HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ շախմատիստները նվաճեցին Եվրոպայի արծաթը

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 20-րդ թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ եւ Արոնյան, Սարգսյան, Մովսեսյան, Մելքումյան, Գրիգորյան կազմով չնայած վարկանիշով 6-րդն էր 36 թիմերի մեջ եւ մեկնարկում աչքի ընկավ անկայուն ելույթներով, ի վերջո կարողացավ շտկել իրավիճակն ու զբաղեցնել երկրորդ տեղը:

7-րդ տուրից հետո մեր թիմը 4-րդն էր, սակայն նախավերջին տուրում 2-2 խաղաց առաջատար Ռուսաստանի հետ, իսկ այսօր 3-1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն: Թիմը 18 հնարավորից վաստակեց 13 միավոր, ինչպես Հունգարիան եւ Ֆրանսիան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ այս երկուսից: Ընդ որում՝ Ֆրանսիան վարկանիշով 4-րդ թիմն էր: Հետաքրքիր է, որ Եվրոպայի չեմպիոն հռչակված Ռուսաստանը, Հայաստանն ու Հունգարիան անհատական պարտիաներում վաստակել էին հավասար՝ 22,5 միավոր, սակայն ռուսները թիմային 15 միավորով առաջինն էին:

Ուկրաինան, որ 2-րդն էր վարկանիշով, ընդամենը 5-րդն էր, իսկ 3-րդ թիմային վարկանիշ ունեցող ու այլեւս նախկին չեմպիոն Ադրբեջանը՝ 7-րդը:

Սա Ռուսաստանի 4-րդ հաղթանակն էր Եվրոպայի առաջնություններում: Եվս 9 անգամ լավագույնը դարձել է ԽՍՀՄ թիմը: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 1999-ին Բաթումում: Իսկ 1997-ին հորվաթական Պուլայում մեր տղաները 3-րդն էին: Փաստորեն այս արծաթից հետո Հայաստանը 1-ական անգամ նվաճել է բոլոր մեդալներից:

Կանանց պայքարում կրկին հաղթեց Ռուսաստանը, որը 18 հնարավորից վաստակեց 17 միավոր: Ուկրաինան 15 միավորով երկրորդն էր, իսկ Վրաստանը 14 միավորով՝ երրորդը: Հայ շախմատիստուհիները վաստակեցին 10 միավոր եւ վերջնարդյունքում հանգրվանեցին 11-րդ տեղում, ինչը չի կարելի գոհացուցիչ համարել, քանի որ մերոնք վարկանիշով 6-րդն էին տղամարդկանց պես:

Կանանց 11 առաջնություններում սա ռուսների 4-րդ հաղթանակն էր, ինչը լավագույն արդյունքն է: Հիշեցնենք, որ մեր աղջիկները 2003-ին բուլղարական Պլովդիվում ոսկի նվաճեցին, իսկ 2007-ին հունական Հերակլիոնում 3-րդն էին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter