HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուրիշներին քննադատելը ինքնագովազդի ամենաէժան տարբերակն է»

«Հետքը» նամակ է ստացել, որի հեղինակները հանդես են եկել իբրև «մի խումբ հայ ավիատորներ»՝ չբացահայտելով իրենց անունները: Նամակը հրապարակում ենք ամբողջությամբ: Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը:   

Այս տարվա հոկտեմբերի 9-ից հայկական մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ «Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի իրականացնել ավիափոխադրումներ: Առաջին հայացքից կարծես թե շատ դրական փաստ է մեր ավիացիայի ներկայիս տխուր վիճակի ֆոնին: Սակայն, երբ պարզվեց, որ տվյալ ավիաընկերության հիմնադիրը և տնօրենը Արարատ Սարգսյանն է, առաջացավ կասկած հերթական բլեֆի վերաբերյալ:

Արարատ Սարգսյանին լավագույնս բնութագրում է իր իսկ  արտահայտությունը. «Ինչ հայ, ես հայերի հետ չեմ աշխատում, հայերի մեջ շատ են քցողները»:

Ահա բարոյական այսպիսի կերպարով մարդն է փորձում ներթափանցել հայկական ավիաշուկա:

Գումարած դրան, որ լուրջ պարտապան է: Ըստ «Armenia Travel»-ի գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանի վկայության՝ Արարատ Սարգսյանը թող իր պարտքերը մարի, հետո նոր ավիաընկերություն բացի:

Ա. Սարգսյանը հայտարարել է, որ իր ընկերությունը բացվել է 2014 թ.-ին: Ավարտին է մոտենում 2015 թվականը, և բնականաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է նա շուրջ 2 տարի առաջ հայտ ներկայացներ ՀՀ ՔԱԳՎ՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու նպատակով:

«Ես երկու օր առաջ արտոնագիր եմ ստացել Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունից (ՔԱՊՎ) և հիմա զբաղված եմ ICAO-ում անդամակցություն ձեռք բերելով` թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունենալու համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սարգսյանը։

Նախ՝ ՀՀ-ում ավիափոխադրումների ոլորտը կարգավորող լիազոր մարմինը կոչվում է ոչ թե ՔԱՊՎ, այլ ՔԱԳՎ՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Մեր ունեցած տեղեկությամբ՝ ՔԱԳՎ-ն վերը նշված ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական (Air Operator Certificate)՝պայմանական հիմունքներով, մինչև որ չշտկվեն իր կողմից հայտնաբերված թերությունները, այլ ոչ թե արտոնագիր, ինչպես ի լուր ամենքի հայտարարում է իրեն արդեն արտոնյալ կարգավիճակում զգացող ընկերության տնօրենը:

Բանը հասնում է զավեշտի, երբ ընկերությունը հայտարարում է կանոնավոր թռիչքների իրականացման հստակ ժամկետների մասին՝ չունենալով նույնիսկ IATA-ի կողմից հատկացվող երկնիշ և եռանիշ կոդերը, առանց որոնց հնարավոր չէ կատարելու միջազգային ավիափոխադրումներ:

ՔԱԳՎ պաշտոնական կայքէջում բացակայում են «Ալյանս» ընկերության հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն: Այնինչ արտոնագիր ունեցողը դրանք պետք է ամրագրի:

Արարատ Սարգսյանի հայտարարությունը, թե հայտ է ներկայացվել էկոնոմիկայի նախարարություն՝ ավիափոխադրողի մասնագիր ստանալու նպատակով, նույնպես կասկածելի է: Համաձայն տվյալ հայտի ներկայացման կարգի՝ այն պետք է ներկայացվի շահագործման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան 20, և ոչ շուտ, քան 30 օր առաջ: Հաշվի առնելով, որ նշված ավիաընկերությունը նախատեսում է չվերթների իրականացումը սկսել 2016 թ.-ի մարտի 27-ից, ապա մեր կասկածը հարկ չկա հիմնավորելու: Ի դեպ, «Տարոն-Ավիա» ավիաընկերության մասնագետների և էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի ու նախարարության տնտեսական կարգավորման վարչության աշխատակիցների միջև բավականին բովանդակալից քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ նշված ժամկետային սահմանափակումը վերացնելու վերաբերյալ, ինչը, հուսով ենք, կկիրարկվի մոտ ժամանակներս, այդպիսով հնարավորություն ընձեռնելով «Տարոն-Ավիա» ավիաընկերությանը ներկայացնելու համապատասխան հայտ՝ թռիչքներ իրականացնելու «Ամառ-2016» աերոնավիգացիոն շրջանից սկսած:

Որպես իր կողմից շահագործվելիք «SSJ 100-95LR» տիպի օդանավերի առավելություն՝ Ա. Սարգսյանը նշում է, որ դրանք արտադրվել են 2014-ին և ընդամենը 6 ժամվա թռիչք ունեն: Կարծում ենք՝ ավիացիայի բնագավառի մասնագետները և շարքային քաղաքացիները կհամաձայնեն այն մտքին, որ 6 ժամվա թռիչքը ոչ թե առավելություն է, այլ մեծ թերություն նոր տիպի օդանավի համար (հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ տվյալ տիպի օդանավերի շահագործման ընթացքում տեխնիկական թերություններ կարող են հայտնաբերվել): «SSJ 100-95LR» տիպի օդանավերի վառելիքի ծախսի վերաբերյալ պրն. Սարգսյանի պնդումները (միջինը 1,5 տոննա՝ թռիչքի 1 ժամվա ընթացքում) նույնպես չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես երևում է http://superjet100.info/wiki:rashod-topliva հղումից, այդ տիպի օդանավի ավիավառելիքի ծախսը կազմում է միջինը 2,290 տոննա՝ թռիչքի 1 ժամվա ընթացքում: Զարմանալի է, թե ինչպես կարող է ավիացիայի բնագավառում 40 տարվա փորձ ունեցող ավիատորը չտիրապետել նման տեղեկատվության և ավիափոխադրումների ոլորտի 2 տարվա ուսումնասիրություններից հետո ընտրել հենց նման տիպի օդանավ:

Նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ինքը ոչ մի մրցակից չունի և չի էլ կարող ունենալ, այդ թվում` ինքը «Տարոն Ավիան»՝  ամբարտավանության կնիք են կրում: Խոսենք փաստերով. այս իրավիճակում «Տարոն-Ավիա» ընկերությունն իր տրամադրության տակ ունի 3 հատ «Boeing 737-500» տիպի օդանավ, որոնք վերջերս անցել են տեխնիկական սպասարկման ծրագրով նախատեսված բոլոր  անհրաժեշտ փուլերը, ներկվել և ունեն թռիչքային պիտանելիության վկայականներ: Դատել օդանավերի մասին՝ առաջնորդվելով միայն դրանց արտադրության տարեթվից և հաշվի չառնելով թռիչքային ռեսուրսները նույնպես մասնագիտական թերություն է:

Իսկ ինչ վերաբերում է «Տարոն-Ավիայի» անձնակազմի մասնագիտական հատկանիշների և գիտելիքների մասին նրա հնչեցրած գնահատականներին, ապա հավաստի վկայություններ կան, որ Ա. Սարգսյանը տարբեր մարդկանց միջնորդությամբ փորձեր է արել իր ընկերություն ներգրավելու «Տարոն-Ավիայում» աշխատող փորձառու մասնագետներին: Դատեք ինքներդ:

Տխուր եզրակացությունների է հանգեցնում նրա ինքնագովազդը ուրիշների հաշվին, ըստ նրա՝ «Տարոն-Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը տնտեսագիտական և կոմերցիոն առումով այդքան ունակություններ չունի, որ մրցակցի իր հետ: Դե, իհարկե, Գ. Պապիկյանը չի կարող փաստերը գլխիվայր շուռ տալ և ահռելի պարտքեր կուտակել: Իսկ իրականությունն այն է, որ Պապիկյանը իր տրամադրության տակ ունի 3 օդանավ և հաջողությամբ է շահագործում դրանք արտերկրում: Նրա իրականացրած կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ «Տարոն-Ավիայում» այս պահին աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները: 

Թող ընթերցողն իմանա, որ Գառնիկ Պապիկյանը նախկինում եղել է ռազմական օդաչու: Ավարտել է Եյսկի բարձրագույն ավիացիոն ուսումնարանը: Տիրապետում է 12 տիպի ռազմական և քաղաքացիական օդանավերի: «Կարմիր աստղի» շքանշանակիր է: Անցել է աֆղանական պատերազմի միջով: Հայաստանում ռազմական ավիացիայի կայացման առաջամարտիկներից  է: Ընդգծված հայրենասիրությամբ, ավիացիային ամբողջովին նվիրվածությամբ, մարդկային բարձր հատկանիշներով և կառավարչի տեսանելի կարողություններով օժտված այդ անձնավորության կարիքը մեզանում հույժ անհրաժեշտ է, և դա չեն ժխտում նրանք, ում համար ավիացիայի կայացումը հայրենի պետության կայացման բաղադրիչն է:

Մեկնաբանություններ (3)

Ալբերտ
ամեն ինչ համապատասխանում է իրականությանը, հրաշալի է
Դավիթ
Սույն թվականի նոյեմբերի 19-ին «Hetq.am»-ը հրապարակել էր «Ուրիշներին քննադատելը ինքնագովազդի ամենաէժան տարբերակն է» վերնագրով նամակը՝ սկզբից և եթ ընթերցողին ծանուցելով՝ «Նամակը հրապարակում ենք ամբողջությամբ: Պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ նամակն արդեն իսկ արձագանք է «Hetq.am»-ի «Ալյանսի» ղեկավարը Հայաստանում իրեն մրցակից ավիաընկերություն չի տեսնում» հրապարակմանը, ապա որևէ մեկին կասկածի տեղիք չի կարող տալ հանրության մեջ ծանրակշիռ հեղինակություն վայելող այդ կայքի անաչառությունը և անկողմնակալությունը: Կարծում եմ 2-րդ և 4-րդ մեկնաբանությունների «հեղինակները» չեն ծանոթացել, կամ էլ ձևացնում են, թե տեղյակ չեն սույն թվականի նոյեմբերի 12-ին Hetq.am էլեկտրոնային կայքէջում հրապարակված (http://hetq.am/arm/news/63668/alyansi-xekavary-hayastanum-iren-mrcakic-aviaynkerutyun-chi-tesnum.html/) հոդված-հարցազրույցին: Խորհուրդ եմ տալիս, որ նշված օգտատերերը ամբողջությամբ ծանոթանան վերը նշված հոդվածին և կարծում եմ նրանց համար արդեն իսկ պարզ կդառնա անձնական խնդիրների, նախանձի, շահադիտական գզվրտոցի, չուզողության, պրովոկացիայի, ինչպես նաև նենգափոխված և խեղաթյուրված փաստերի սկզբնաղբյուրը: Հետաքրքիր է թե ինչու՞ այդ ժամանակ դուք ոչ մի մեկնաբանություն չարեցիք: Բոլորս պետք է հարգենք ազատ մրցակցության պայմանները: Հակառակ դեպքում կարող է հետևել «Սողոմոնյան որոշում» (ոչ քեզ, ոչ ինձ):
Վահե Հարությունյան
Տեսանելի է պրոֆեսիոնալ մոտեցում: Փաստերը թերևս ծանրակշիռ են և մատնանշում են էական բացթողումներ Արարատ Սարգսյանի գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter