HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճշմարտության մերժված օրենսդիրը

Հասմիկ Պողոսյան

1950-ական թվականներ: Ներկայիս Հանրապետության հրապարակ: Ամեն օր այստեղ էր գալիս տանջանքից փոքրացած, հնամաշ հագուստով մի մարդ, ինքնամփոփ նստում էր շատրվանների մոտ և նայում  բոլշևիկյան  ամբողջատիրության խորհրդանիշը դարձած «համաշխարհային աղվես» Լենինի արձանին: Նայում էր երկա՜ր ու անթարթ, թվում էր՝ աշխարհից կտրված ու վերացած: Չէր հեռանում անգամ, երբ անձրևում էր: Եվ եթե որևէ մեկին հաջողվում էր մոտենալ և խոսեցնել նրան, մշտապես լռակյաց և ծուռ ժպիտով այդ մարդն ասում էր. «Ես կմեռնեմ, բայց այս պատվանդաններն այստեղ չեն մնա»: Հետո նրան այլևս չտեսան:

1965 թվականի աշնան մի ցուրտ օր՝  նոյեմբերի 22-ին, Երևանի իր անշուք խրճիթում վախճանվեց 20 տարիների սիբիրյան և հայաստանյան աքսորներից վերադարձած Լեռ Կամսարը:

Շատ քչերը կարողացան  նկատել, որ հայ գրականությունն արձանագրել է հերթական ծանր կորուստը: Իսկ մահացել էր խոշոր Երգիծաբան, ով ստալինյան բռնատիրության ամբողջ շրջանում և բոլշևիկյան դատարանի առաջ  միշտ մնաց «տանու շորերով» այն մարդը, որ իրեն երբեք չէր զարդարում օսլայված կոստյումով ու փողկապով:

Նա իր դրամատիկ կյանքի բոլոր իրավիճակներում՝ Չեկայի  նկուղի սառը հատակին պառկած, կալանքի ու զրկանքների մեջ էլ շարունակում էր սպանիչ ծաղրի ենթարկել այն համակարգը, որը ոչնչացնում էր մարդու անհատականությունը և ժողովուրդների ինքնությունը՝  «շվեյցարական անուշաբույր ծաղկավետ լեռները դարձնելով փոքրիկ Սահարա»:

Բնիկ վասպուրականցի Տ. Թովմաս քահանա Թովմաղյանի և Համասփյուռ Դիլանյանի բազմազավակ ընտանիքում ծնված, Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանած, դերասան ու վարժապետ Արամ Թովմասյան-Լեռ Կամսարն աշխարհ էր եկել մարդու ոտնահարված իրավունքները պաշտպանելու առաքելությամբ:

Նա, ստալինյան բռնապետության ծանր իրողությունը աստվածաշնչյան թեմաների ու համաշխարհային պատմության համատեքստում քննելով, իր գրիչը դարձնում էր ավելի հատու: Եվ ի՞նչ փույթ, որ այդ հանճարեղ գրիչը դառնում էր սուր հենց ի՛ր դեմ:

-Եթե ինձ սպանելու էլ լինեք, չեմ կարող սովետական երկրի մասին դրական կարծիք հայտնել: Այն իրենից մի զարհուրելի դժոխք է ներկայացնում,- ասում էր ըմբոստ մտավորականը:

Եվ հանուն Ճշմարտության և Արդարության էլ նա մարտիրոսվեց՝ անդավաճան «սուրը» ձեռքին՝ սերունդներին թողնելով մեր պատմության ամենաամոթալի ժամանակների իրական պատկերն ու ծանր դասերը:

Ընդհատված երկխոսություն

...Երևանի Թումանյան փողոցում մի բնակարան կա, ուր ապրում է Երգիծաբանի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը: Նրա հիշողության մեջ դաջվել է մի պատմություն, որը նրան երբեք  հանգիստ չի տվել.

-1960 թվականն էր: Մի օր երկաթուղային կայարանում սպասում էինք հորեղբորս ժամանմանը Մոսկվայից: Սպասման ձանձրույթը փարատելու համար ավագ եղբորս հետ  սկսեցի վազվզել սպասասրահում: Հաջորդ շարքի նստարանին տեսա գիրք ընթերցող մի աղջկա: Ուրախությունից ծառս ելա. պապիս նոր լույս տեսած «Գրաբար մարդիկն» էր: Վազքով մոտեցա պապիս և ասացի.

-Պապի՛, պապի՛, այստեղ մի աղջիկ քո գիրքն է կարդում:

Մի պահ հապաղեց պապս, քիչ մտորեց , ապա խնդրեց, որ իրեն տանեմ այդ ընթերցողի մոտ:

Աղջիկը կլանված կարդում էր և ուշադրություն չդարձրեց  մեզ վրա.

-Ներեցե՛ք, օրիո՛րդ, որ խանգարում եմ Ձեզ, բայց այդ ի՞նչ գիրք եք կարդում:

-Լեռ Կամսար,- գլուխը բարձրացնելով՝ զարմացած պատասխանեց նա:

-Եվ ի՞նչ, հավանու՞մ եք,- ծուռ ժպիտը բերանի անկյունում՝ հարցրեց պապս:

-Շատ, մեծ գրող է:

-Իսկ կուզենայի՞ք ծանոթանալ այդ մեծ գրողի հետ:

Աղջիկը հարցական հայացքով նայեց պապիս:

-Թե ուզում եք, խնդրեմ. այդ ես եմ կանգնած Ձեր առջև:

Նա վեր թռավ տեղից, գիրքը գոգից սահեց, ես շտապ բարձրացրի և մեկնեցի նրան, որն իսկի չնկատեց:

Նա անթաքույց ակնածանքով, շփոթված աչքերը հառել էր գրողին, իսկ երգիծաբանի աչքերը թաց էին. 24 տարվա հարկադիր բաժանումից հետո հանդիպել էր իրեն սպասողին,- հիշում է նա….

Եվ ահա արդեն 20 տարուց ավելի տիկին Վանուհի Թովմասյանը մեծագույն նվիրումով զբաղվում  է Լեռ Կամսարի անտիպ գրական ժառանգությունը վեր հանելու և ընթերցողին վերադարձնելու գործով: Արդեն իսկ հասցրել է հրատարակել շուրջ 10 հատոր՝ «Կարմիր օրեր», «Մահապուրծ օրագիր», «Սոցիալիզմի Սահարա», «Խաղք ու խայտառակ աշխարհ», «Սաստիկ Կոմունիստներ»,  «Բանտիս օրագիրը», «Հալոցք», «Թատերախաղեր»-ը (վերջինս ներառում է 22 պիես և  մեկ դրամա՝ «Հոգու զավակը»)… Սրանք ընդամենը մի քանի կաթիլն են Լեռ Կամսարի գրական ժառանգության օվկիանից: Մնացյալը դեռ առջևում են, որոնք սպասում են հրատարակվելու իրենց հերթին՝ այն հնամաշ, սև ճամպրուկում, որը Գրողին ուղեկցել է սիբիրյան աքսորի ժամանակ՝ հարյուրավոր պամֆլետներ ու ֆելիետոններ, հրապարակախոսական երկեր, օրագրություններ… Այս շարքում բացակայում է ինքնակենսագրական երկը, որի բացատրությունը տվել է ինքը՝ Երգիծաբանը.

-Հաճախ եմ մտածել գրել իմ կենսագրությունը, բայց հնարավոր չեմ գտել:

Գրել կենսագրություն, նշանակում է նորից ապրել մի անգամ ապրած կյանքը… Իմ կյանքի օրերը իրար ետև շարված տառապանքի օրեր են՝ տասն անգամ ստույգ մահից մահապուրծ: Ի՞նչ երաշխիք, որ երկրորդ անգամ ապրելուս դրանցից մեկնումեկին զոհ չեմ գնա:

Եվ չգրեց: Փոխարենը Երգիծաբանի չապրած կյանքը դարձավ իր ապրած ժամանակաշրջանի խորհրդանիշն ու խտացումը:

Լեռ Կամսարի ստեղծագործությունները արժեքավոր են ոչ միայն գեղարվեստական, այլև  պատմաքաղաքական տեսանկյունից, քանի որ գրում է խորը մտածող, վերլուծող ականատեսը: Դիվանագետի պայծառատեսությամբ նա կանխազգում էր, թե ի՞նչ տեղի կունենա, եթե «համաշխարհային բժիշկ» ԱՄՆ-ը դառնա համաշխարհային ուժային կենտրոն. պատերազմներ Մերձավոր Արևելքի երկրներում՝ «մի աման նավթի» դիմաց:

Զգում էր՝ ինչ կլինի, երբ տարածաշրջանում հզորանա Թուրքիան՝ միջազգային կառույցների ու մեծ տերությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ուրացում՝ ինչ-ինչ քաղաքական զիջումների դիմաց: Կանխատեսում էր հսկայածավալ ԽՍՀՄ-ի փլուզումը.

-Քարոզել ժողովուրդների եղբայրությունը այն ժամանակ, երբ մի մորից ծնված եղբայրները անխոս բաժանվում են և իրարից օտարվում, նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ, - դիպուկ բնորոշել է նա:

Հիմա ԽՍՀՄ-ը չկա… Մարդկությունը չհասցրեց անգամ աստիճանին ոտքը դնել: Սայթաքեց ու ընկավ: Լենինի արձանը վաղուց չի «զարդարում» Հանրապետության հրապարակը: Իսկ շատրվանների մոտ զբոսնողների մեջ կարելի է գտնել այն գիրք կարդացող երիտասարդին, ով փնտրում և սպասում է Լեռ Կամսարի Ճշմարտությանը՝ մեր նորանկախ հայրենիքը ճիշտ կառուցելու և չսխալվելու համար:

Լեռ Կամսարին մտահոգում էր աշխարհի ամեն մի անկյունում ապրող մարդկանց ճակտագիրը: Եվ մինչ այս օրերին ՄԱԿ-ի գագաթաժողովներում տարբեր ռազմական կոնֆլիկտների լուծման բանաձևեր են որոնում, Երգիծաբանը 1960-ականների հեռավորությունից  ահա այս նախատինք-պատգամն է հղում աշխարհի ճակատագրի համար պատասխանատու գերտերություններին.

-Ժնև հավաքված այս պետությունները, որոնք մինչ օրս ոչնչով չեն տարբերված գազաններից, եթե իրոք կուզեն պատերազմը վերացնել աշխարհի երեսից, պետք է վերադառնան իրենց մայրերի արգանդները և պատվիրեն իրենց մարդ  ծնել…

Սիրել Ճշմարտությունը, լինել Արդարամիտ, Հայրենասեր և Մարդասեր. սրանք են Լեռ Կամսարի դավանած արժեքները, որոնց վրա պետք է խարսխված լինի մեր նորանկախ պետականությունը: Իսկ Անկախ Հայաստանում Լեռ Կամսարի ճշմարտությունը հազարավոր անտիպ էջերում այլևս լռելու իրավունք չունի….

Հայրենասիրության կամսարյան բանաձևը

…Լեռ Կամսարը  միայն գրչով չէր պայքարում անարդարության դեմ, քանզի մեծերին հատուկ է ժողովրդի համար բախտորոշ պահերին կռվել նաև զենքով:

1915թ.-ին, երբ աշխարհի լուռ ու անտարբեր հայացքի ներքո հայ ժողովուրդը ենթարկվում էր Ցեղասպանության, Լեռ Կամսարը ազգային-ազատագրական պայքարում բերեց իր անմիջական մասնակցությունը .Վանի իր տան մատույցներում նա հիմնեց «թովմաղյան ջոկատը»: Նա ժողովրդին քաջալերում էր՝ ասելով. «Յուրաքանչյուր վանեցու մեջ չար Բելին հաղթող Հայկ նահապետ  է նստած»: Այս դրվագը նկարագրել է Գուրգեն Մահարին՝ իր «Այրվող Այգեստաններում»:

Իսկ 1918թ.-ին Լեռ Կամսարը դարձավ Տիգրան Բաղդասարյանի հրամանատարության ներքո գործող 4-րդ գնդի կամավորը: Սակայն Դրոն, տեսնելով գրողի վտիտ, հիվանդ տեսքը (մինչ այդ նա հիվանդացել էր որովայնային տիֆով և միայն կնոջ՝ Իսկուհու ջանքերով էր փրկվել մահից) արգելում է մասնակցել Սարիղամիշի ճակատամարտին.

-Քեզ որ  մի բան պատահի, բա մեզ ո՞վ պիտի ծաղրի : Զոհվես, ազգի առաջ պարտական կմնանք: Գնա՛, ա՛յ  մարդ, քո գործն ուրիշ է, գնա՛ գործովդ զբաղվիր,-  կամավորների շարքից հանելով, ասում է Սպարապետը:

Լեռ  Կամսարը երբեք որևէ կուսակցության չհարեց, բայց իշխանության եկած դաշնակցականները սիրում և հարգում էին նրան. Երգիծաբանի սուր գրչի հանդեպ հոգածություն էին տածում  նաև Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ աջակցելով, որ նա հանդես գա գրեթե բոլոր թերթերում ՝ կամսարյան դեղամիջոցներով հասարակության ախտերը բուժելու համար:

1988թ.-ի «Գրական թերթ»-ի համարներից մեկում ճանաչված գրող Շահեն Թաթիկյանը մի հուշ է թողել. նա, 1948թ.-ին հանդիպել է Երգիծաբանին ու հարցրել. «Ինչու՞ եք Ձեր պամֆլետներից մեկում ծաղրել Վանի հերոսամարտը. չէ՞ որ Դուք էլ եք դրա մասնակիցը եղել»…

-Ծաղրե՞լ…ասացիք:  Լավի մասին, դրականի մասին գրել են շատերը ու շարունակում են գրել: Ես գրում եմ բացասականի մասին, որ դաս լինեն գալիքի համար, որ մարդիկ չկրկնեն սխալները,- դառնորեն պատասխանել էր մեծ վանեցին:

Քննադատել կատարյալի հավատով. սա էր հայրենասիրության Լեռ Կամսարի բանաձևը:

… Նա ապրեց աննկատ ու անաղմուկ: Նույնքան անաղմուկ էլ հեռացավ մեզանից: Մահից 50 տարի անց էլ նրա հիշատակը շարունակում է աննկատ մնալ: Եթե մեր մյուս բռնադատված մեծերի դեպքում վերականգնվեց պատմական  արդարությունը՝  ստեղծվեցին գրականագիտական ուղղություններ, անվանակոչվեցին դպրոցներ  ու փողոցներ, ապա Լեռ Կամսարը շարունակում է մնալ պատմության լուսանցքում. մինչ օրս Երևանում նրան նվիրված անգամ հուշաքար  չկա, բացի այն «հավատարիմ կյանքի ընկեր» թթենու ընձյուղից, որը տասնամյակներ առաջ Երգիծաբանը տնկեց Թումանյան 11 հասցեում գտնվող իր անշուք տան բակում: Իսկ Թոխմախի գերեզմանատանը գտնվող նրա շիրիմը խիստ  անբարենպաստ վիճակում է: Եվ ամեն տարվա նոյեմբերի 22-ին նրա մոռացված, թանկ շիրիմին ծաղիկներ խոնարհող միակ այցելուն թոռնուհին է՝ տիկին Վանուհի Թովմասյանը: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ Գրողի մասունքները տեղափոխվեն Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ  յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 24-ին՝ Երգիծաբանի ծննդյան օրը, տեղի ունենան գրական ընթերցումներ, անվանակոչվի գո՛նե մեկ դպրոց և…ստեղծվի Լեռ Կամսարի անվան մրցանակ, որը կտրվի ազնիվ ու անկաշառ լրագրողներին ու հրապարակախոսներին, ինչու չէ, նաև իրավապաշտպաններին: Չէ՞ որ Լեռ Կամսարը եղավ մեր պատմության ամենածանր  ժամանակների երբևէ չծախված քաղաքական այլախոհը, ըմբոստ քաղաքացին և Ճշմարիտ Մտավորականը…

Նոյեմբերի 22-ը Կամսարի մահվան 50-րդ տարելիցն է 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հիանալի է գրված, այո Լեռ Կամսարը այն եզակի մարդկանցից մեկն էր, որ կարողանում էր մեր մոլորակն և մարդկանց դիտել տիեզերքից աստվածների աչքերով, և այդ պատճառով են նրա կանխատեսումները իրականացել և նրա խոսքում միշտ ճիշտը հնչել: Լեռ Կամսարի անտիպ գրական ժառանգությունը վեր հանելու և ընթերցողին վերադարձնելու խնդրը մեր Հայկական պետականության կարևորագույն հարցերից մեկը պետք է լիներ, սակայն եթե վստահեինք Լենինի ժառանգները հանդիսացող այսօրվա մեր պետական համակարգի անդամներին, ապա սրանք անշուշտ այնպես էին այրելու, ոչնչացնելու այդ անտիպ գործերը, ինչպես Հայաստան ժամանած քրիստոնյաները ոչնչացրեցին տասնյակ հազարավոր տարիների պատմության մասին խոսող մեր հայատառ գրականությունը: Եթե առաջարկվող մրցանակ տալն էլ սրանց վստահվեր ապա իրենք իրենց էին շնորհելու և ճշմարտության դեմ էին գործելու, այնպես, ինչպես այս ,,Նժդեհականները,, Նժդեհի գաղափարների դեմ են գործում:
ominac
Ազատ շուկայական պայմաններում կապրինք։ Պետութեան ոչ մէկ պարտաւորութիւն տրուած է նշելու Լեռ Կամսարի ժառանգութիւնը։ Իւրաքանչիւրս ազատ է կազմակերպելու այս գրողի մտքի ու գրականութեան յիշատակման եւ տարածման համար ընկերութիւն մը։ Սովետական միութեան ժամանակ, պետութիւնը ամէն ինչ էր, հետեւաբար կսպասուէր որ Մեծ գրողներուն յիշեր։ Այսօրուայ հայոց պետութիւնը, շատ նեղ առաջադրանքներ ունի, (այդ անգամ չընէր, բայց այդ ուրիշ հարց), ազատութիւնը տրուած է մեզ մեր կամքին համեմատ ծախսելու մեր ժամանակը։ Ուրախացէք, այլեւս խնդրելու պէտք չունիք։ Դուք կրնաք այսօրուանէ սկսեալ կազմակերպել այս ընկերութիւնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter