HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Գորիսի նախկին քաղաքապետի ընկերության արդյունքը

ՀՀ կառավարության հուլիսի 2-ի որոշմամբ՝  մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար 2015թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել  է 4 մլրդ 395 մլն դրամ, որից 300 մլն դրամը՝ Սյունիքի մարզին:

Սյունիքին հատկացված գումարից մոտ 93 մլն 444 հազար դրամը հատկացվել է Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի բակերի բարեկարգման, ասֆալտապատման և Վ. Մամիկոնյան թաղամասի բարեկարգման և ասֆալտապատման շինարարական աշխատանքների համար:

Վանքի տափ թաղամասի բարեկարգման պայմանագրային արժեքը կազմում է 38,711,600 դրամ, իսկ Վ. Մամիկոնյան թաղամասինը՝ 54,732,586 դրամ: Շինաշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 5-ը:

Երկու պայմանագրերն էլ կնքվել են հոկտեմբերի 26-ին՝ առանց հայտարարություն տարածելու բանակցային ընթացակարգով: Սյունիքի մարզպետարանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայրենի քաղաքի ասֆալտապատման աշխատանքների մի մասը վստահել է «Ոսմար» ՍՊԸ-ին, որը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ընտանիքին:

«Ոսմար» ՍՊԸ-ի 40% բաժնեմասը պատկանում է նախկին քաղաքապետին, 25%-ը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ 35%-ը՝ վերջինիս եղբորը՝ Արթուր Մարտիրոսյանին, ով 2015թ. հուլիսից հանդիսանում է նաև ընկերության տնօրենը: Մինչ այդ ընկերությունը ղեկավարել է անձամբ Նելսոն Ոսկանյանը:

Այս ընկերությունը նախորդ տարիներին ևս ընդգրկվել է քաղաքի շինաշխատանքներում: Օրինակ՝ 2013թ. 14,281,344 մլն դրամով ասֆալտապատել է Գորիսի Ա. Սաթյանի անվան ճանապարհը, 31,792,766 դրամով դարձյալ Վանքի տափ թաղամասը և այլն:

Մամուլը բազմիցս գրել է, որ Նելսոն Ոսկանյանը լավ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Այդ մասին չհերքեց նաև Ն. Ոսկանյանը:

«Ես միշտ էլ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել՝ ակսած մեր հանրապետության առաջին նախագահից ավարտված ամենահեռավոր գյուղացու ամենաաշխատավոր մարդու հետ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Նելսոն Ոսկանյանը:

Նախկին քաղաքապետն ասաց, որ ինքը «Ոսմար» ՍՊԸ-ում բաժնետեր է և տեղյակ չէ ընթացիկ աշխատանքներից, իսկ թե ինչու է Սյունիքի մարզպետարանը Գորիսի ճանապարհների վերանորոգումը վստահել «Ոսմար»-ին, Ն. Ոսկանյանը ասաց հետևյալը.

«Նելսոն Ոսկանյանը եղել է քաղաքապետ և փոքր փոսային աշխատանքները, որ որոշները չեն արել, Ոսկանյանը լինելով բաժնետեր այդ աշխատանքները ստիպված կատարել են: Ես պիտի գնայի Սիսիանից բերե՞ի: Ուրիշներն էլ են անում, միայն «Ոսմարը» չէ: Քանի որ հրատապ է բոլորի հետ բաժանված է: Մեր մոտ ամեն ինչը՝ թե մրցութային տեսանկյունից, թե այլ տեսանկյունից օրենքով է կատարվում»,-ասաց Նելսոն Ոսկանյանը:

Նշենք, որ Նելսոն Ոսկանյանը նախորդ տարիներին մի քանի «խառը» պատմությունների մեջ է հայտնվել: Մասնավորապես՝ 2014թ. նոյեմբերի 24-ին նախաքննության մարմինը Նելսոն Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (յոթ դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` Գորիսի քաղաքապետ, գործելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 13-րդ կետով և ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդգրկված չլինելով հողամասն անհատույց ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակում, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

2005թ. հոկտեմբերի 7-ին Ն. Ոսկանյանը առաջարկությամբ դիմել էր Գորիսի համայնքի ավագանուն` Գորիս քաղաքի վարչական տարածքի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող և 8.979.000 դրամ շուկայական արժեք ունեցող 900քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար, որից հետո համայնքի ավագանու որոշման և միայն իր մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացրել է հիշյալ հողատարածքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին` նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1 քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը` համայնքի օրինական շահերին պատճառելով էական՝ 729.000 ՀՀ դրամ վնաս:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հունվարի 1-ին Նելսոն Ոսկանյանին մեղավոր էր ճանաչել և նշանակել պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել 4 տարի ժամկետով և տուգանք` 300.000 դրամի չափով: Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել էր օրինական ուժի մեջ:

 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մարդու սֆաթից հեշտ է պատկերացնել թե մեջն ինչ կա: ԱՄՆ - ի նորընտիր պրեզիդենտներից մեկը կարգադրում է մինիստրներից մեկին ազատել աշխատանքից, ասելով՝ դրա դեմքն ինձ հավատ չի ներշնչում: Զարմացած հարցնում են, թե խեղճ մարդն ինչ անի իր դեմքի հետ: Ասում է՝ սխալվում եք, չափահաս մարդը պատասխանատու է իր դեմքի համար: Մարդկանց դեմքերին ուշադիր նայեք ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter