HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոր խաղահրապարակ և համակարգչային սենյակ` Գյումրու թիվ 3 օժանդակ դպրոցի համար

Թիվ 4 և 10 օժանդակ դպրոցների միավորման արդյունքում Շիրակի մարզի հատուկ կարիքներով երեխաների համար 1989թ-ից Գյումրիում սկսեց գործել ընդամենը մեկ՝ թիվ 3 օժանդակ դպրոցը: 200-ից ավելի աշակերտ ունեցող կրթօջախ այսօր հաճախում են 58 երեխա:

Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Գուլյանն ասում է, որ բեռնաթափումը տեղի է ունեցել վերջին տարիներին՝ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ծրագրի ներդրման շնորհիվ: Դպրոց հաճախող չափավոր եւ ծանր մտավոր թերզարգացած երեխաներից 30-ը գիշերում են այնտեղ եւ շաբաթվա ընթացքում ընտանիք վերադառնում միայն կիրակի օրը:

Նոյեմբերի 20-ին թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի բակում բացվեց «Մանուկի այգի» անունը կրող խաղահրապարակը: Ծրագիրը կյանքի էր կոչվել ամերիկաբնակ Անի Պեպանյանի եւ Մանուկ Տեգերկեցու շնորհիվ: Բոստոնից Գյումրի հասած Անին որպես կամավոր անցած տարի աշխատել է դպրոցում սովորող դաունի համախտանիշով երեխաների հետ:

Աղջկան մտահոգել է, որ դպրոցը զուրկ է սպորտդահլիճից ու խաղահրապարակից: Վերադառնալով ԱՄՆ՝ Անին որոշել է գտնել բարերարների խաղահրապարակի կառուցման համար: Աջակցել է 28-ամյա Մանուկը, ում անունով էլ կոչել են խաղահրապարակը: Ի դեպ, երիտասարդը ոչ մի անգամ չի եղել իր պապերի հայրենիքում:

Օժանդակ դպրոցի սոցիալական աշխատողների փոխանցմամբ՝ խաղահրապարակն անհրաժեշտություն էր: Հատուկ կարիքներով երեխաների միմյանց հետ շփման, բարդույթներից, ագրեսիայից ձերբազատման, լիցքաթափման լավագույն տարբերակն են խաղահրապարակները, որտեղ երեխաները հնարավորություն ունեն մտերմանալու: 

Տիգրան Գուլյանի փոխանցմամբ` ներկայում դպրոցը ոչ մի խնդիր չունի:

 Երեք տարի առաջ անցել են ջեռուցման արեւային համակարգի շահագործման: Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհ ծրագրի շրջանակներում: Տնօրենի հավաստմամբ, եթե նախկինում ջեռուցման վրա ծախսում էին 230-250 հազար դրամ, ապա արեւային համակարգը տեղադրելուց հետո, ջեռուցման համար վճարվող գումարը չի գերազանցում 100 հազարը: Խնայած գումարներով կարողանում են երեխաների համար անհրաժեշտ խաղալիք եւ գույք ձեռք բերել:

Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ 2012թ-ին դպրոցին կից կառուցվել է բաղնիք, որպեսզի երեխաները կարողանան լողանալ: 2014թ-ին Ամքորի ծրագրով ձեռք են բերել 8 մեղվափեթակ, իսկ 2015թ-ին նույն կազմակերպության աջակցությամբ փայտամշակման արհեստանոց են ստեղծել, սպորտդահլիճի բացակայությունն էլ առայժմ լրացնում է նորաստեղծ խաղահրապարակը: Անցած տարի կոսմետիկ վերանորոգվել են նաեւ դասասենյակները, պատառոտված լինոլեումը միջանցքներում եւ կաբինետներում փոխարինվել է սալիկներով: Այս տարի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի նվիրած 12 համակարգիչների շնորիվ ձեւավորվել է համակարգչային սենյակ՝ երեխաներին տարրական համակարգչային գիտելիքները հասանելի դարձնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter