HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կանադական ընկերությունը որոշել է ուսումնասիրել Հայաստանի ընդերքը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա «Սենտերա Մայնինգ» ընկերության՝ «Կապույտ» հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Ինչ է պատրաստվում Վայոց Ձորում ուսումնասիրել այս ընկերությունը՝ նախարարությունը չէր հստակեցրել: Պարզ չէր նաև, թե ինչ է «Կապույտ»-ը, և Վայոց Ձորի որ տարածքում է իրականում կատարվելու հանքերևակման ուսումնասիրությունը:

«Սենտերրա մայնինգ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2014թ.-ին: Ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի ընկերության հիմնադիրը Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում գրանցված «Սենտերրա Էքսփլորեյշն ԲՎ» (Centerra Exploration BV) ընկերությունն է:

«Հետք»-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետ Զառա Զուռնաչյանը ասաց, թե «Կապույտ»-ը Վայոց Ձորի մարզում գտնվող այն տեղամասն է, որտեղ «Սենտերրա մայնինգ» ընկերությունը ցանկանում է կատարել հանքերևակման ուսումնասիրությունը: Վայոց Ձորի մարզպետարանից էլ ուղղեցին, թե իրենք Կապույտ անունով համայնք չունեն.իրականում ուսումնասիրությունը կատարվելու է Արտավան և Գոմք համայնքներում: «Կապույտ»-ը ծրագրի պայմանական անունն է»,- ասաց Վայոց ձորի մարզպետի օգնականը:

Մյուս ավելի կարևոր հարցին՝ ինչ է պատրաստվում ուսումնասիրել «Սենտերրա Մայնինգ» ընկերությունը մարզում՝ բնապահպանության նախարարության աշխատակից Զառա Զուռնաչյանը պատասխանեց՝ բազմամետաղ ուսումնասիրություն: «Դեռևս տվյալներ չկան, մետաղական հանքավայր է, հիմա տեսնենք, թե ինչ դուրս կգա»,- նշեց փորձագետը:

Հայաստանյան «Սենտերրա Մայնինգ»-ի հիմնադիր «Սենտերրա Էքսփլորեյշն ԲՎ»-ի գործունությունը, ըստ Bloomberg գործակալության, ոսկու և արծաթի հանքերի հետազոտությունն է:

«Սենտերրա Էքսփլորեյշն ԲՎ»-ն իր հերթին դուստր ձեռնարկություն է, որի հիմնադիրը Կանադայում գործող Centerra Gold ընկերությունն է: Սա նշանակում է, որ հայաստանյան ընկերության արմատները իրականում գնում են ոչ թե  Հոլանդիա, այլ Կանադա՝ ի դեմս ոսկու արդյունահանմամբ զբաղվող խոշոր Centerra Gold կանադական ընկերության:

Արտաքին գործերի նախարարությունը 2015թ. սկզբին մի հաղորդագրություն էր տարածել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ Կանադա կատարած այցերից մեկի մասին, որը, միայն այժմ է հասկացվում, այս պատմության նախապատմությունն է:

Ե.Զախարյանի այցը Կանադա. 2015թ.մարտ

Դեռևս 2015թ. մարտի 1-4-ը Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կանադա՝ մասնակցելու Տորոնտոյում կազմակերպվող հանքարդյունաբերության ոլորտում ամենամյա խոշորագույն միջազգային համաժողովին:

Հայկական պատվիրակությունը՝ ի դեմս նախարար Երվանդ Զախարյանի, մասնակացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված առևտրային ներկայացումներին և ուսումնասիրել Հայաստանում գործող մի շարք ընկերությունների տաղավարները, որոնց թվում են եղել  է Dundee Precious Metals, Lydian, Centerra Gold հանքարդյունաբերող կազմակերպությունները:

Առաջին երկու ընկերությունները Հայաստանում շահագործում են համապատասխանաբար Ամուլսարի ոսկու և Շահումյանի ոսկու և կիսամետաղների հանքավայրը: Հայտնի չէր, սակայն, թե ինչ է փնտրում Հայաստանում  երրորդ՝ Centerra Gold ընկերությունը: Ինչ կգտնի կանադական ընկերությունը Հայաստանի ընդերքում, եթե ստանա փնտրելու թույլտվությունը, կերևա միայն առաջիկայում:

Centerra Gold ընկերությունը այժմ շահագործում է Կիրգիզստանի՝ Kumtor և Մոնղոլիայի՝  Boroo ոսկու հանքավայրերը: Kumtor-ը, ինչպես ներկայացված է ընկերության պաշտոնական կայքում Կենտրոնական Ասիայի ամենամեծ ոսկու հանքավայրն է և շահագործվում է  Kumtor Gold ընկերության միջոցով, որը Centerra Gold-ի դուստր ձեռնարկությունն է:

«Սենտերրա Մայնինգի» հանքերևակման ուսումնասիրությունը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Սա տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը՝ ՀՀ քաղաքացիներին հրավիրելով դեկտեմբերի 2-ի հանրային քննարկմանը:

Առաջին լուսանկարում` Centerra Gold-ի կողմից շահագործվող Kumtor հանքավայրը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter