HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուջե 2016. ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման ծախսերի փոխհատուցման համար 100 մլն դրամ

Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկումները մոտենում են ավարտին: Ընդդիմադիր պատգամավորները վերջին օրերին քննադատեցին բյուջեի նախագիծը, սակայն ապարդյուն: Խորհրդարանական մեծամասնությունը գոհ է բյուջեից և արդեն կանխատեսելի է, թե ինչ տեսք է ունենալու քվեարկության արդյունքները:

Դեմ քվեարկող պատգամավորներն արդեն հայտարարել են, որ բյուջեում որևէ հուսադրող կետ չկա, իսկ շարունակաբար պետական պարտքի կուտակումը արկածախնդրություն է:

2016թ-ին օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընդհանուր գումարը կկազմի 180.4 մլն դոլար, կամ 87.15 մլրդ դրամ: Կառավարության համաֆինանսավորման գումարը այդ վարկային ծրագրերին կկազմի շուրջ 28.3 մլն դոլար, կամ շուրջ 13.7 մլրդ դրամ:

Թեև սոցիալ-տնտեսական ոլորտներում էական առաջընթաց չի նկատվել գալիք տարվա պետբյուջեում, առանձին տողերով նույնիսկ գումարներ են կրճատվել, սակայն պաշտոնյաների բարեկեցության, հարմարավետ ու վերանորոգված պայմաններում աշխատելու համար գումարներ միշտ էլ գտնվում են: Կառավարությունը ջանք չի խնայում գոհացնել նաև ռուսական կողմին, իհարկե՝ պետբյուջեի հաշվին:

Մասնավորապես՝ ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար 2016թ. բյուջեով նախատեսվել է 100 մլն դրամ: Նույն գումարն է հատկացվել նաև նախորդ տարի, իսկ 2014-ին՝ մոտ 84 մլն 244 հազար դրամ:

Տեղեկացրել էինք, որ ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից  ստացված վնասի դիմաց արդեն վեց տարի տրվում է փոխհատուցում: 2016թ. բյուջեի նախագծով գումարի չափը կազմում է 349 մլն 916 հազար դրամ: Նշենք, որ 2011-ին  փոխհատուցման գումարի չափը կազմում էր 167 մլն դրամ, իսկ 2014թ-ին՝ 536.5 մլն դրամ, 2015-ին՝ 588.4 միլիոն դրամ: Փոխհատուցումը նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով՝ ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կրած կորուստների դիմաց:

2016թ. բյուջեում գումարներ են նախատեսվել նաև վարչական օբյեկտների շինարարության համար: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի շենք-շինությունների հիմնանորոգման համար 2016թ. բյուջեով հատկացվելու է 208 մլն դրամ: 2014թ-ին նույն նպատակով հատկացվել էր 220 մլն, իսկ 2015-ին՝ 135 մլն դրամ:

«ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքերի և շինությունների հիմնանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար նախատեսվել է 200 մլն դրամ:

90 մլն դրամ էլ հատկացվելու է Ազգային ժողովի վարչական շենքի արտաքին պատուհանների, տնտեսական մասնաշենքի, պոմպակայանի, ավտոտնտեսության, ջրամատակարարման և կոյուղու համակարգի հիմնանորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար:

Նախատեսվում է, որ 35,292.400 դրամով Բրյուսելում գնվելու է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համար ծառայողական շենք:

Փոխարենը անփոփոխ է մնացել զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված գումարի չափը՝ 500 մլն դրամ: Նույն գումարն էր հատկացվել նաև 2015-ին, իսկ 2014թ-ին՝ 499 մլն 800 դրամ դրամ: Այսինքն 3 տարիների ընթացքում այս նպատակով գումարի չափն ավելացել է ընդամենը 200 հազար դրամով: Իսկ Երևան համայնքին 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածությունից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ընդհանրապես չի նախատեսվում: Այդ նպատակով 2 մլրդ դրամ հատկացվել էր 2015թ. բյուջեից:

9%-ով կրճատվել է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության, 17.3%-ով՝ զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության, 22%-ով՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գումարի չափերը, իսկ 0.1%-ով ավելացել է անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների գումարը:

 

Մեկնաբանություններ (1)

Alec
Subsidizing the railway is absolutely ridiculous--let Russian Railways CJSC sell the subsidiary if its not profitable. The whole idea of privatizing a government owned company is to remove the liability and open up the company to greater investment/efficiency. However $200,000 USD is a small price to pay to have access to a dozen MIG 29s; if you ask me the Armenian Taxpayer is getting a steal on this one.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter