HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակում 1000 մարդ ապրում է տնակներում

Հարազրույց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ

-Սպիտակի իտալական և գերմանական թաղամասերի տնակներում դեռևս ապրում են երկրաշարժից տուժած1000 բնակիչներ: Ինչու հետերկրաշարժի17 տարիներին չեն լուծվել այդ մարդկանց  բնակարանային խնդիրները:

- Աղետի հետևանքը դեռ կա: Ճիշտ եք նկատում, մենք տնակային ավաններ ունենք: Մոտավորապես 1000 բնակիչներ, դա ստույգ տվյալ չէ, իհարկե, բայց մոտ1000 , հնարավոր է մի փոքր ավել կամ պակաս, ապրում են տնակներում:  Դրա ճիշտ հաշվառումը չենք անում, որովհետև խնդիրներ է առաջանում մեզ համար: Եթե հաշվառում է լինում, մարդիկ մտածում են, որ հնարավոր է պետության կողմից որևէ աջակցություն լինի, իսկ ես չեմ ուզում խաբել մարդկանց , որովհետև պետության կողմից աջակցություն այդ ընտանիքներին չի լինելու: Ժամանակին գումարային տեսքով նրանք իրենց աղետից վնասված սեփական բնակարանների դիմաց փոխհատուցում են ստացել: Էստեղ խնդիրը մի փոքր ուրիշ հարթության վրա է: Փոխհատուցումը կատարվել է խորհրդային ռուբլով: Դրանք էդպես էլ բանկերում մնացել և դարձել են կորած ավանդներ: Էդ մարդիկ այդ գումարներով չեն կարողացել կառուցել կամ գնել նոր բնակարան և մնացել են անօթևան: Պետությունը  երկրաշարժից տուժած էդ մարդկանց վնասները համարում է փոխհատուցված: 

-Ձեր պաշտոնավարման 7 տարիներին  որքան բնակարան է կառուցվել Սպիտակում:

-Այդ տարիներին  կառուցվել է 220 բնակարան: Եթե հաշվի առնենք, որ Սպիտակում կա մոտ 5000 ընտանիք,  4000 ընտանիքներ ապահովված են բնակարանով:  

-Երկրաշարժից հետո որքան տուժածներ են  արտագաղթել Սպիտակից:

- Երևի Սպիտակը եզակի համայնքերից է, որ  չի եղել արտագաղթ, երբ սահմանները բաց էին՝ երկրաշարժից անմիջապես հետո, երբ մարդիկ ընդհանրապես ոչինչ չունեին, ունեին միայն կորուստներ, ցավ, մարդիկ չլքեցին Սպիտակը: Էս պահին էլ չեն լքում:  Մոտ 1500-2000 սպիտակցիներ մեկնում են արտագնա աշխատանքի:

- Բայց դա մեծ թիվ է:

-Ամեն դեպքում մարդիկ ողորմություն չեն խնդրում, գնում են աշխատում և գալիս: Մեզ մոտ բնակչության աճ է նկատվում, փոքր աճ է, բայց կա՝ ի տարբերություն մյուս համայնքերի: Սպիտակում ամիսը շուրջ 18-20  երեխաներ են ծնվում: Մահացությունը ծնելիության կեսի չափ է:

 -Որքան գործազուրկներ կան Սպիտակում:

-Մեզ մոտ շուրջ 8000 աշխատունակ մարդ կա: Նրանց  մոտ 20 տոկոսը՝ 1000-1500 մարդ գործազուրկ է: Աշխատատեղ չլինելը պայմանավորվված է բիզնես չլինելով, իսկ բիզնես չկա ամբողջ Հայաստանում, ոչ միայն Սպիտակում: Բայց աշխատատեղեր ստեղծում ենք: Այս տարի գարնանը  շահագործվեց Սպիտակի թչնաբուծական ֆաբրիկան՝մոտ 200 աշխատատեղով: Հարակից ստեղծվեց  համակցված կերերի գործարան՝ 20 աշխատատեղով: Բացվել է անասնապահական «Ագրոհոլդինգ» հիմնարկությունը՝ 50 աշխատատեղով: Ունենք նաև կարի արտադրական ֆաբրիկա և ալրաղաց՝ ժամանակակից սարքավորումներով: Ներկայումս մի 6000 մարդ է աշխատում Սպիտակում: Իհարկե, քաղաքի սոցիալական վիճակը բավարար չենք գնահատում, մանավանդ, որ էդ 6000-ից մոտ մի 3-4 հազարը  աշխատում են նվազագույն աշխատավարձով:

- Կառուցապատման ինչ առաջնահերթ խնդիրներ ունի Սպիտակը:

- Սպիտակի ներհամայնքային ճանապարհները շատ վատ վիճակում են: Մենք էս վերջերս հաշվարկեցինք, 2,5 միլիարդ է հարկավոր մեր քաղաքի ամբողջ ճանապարհների կապիտալ նորոգման  համար: Կառավարության հրատապ ծրագրով  2014-2015թ.թ. մեզ հատկացվել է 60 մլն. դրամ, մի տեղ հենապատ ենք կառուցել, մնացած  փողոցների փոսային նորոգումներ ենք կատարել:  Անցյալ տարի  բյուջեի քննարկմանը մեր  տարածաշրջանի ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի միջոցով դիմեցինք կառավարություն: Պետբյուջեից  մեզ հատկացվեց 80 մլն. դրամ, հիմա դրանով քաղաքի կարևոր փողոցներից մեկն ենք վերանորոգվում:

-Որքան նախադպրոցական ուսումնական հաստատություն է ունեցել Սպիտակը երկրաշարժից առաջ և որքան է նրանց թիվն այսօր:

Երկրաշարժից առաջ՝ խորհրդային  տարիներին Սպիտակում գործել է 9 մանկապարտեզ: Այսօր Սպիտակում կա գործող 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 250  երեխաներով: Այս տարի վատ վիճակ էր ստեղծվել, մոտ 100   երեխաների չկարողացանք ընդունել մանկապարտեզ: Հարցը բարձրացրել ենք , նախատեսված է 2016թ.-ի Սպիտակում մանկապարտեզի նոր շենք կառուցել:

-Սպիտակը կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանի չունի, ինչ է արվում այդ հարցը լուծելու համար:

-Մենք չունենք կոյուղու մաքրման կայան, Սպիտակի  կոյուղաջրերը թափվում են Չիչխան գետը: Դրան, իհարկե շատ վատ եմ վերաբերվում, մեր շրջակա միջավայրը կեղտոտում ենք, ու դառնում ենք դրա գերին: Վերջին հաշվով բնակչության հիվանդությունների առյուծի բաժինը դրանից է գալիս: Ցավոք սրտի մենք հնարավորություն չունենք մաքրման կայան կառուցելու:  Սպիտակը կոյուղու կոլեկտոր ունի, այն շատ լավ վիճակում է, հիմա օգտագործվում է: Քաղաքի բոլոր կեղտաջրերը հավաքվում են մի ընդհանուր խողովակի մեջ և քաղաքից մոտ 10 կմ դուրս թափվում է գետը: Այսինքն  գետի քաղաքով հոսող տարածքը չենք աղտոտում: Մնում է ընդամենը կառուցել մաքրման կայան, որի կառուցումը արժե 15 մլն. եվրո: Այս պահին, մաքրման կայան կառուցելու որևէ ելք ես չեմ տեսնում, եթե չմիջամտի պետությունը: Պետության միջոցներն էլ են սուղ: Էս վերջերս լսած կլինեք,  խորհրդարանական քննարկումներին ասացին, որ պետբյուջեում բավականին դիֆիցիտ կա: Դիֆիցիտն արդեն մեր համայնքի բյուջեում էլ է առաջանում:

- Ինչ դիֆիցիտ եք կանխատեսում Սպիտակի 2016թ.-ի բյուջեում:

- Մոտավորապես 30 մլն. դրամ դիֆիցիտ կունենանք: Ասեմ Ձեզ, դա առաջացել է հիմնականում նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ կապված: Դրա մի մասը անցյալ տարի՝ 2014թ.-ին փոխհատուցվեց պետության կողմից, այս տարի՝ ոչ: Դրա վրա նաև էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացումն է ազդում: Մենք  կրճատել ենք համայնքի մշակութային աշխատանքների և ապարատի պահպանման ծախսերը:  Համենայնդեպս փորձում ենք թողնել մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկների  բյուջեները նախորդ տարվա մակարդակին, որպեսզի գործը շատ տուժի:  Դրանից է առաջանում էդ ճեղքվածքը:

- Պարոն քաղաքապետ, դուք ասում եք բյուջեի դիֆիցիտ ունեք, ծախսեր եք կրճատում: Սակայն դուք Ձեր կանխատեսած բյուջեի 330 մլն դրամ եկամուտներից քաղաքապետի Ձեր ամսվա աշխատավարձը սահմանել եք  420 հազար դրամ: Դուք Լոռու մարզի ամենաբարձր աշխատավարձ ստացող համայնքապետն եք:  Ձեր տեղակալի և աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը  սահմանել եք 320 հազար դրամ: Ձեր հեղինակած հաստիքացուցակով  քաղաքապետի 2 խորհրդականներ և 2 օգնականներ եք պահում: Դրանցից մեկական էլ Ձեզ չի բավարարել:

-Երկու օգնականները սովորաբար գործավարության մեջ են ինձ օգնում, երկու խորհրդականներն էլ արդեն հասկանալի է, խորհուրդներ են տալիս:

-Արդյոք հնարավոր չէ Սպիտակի բանիմաց և փորձառու մարդկանցից քաղաքապետին կից  կառավարման խորհուրդ ստեղծել՝ Ձեզ խորհուրդներ տալու համար:

-Էդ դեպքում, եկեք ավագանու ինստիտուտն էլ վերացնենք, համարենք, որ ես խորհրդի կարիք չունեմ:

-Բայց  ավագանին ոչ թե խորհրդատվական, այլ քաղաքապետի գործունեությունը վերահսկող մարմին է:

-Ինչու միայն վերահսկող, այսինքն իմ ցանկացած առաջարկություն ավագանին քննարկում   և իհարկե, եզրահանգման է գալիս: Ես կմեկնաբանեմ ինչու եմ ինձ համար  այդքան բարձր աշխատավարձ սահմանել: Ուզում եմ, որ իմ խիղճը մի փոքր հանգիստ լինի և նաև ինձնից հետո եկող քաղաքապետը տան մասին այդքան չմտածի, մտածի քաղաքի մասին: Այսինքն, դուք մտածում եք, որ 100 հազար դրամ աշխատավարձը շատ ավելի լավ կլիներ քաղաքապետի համար, քան 420 հազար դրամը:

Ես Ձեզ այդպիսի բան չասացի: Ձեզ նման հարց էլ չէի ուղղի, եթե  աղետից  դեռ  ոտքի չկանգնած Սպիտակի  Ձեր կանխատեսած բյուջեի եկամուտները կազմեին մի քանի միլիարդ դրամ: Դուք ընդամենը ունեք 100 մլն դրամ  սեփական եկամուտներ: Մնացածը պետբյուջեից հատկացվող դոտացիա է:

-Ես պարտավոր չեմ Ձեր այս հարցին պատասխանել, բայց կպատասխանեմ: Ես ինքս իմ աշխատանքը շատ ավելի բարձր կգնահատեմ, բայց քանի որ օրենք չենք խախտել, քանի որ համայնքի ավագանին է այդ որոշումը կայացրել, դա միանձնյա որոշում չի եղել, և, եթե դուք նկատեք մեր ընդհանուր աշխատավարձը միջին հանրապետականից բարձր է: Դուք կոռեկտ հարց չեք տալիս:

-Բայց տնակային թաղամասերում բնակվող սպիտակցիները նույնիսկ չեն կարողանում լուծել իրենց ընտանիքի օրվա հացի խնդիրը:

-Կարող եք ասել ինչքան աշխատավարձ է ստանում նախարարը:

-Հարցը այլ դաշտ մի տեղափոխեք: Սպիտակցիները Ձեզ ընտրել են  իրենց կյանքը փոխելու համար, իսկ դուք համայնքի բյուջեի գլխից Ձեր և Ձեր թիմի  համար բարձր աշխատավարձ եք սահմանել: Ինչպե՞ս եք նախապատրաստվում Սահմանադրության  փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեին:

-Ես անձամբ եմ ղեկավարում այո-ի քարոզչությունը:

-Ինչ ակնկալիքներ ունեք հանրաքվեից:

-Կարծում եմ այո-ն պետք է հաղթի, սակայն ժողովրդի մեջ անտարբերության խնդիր կա:

- Ինչո՞ւ:

- Կարծում եմ սոցիալական վիճակից է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter