Դուք միշտ ստվերն եք տեսնում. ստվեր փնտրողը կգտնի»:

Մինչ այդ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն արդեն նշել էր, որ Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատելն անհնար է. «Մենք առաջարկներ ենք ներկայացրել Հրազդան, Սիսիան, Էջմիածին քաղաքներին, նրանց հետ պատրաստվում ենք բնապահպանական ծրագրեր իրականացնել, բայց Երեւանի քաղաքապետարանի հետ ոչ մի կերպ համագործակցել չի ստացվում»:

Ճարտարապետներն ու բնապահպններն ամեն կերպ փորձում էին բացատրել գերատեսչությունների ներկայացուցիչներին, որ մետրոյի հարեւանությամբ հյուրանոցի կառուցումն ուղղակի պատուհաս կարող է դառնալ թե՛ քաղաքացիների, թե՛ կառուցապատողների եւ թե՛ գերատեսչությունների համար:  

Կարինե Դանիելյանը նույնիսկ զգուշացրեց, որ հյուրանոցի կառուցումը վտանգավոր է նախարարների կյանքի համար: «Այդ հյուրանոցի պատուհանները նայելու են 7 նախարարների պատուհաններին: Պատկերացնո՞ւմ եք, եթե մի ահաբեկիչ հայտնվի հյուրանոցում, ինչ կարող է լինել նախարարների հետ»,- կատակեց Դանիելյանը:

Իսկ քաղաքաշինության վարչության ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը փորձում էր պարզաբանել գերակա շահի մասին որոշ մանրամասներ, սակայն բնապահպանները նրան լսել չցանկացան:

«Զզվեցրիք գերակա շահով: Գերակա շահը պետք է հասարակության շահը լինի, ոչ թե ձեր շահը: Ձեր գերակա շահով Սեւանն էլ կկործանեք, Երեւանն էլ, Հայաստանն էլ: Սա ի՞նչ ցինիզմ է, մարդիկ Հայաստանից գնում են, դուք շարունակում եք, թե գերակա շա՞հ: Չե՞ք ամաչում, եկել ու մեզ գերակա շահի մասին եք ասում: Էլ չխոսեք դրա մասին, մենք չենք ուզում լսել»,- այլեւս համբերություն չունենալով՝ նշեց «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ նախագահ Գոհար Օգանեզովան, ինչն ուղեկցվեց ծափահարություններով:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. karen11:44 - 11 նոյեմբերի, 2011
Woghjuneli e Gohar Oganezovayi artahaytutyun@! Erevanum hamarya te azat tegh 4i mnacel! Bolor@ tsaxecin u tvecin vardzakalutyan! Isk ayd "Geraka shahn" edpes el 4i shoshapvum ev wo4 mi wolortum! Kam el ov gite, guce ayd "shahi" bacakayutyan jamanak el aveli vat liner?
2. Ռ. Ս. Բ.11:48 - 11 նոյեմբերի, 2011
Այ մալադեց բնապահպանների, նման հարցերում ''տժժցրեք'', թե չէ ընգնում էք դելֆինների հետեվից որ ինչ:
3. Նուբար Ասլանյան19:10 - 12 նոյեմբերի, 2011
ՀԿ Նախագահ ,մեծարգո Կարինե Դանիելյան:Թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ ահաբեկչության հարցով Ձեր վարկածի պարագայում,քանզի ամենամեծ ահաբեկիչները հենց իրենք, նախա րարներն են եւ մյուս պետական ատյանները :Եւ քանի որ «սեւին օճառն ինչ անի,խեւին էլ խրատը»,ուստի այդ խեղճ ու կրակ ահաբեկիչը հանդիպելով ՕՐԵՆՔՈՎ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ, պիտի ներողություն խնդրի ներխուժման համար ու հեռանա... : Փոր ու փոշման...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ