HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

15 համայնքների աղբահանման բրենդը` կանաչ եւ սեւ պոլիէթիլենային պարկերից անցում աղբի վերամշակմանը

«Վեդի միջհամայնքային միավորման» մեջ համախմբված Արարատի մարզի Արարատի վարչատարածքի 15 համայնքներն արդեն 5 տարի աղբահանումը համատեղ են իրականացնում: Եվրոպայի միությունը ընկերության կազմավորմանն աջակցելու նպատակով 2010 թ.-ին 200 հազար եվրո դրամաշանորհ է հատկացրել: Համատեղ աղբահանման ծրագիրն իրականացնելու համար եւս 20% ֆինանսական ներդրում են կատարել միավորման մեջ ընդգրկված համայնքները:

Այդ գումարով միությունն ստեղծել է «Մաքուր երկիր» ՍՊԸ-ն, 8 միավոր տեխնիկա է ձեռք բերել՝ աղբատար մեքենաներ, աղբամաններ եւ այլն: Դաշտաքար համայնքի վարչական սահմանում 5 հա հողատարածք է հատկացվել աղբավայր հիմնելու համար, ծրագրի բյուջեից 21 մլն դրամ հատկացվել է տարածքը փորձաքննելու, ցանկապատելու, վարչական շենք կառուցելու, հոսանք, ջուր անցկացնելու համար եւ այլն:

«Մաքուր երկիր» ՍՊԸ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որն աղբը պոլիէթիլենային պարկերով է հավաքում: «Բնակչությանը կանաչ եւ սեւ պարկեր ենք բաժանում· կանաչում՝ լցնում են թուղթը, պոլիէթիլենն ու պլաստիկը, իսկ սեւում՝ խառը կենցաղային աղբը: Աղբը հավաքում ենք հստակ սահմանված ժամանակացույցով: Աղբատար մեքենաները համայնքներից յուրաքանչյուրում շրջում են շաբաթը մեկ-երկու անգամ, աղբը հավաքում են ու փոխարենը նոր պարկեր են տրամադրում: Վեդի քաղաքում ամեն օր է աղբավաքում իրականացվում»,- ներկայացնում է «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը:

Ընկերությունը կենցաղային աղբը տեսակավորում է, սակայն այն չի վերամշակվում: Յ. Հարությունյանի ասելով` մի քանի անապահով ընտանիք օգտվում է այդ աղբավայրից, պոլիէթիլենը նրանց համար են առանձնացնում, որպեսզի վաճառեն:

Անցնող տարիների ընթացքում աղբահանության որակը միավորման մեջ ընդգրկված համայնքներում որոշակիորեն բարելավվել է, սակայն այն դեռեւս գոհացնող չէ: «Հետքի» տեսախցիկն այդ համայնքներից մի քանիսում աղբի կուտակումներ է գրանցել: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ միջհամայնքային միավորման մեջ ընդգրկված համայնքներում վիճակը շահեկանորեն տարբերվում է Արարատի մարզի մյուս համայնքներից: Միաժամանակ, Դաշտաքար համայնքում կառուցված ընդհանուր աղբավայրն այն բացառիկներից է, որ ցանկապատված է, այստեղ աղբը չեն այրում, հողով ծածկում են:

«Երբեմն ինքնաբռնկումներ լինում են, բայց մշտական ծխացող աղբավայր չէ սա: Գուցե անզգույշ կամ՝ դիտավորությամբ էլ է լինում, այդ կերպ երկաթ հավաքողները հեշտացնում են իրենց գործը»,- բացատրում է ընկերության տնօրենը:

Համայնքների ղեկավարներից ոմանք հաստատում են, որ առանձին չէին կարող աղբահանում իրականացնել: Նույնը պնդում է նաեւ Յուրա Հարությունյանը ասելով· «Աղբի կառուցվածքը շատ բարդ է, գյուղական աղբը այլ թեմա է, քաղաքայինն՝ այլ:  Մեկ առանձին համայնք չի կարող այսպիսի աղբահանում իրականացնել, հիմա եթե տարեկան 1 մլն դրամ են վճարում մեր ընկերությանը, առանձին կատարելու դեպքում 2 մլն դրամով չեն կարող նման ծառայություն մատուցել»:

Համատեղ աղբահանում իրականացնելն ընկերությանը զարգանալու հնարավորություն ընձեռո՞ւմ է, մեր հարցին, տնօրենը պատասխանում է, որ ամսական  հավաքագրվող 4,2-4,5 մլն դրամը ինքնածախսածածկումն է ապահովում:

«Բյուջեի 15%-ը հատկացվում է բնակչությանը տրամադրվող պոլիթէլենային պարկերին, 2,2-2,5 մլն դրամ հատկացվում է աշխատավարձին, մնացածը` տեխնիկայի պահպանումն ու շահագործումն է ապահովում: Ընկերությունը զարգացնելու համար գումար չի մնում, մենք աշխատում ենք ծախսերը կրճատել, բայց եկամուտ չենք կարողանում ավելացնել»,- ասում է տնօրենը:

Նրա հաշվարկով` ծառայության որակը բարելավելու համար մեկ շնչից պետք է 250-280 դրամ գանձել, սակայն բնակչության սոցիալական վիճակը նկատի ունենալով ձեռնպահ են մնում վարձավճարը բարձրացնելուց:

 2012 թ·-ից աղբի վարձավճարը սահմանել են ըստ շնչի՝ մեկ շնչի համար 150 դրամ են գանձում, իսկ մինչ այդ՝ մեկ ընտանիքը 500 դրամ էր վճարում: «Կան համայնքներ, որտեղ շարունակում են ընտանիքից 500 դրամ գանձել, իսկ տարբերությունը ընկերությանը համայնքային բյուջեից են վճարում, որովհետեւ ընկերությունն արդեն պայմանագիրը համայնքների հետ է կնքել»,- նշում է տնօրենը:

Բնակչությունից վարձավճարների գանձումը նույնպես գոհացուցիչ չի համարում` հավաքագրման մակարդակը ցածր է: Ասում է, որ սահմանված գումարը փոքր է` մեկ շնչին բաժին ընկնող գումարը միջինը կազմում է 100, նույնիսկ 80 դրամ, բայց իրավաբանական անձանցից գանձվող գումարների հաշվին կարողանում են տարբերությունը հավասարակշռել:

«Շատերն ասում են, թե պարկեր մի բաժանեք, որպեսզի էժան լինի, բայց մենք դրանից չենք հրաժարվում, որովհետեւ սա մեր բրենդն է, մեր որակը, մենք պետք է մի քայլ առաջ գնանք»,- ասում է նա: Միաժամանակ նշում է, որ իր պատկերացրած քայլը բնավ վարձավճարը բարձրացնելը չէ, այլ որակը պահպանելը:

«2011 թ.-ից հասկացա, որ մենք չենք կարող եղածն այս աղբավայրում տեղավորել: Մեր նպատակն այն է, որ աղբը աղբավայրում չհավաքվի, այլ վերմաշակվի»,- ասում է «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրենը:

Ընկերությունն այժմ վերամշակման արտադրամաս է կառուցում եւ առաջին փուլի համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից 2013 թ·-ին 50,000 դոլար դրամաշնորհ են ստացել: Այդ գումարով հողատարածք են ձեռք բերել Վեդի քաղաքում աղբի վերամշակման արտադրամաս կառուցելու համար: Շինությունն արդեն կիսով պատրաստ է, հոսքագիծ են տեղադրել, որով անցնող պարկերից աղբը կտեսակավորվի ու կվերամշակվի:

«Ապագայում ծրագրում ենք գործարանի դիմաց ջերմոց կառուցել, աղբի վերամշակումից ստացված գազ ստանալ ու դրանով ջերմոցը ջեռուցել»,- ներկայացնում է ընկերության տնօրեն Յուրա Հարությունյանը: Սա դեռեւս ծրագիր է, որն իրականացնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ իրականություն դառնալու դեպքում, այն Հայաստանում առաջին աղբամշակման արտադրամասը կլինի, որով կլուծվի աղբավայրերից ազատվելու հարցը: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի, Սառա Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter