HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցանկանում էր «Գլենդել Հիլզից» բնակարան գնել, սակայն գործը հասավ իրավապահ մարմիններին

2008թ. սեպտեմբերի 3-ին Հայկանուշ Զաքարյանը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից  ձեռք է բերել Երևան քաղաքի Արգիշտի 7/7 հասցեում գտնվող 18 մասնաշենքից բնակարան՝ 43 մլն 397 հազար 400 դրամ արժեքով, որից 16 մլն 403 հազար դրամը վճարման ժամանակացույցով մաս-մաս  փոխանցել է ընկերության բանկային հաշվեհամարին, իսկ մնացած 26 մլն 994 հազար 400 դրամը ձևակերպվել է որպես հիպոթեքային վարկ: Հիմնականում բնակվել է ՌԴ-ում, այդ նպատակով որոշել է բնակարանը ձեռք բերել եղբոր՝ Հովիկ Զաքարյանի անունով: Սակայն նոր բնակարանը դարձել է «չարիք» և այժմ իր իրավունքները պաշտպանելու նպատակով ստիպված թակում է իրավապահ մարմինների դռները:

2008թ. սեպտեմբերի 3-ին եղբոր և «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրենի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր: 2011թ. կողմերի համաձայնությամբ նախնական պայմանագրում կատարվել են փոփոխություններ. 18-րդ մասնաշենքի փոխարեն կնքվել է նախնական պայմանագիր 14-րդ մասնաշենքի նույն մակերեսով բնակարանի վերաբերյալ՝ նպատակ ունենալով ավելի շուտ ստանալ բնակարանը:

2012թ. փետրվարին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրինությունից տեղեկացել է, որ ընկերությունը բավարար միջոցներ չունի պայմանագրով սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին հասցնելու համար, ուստի առաջարկել են գումարի մնացած մասի համար հիպոթեքի պայմանագրով վարկ վերցնել ՎՏԲ բանկից: 2012թ. մարտի 6-ին Հայկանուշ Զաքարյանի, «Գլենդել Հիլզ» ընկերության և ՎՏԲ բանկի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որով վարկի 64,840 դոլարին համարժեք դրամը փոխանցվել է ընկերության հաշվարկային հաշվին, իսկ Հ. Զաքարյանը տարեկան 11%-ով բարեխիղճ կատարել է վճարումները: Զարմանալիորեն հիպոթեքային պայմանագրով որևէ անշարժ գույք չի գրավադրվել:

Քանի որ «Գլենդել Հիլզը» չի կարողացել պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին հասցնել շինարարությունը 2012թ. մարտի 6-ին նախնական պայմանագրում կատարել են փոփոխություններ և կառուցապատման ժամկետը երկարաձգել են մինչև նույն թվականի մայիսի 30-ը: Սակայն նշված ժամկետում էլ կառուցապատումը չի ավարտվել: Ի վերջո բնակարանը հանձնել են 2014թ. հոկտեմբեր ամսին:

Հայկանուշ Զաքարյանի ասելով՝ 2014թ. ամռանը «Գլենդել Հիլզ» ընկերության փոխտնօրեն Արթուր Փաշինյանը զանգահարել է իր մորը և հայտնել, որ ընկերությունն իրականացնում է ավտոհանգրվանների կառուցապատման աշխատանքներ՝ առաջարկելով ցանկության դեպքում գալ և ծանոթանալ պայմաններին: Մայրը, որպես իր լիազոր ներկայացուցիչ գնացել է ընկերության գրասենյակ, որտեղ տեղեկացել է պայմաններին՝ յուրաքանչյուր 1քմ-ի համար 500 դոլար: Նախապես պայմանավորվել են ձեռք բերել 20քմ ավտոհանգրվանի տարածք: Հետագայում ընկերությունից հայտնել են, որ  14քմ կարող են հատկացնել, որի կառուցապատման արժեքը կազմել է 7000 դոլար: Մայրը մաս-մաս ընկերությանը վճարել է 7000 դոլարը, սակայն ինչպես վստահեցնում է Հայկանուշը՝ ընկերությունը գումարի վճարման կտրոններ չի տրամադրել, իսկ ավտոհանգրվան չի կառուցվել, իրենց չի հատկացվել: Իսկ ավտոհանգրվանի կառուցման համար վճարած 7000 դոլարի վերադարձման առիթով էլ ասել են, որ գումար չունենալու պատճառով չեն կարող վերադարձնել:

«2015թ. օգոստոսի 18-ին ինձ զանգահարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արթուր Փաշինյանը և հրավիրել ընկերության գրասենյակ, որտեղ պահանջել է 16 հազար 765 դոլար գումար՝ յուրաքանչյուր քառակուսու համար 175 դոլար, սպառնալով, որ չվճարելու դեպքում կկորցնեմ ինչպես բնակարանս, այնպես էլ բնակարանի ձեռք բերման համար վճարած կանխավճարն ու 2012թ. ՎՏԲ բանկի հաշվեհամարին մուծած հիպոթեքային վճարումների գումարները»,-ասում է Հ. Զաքարյանը և հավելում, որ տեսնելով «Գլենդել Հիլզի» նման տարօրինակությունները դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին և իրավապահ մարմիններին:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ժամանակ «Գլենդել Հիլզ» ընկերության փոխտնօրեն Արթուր Փաշինյանը բացատրություն է տվել այն մասին, որ  2015թ. օգոստոս ամսին  ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանն իրեն հայտնել է, որ ընկերության դեմ ներկայացվել է սնանկ ճանաչելու վերաբերյալ երկու հայց, և հնարավոր է, որ  «Գլենդել Հիլզը» սնանկ ճանաչվի: Տնօրենը հանձնարարել է տեղյակ պահել 13 և 14-րդ մասնաշենքերի բնակիչներին ընկերության սնանկ ճանաչվելու հնարավոր որոշման և շենքերի «Ամերիաբանկում» գրավադրված լինելու մասին: Ինչպես նաև առաջարկել է բնակիչներին յուրաքանչյուր քմ-ի համար, որպես պայմանագրի գնի ավելացում, կատարել ևս 175 դոլար հավելյալ գումարի վճարում, որպեսզի բնակարանները հանվեն արգելանքից և կատարվի սեփականության իրավունքի գրանցում: Ըստ տնօրենի կողմից տրված ցուցակի փոխտնօրեն Փաշինյանը զանգահարել և այդ մասին տեղեկացրել է նաև  Հայկանուշ Զաքարյանին և նրա հարազատներին: Փոխտնօրենը հերքել է, թե սպառնալիքներ է հնչեցրել, պարզապես նախազգուշացրել է հետևանքների մասին:

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ավագ քննիչ Ս. Ավետիսյանը 01.10.2015թ. որոշել է, որ առկա է քաղաքացիաիրավական վեճ և Հայկանուշ Զաքարյանի դիմումների և հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել է, իսկ Արթուր Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հայկանուշ Զաքարյանի փաստաբան Հմայակ Գալստյանն ասաց, որ նախաքննական մարմնի կողմից փաստի առթիվ նյութերը նախապատրաստվել են խիստ թերի և մակերեսային, իսկ կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը անհիմն է,  անօրինական և չպատճառաբանված, քանի որ այն չի բխում գործի փաստական հանգամանքներից և նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված ապացույցներից: Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի որոշումը ստորագրված չէ, ինչից ենթադրվում է, որ նա «անհամաձայնության բողոքի ձայն է բարձրացրել որոշման բովանդակության,  կատարած վերլուծությունների և եզրահանգումների վերաբերյալ»:

«Գլենդել Հիլզի» գործողություններից տուժած կողմը կարծում է, որ նախաքննական մարմինը  ընկերության աշխատակիցների կողմից 13 և 14-րդ մասնաշենքերի բնակիչների շորթման և խարդախության միջոցով դրամական միջոցներ հափշտակելու փաստը հիմնավորելու ցանկություն չի ունեցել, քանի որ կոնկրետ միջոցներ չի ձեռնարկել նշված մասնաշենքերի սեփականության իրավունք չունեցող բնակիչներին հայտնաբերելու և դեպքի առթիվ նրանցից բացատրությունների վերցնելու ուղղությամբ:

Բացի փոխտնօրենից, բացատրություններ չեն վերցվել նաև  «Գլենդել Հիլզի» մյուս աշխատակիցներից, մասնավորապես՝ տնօրեն Էդուարդ Մելիքյանից: Չի պարզվել  թիվ 14 մասնաշենքի «Ամերիաբանկում» գրավադրված լինելու փաստը և չի ստուգվել այն արգելանքից հանելու պատճառաբանությունը, ավտոհանգրվանի կառուցման պատրվակով ընդհանուր գումարով 7000 դոլարը «Գլենդել Հիլզի» դրամարկղ մուտք լինելու հանգամանքը:

Ըստ փաստաբանի՝ հնարավոր յուրացման և խարդախության փաստը բացահայտելու նպատակով անհրաժեշտ էր հարուցել քրեական գործ՝ բացատրություններում առկա հակասությունների շուրջ առերես հարցաքննություններ կատարելու, բնակիչներից հավաքագրված գումարները ըստ նպատակային նշանակության  օգտագործման ուղղությամբ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու համար: Մինչդեռ քննիչը բավարարվել է միայն Ա. Փաշինյանի «անկեղծ խոստովանությունով»:

Հայկանուշ Զաքարյանն ասում է, որ ավտոհանգրվանի կառուցման համար տրված 2 մլն դրամից ավել գումարը ձևակերպվել է որպես փոխառության պայմանագրով վճարված գումար, իսկ պայմանագրով նախատեսված ավտոհանգրվանը չի կառուցվել և չի հատկացվել, իսկ նշված գումարի վերադարձման առթիվ  ընկերությունից հայտնել են, որ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով գումարը չեն կարող վերադարձնել:

«Բերված փաստերը վկայում են, որ  «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցներն ինձ պատկանող դրամական միջոցները իսկզբանե խարդախությամբ հափշտակելու դիտավորություն և նպատակ ունենալով  ձևականորեն կնքել են ավտոհանգրվան կառուցելու համար պայմանագիր: Դա է պատճառը, որ ընկերության գլխավոր հաշվապահին հանձնած մոտ 2 մլն դրամը ձևակերպվել է ոչ թե ավտոհանգրվանի կառուցման համար վճարված գումար, այլ փոխառության պայմանագրով հանձնված գումար, որի մասին քննիչն իր կայացրած որոշման մեջ չգիտես ինչու չի անդրադարձել»,-նշում է Հ. Զաքարյանը:

Նա հոկտեմբերի 20-ին դիմել է Երևան քաղաքի դատախազին՝ քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու, ինչպես նաև քրեական գործ հարուցելու խնդրանքով: 

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Հարյուրավոր Գլենդելից տուժվածներ կարող են նմանատիպ պատմություններով ներկայացնել այն անմարդկային անարդարությունը և նպատակադրված խաբեությունը, որոնք իրականացվել են Գլենդելի և ՎՏԲ Արմենիա բանկի համատեղ , կանխամտածված գործողությունների արդյունքում, բայց երբ պահը գալիս է միասնական պայքարելու այդ ամենի դեմ, կարծես բոլորը խուսափում են հանդես գալ որպես Գլենդել Հիլլզից տուժվածներ և կոնկրետ գործողությունների մասնակցել: Մինչդեռ Գլենդելը վայելում է կողոպտված գումարները, իսկ բանկերը ստանում են գոյություն չունեցող բնակարանների հիպոտեկային վարկերի տոկոսները: Եկեք ամեն մեկս մեր ողբերգական պատմություն գրենք, տեսնենք մենակ գրելով ինչի պիտի հասնենք: Եթե կան մարդիք, ովքեր կհամախմբվեն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն միասնական քրեական գործ հարուցելու համար, լուրջ իրավաբանների օգնությամբ և աջակցությամբ կարծում եմ կկարողանանք հասնել արդարության : Եթե կան այդպիսի համարձակներ` թող արձագանքեն ..............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter