HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ վերբալ պահվածք․սթափվե՛ք

 Վլադիմիր Գասպարյանը  ծնվել է 1958թ․ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետն է 2011թ․ նոյեմբերի 1-ից։

Ակտիվորեն դրսևորում է  ոչ վերբալ պահվածք՝ թե՛ ժեստերի, միմիկայի և թե՛ ձայնային տոնի, կրկնությունների տեսքով։

Ուսումնասիրելիս հիմնական շեշտը դրել ենք այս տարվա հունիսյան նստացույցերի տեսանյութերի վրա, քանի որ այդ  միջավայրում ոստիկանապետն առավել ազատ և անկաշկանդ է, քան պաշտոնական ելույթների կամ հարցուպատասխանի ժամանակ:




Ուրախություն և տխրություն

                                         Բազային պահվածք

Վլադիմիր Գասպարյանն այնպիսի պաշտոն է զբաղեցնում, որ ակամայից պարտադրում է ստեղծել «գլխավորի», «առաջնորդի» կերպար։ Այդ պատճառով նա կիրառում  է հրամայական պատկերակրիչներ, ցուցամատի, բռունցքի նշան։ Հաճախ է գլուխ ետ տանում, «բարձրացնում ծնոտը»՝ փորձելով ցույց տալ, թե ով է գլխավորը։

Վլադիմիր Գասպարյանի խոսքերը (մասնավորապես՝ հունիսյան իրադարձություններից հետո) ասացվածքների պես մտան մարդկանց բառապաշարի մեջ՝ «Ես Գասպարյան Վովան  եմ», «սա մեր ու ձեր քաղաքն ա», «սա փոքր երկիր ա», «սթափվե՛ք» և այլն։

Նա իր խոսքում շատ է կիրառում նաև խրատական արտահայտություններ ու տարբեր մեջբերումներ և դա անում է յուրահատուկ հանգիստ տոնով՝ փորձելով ասվածին խորություն հաղորդել․ «Աստված ձեզ օգնական», «Հոգի՛ս, մենք ակցիային փիլիսոփայորեն ենք մոտենում», կամ ՝ «Քանզի մոլորյալ են ու չգիտեն, թե ինչ են անում»  (ակցիայի մասնակիցների մասին-հեղ․)։



                                        

Պատկերավորիչներ

Անհարկի կրկնություններ՝  խոսքը շեշտելու համար

Ուշադրություն գրավելու,խոսքը շեշտադրելու և պարզապես ազդեցիկ խոսելու  համար մարդիկ հաճախ  կիրառում են  բառային կրկնությունները ։ Դրանց կիրառումն արդարացված է և ազդում է այն դեպքում, երբ  կրկնությունները հազվադեպ են և իմաստային առումով՝ տեղին։ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում հաճախ է օգտագործում կրկնություններ, հենց այդ հաճախության պատճառով դրանք դառնում են անհարկի և կորցնում իրենց ազդեցությունը։



Կրկնություններին զուգահեռ, հաճախակի են նաև ձայնի տոնային փոփոխություններըմեկ հանգիստ, զուսպ, մեկ զայրացած, գոռոցով։ Վլադիմիր Գասպարյանի դեպքում միանշանակ ասել, թե գոռոցը զայրույթի, իսկ զուսպ խոսքը՝ հանգստության նշան է, չի կարելի. նա, ինչպես նշեցինք, ցանկանում է ստեղծել «գլխավորի» կերպար և գիտակցում է իր  պահվածքի ազդեցությունն ու  նշանակությունը, այդ պատճառով հիմնականում վերահսկում  է այն։ Բայց երբեմն հենց զուսպ խոսքում կարելի է նկատել թաքնված զայրույթ՝ մասնավորապես հետևելով  դիմային մկաններին (օրինակ՝աչքերի մկանները լարվում են,շրթունքները՝ սեղմվում, նեղանում)։


Զայրույթ

  Պահվածքային անհամապատասխանություն

Հանգիստ տոնով ասված խոսքի ժամանակ զսպված զայրույթը, ինչպես նաև բացասական իմաստ ունեցող նշանի կիրառումը վկայում են պահվածքային անհամապատասխանության մասին։ Քաղաքացու հետ հանդարտ խոսելիս ոստիկանապետը միաժամանակ կիրառում է «բռունցքի» պատկերավորիչը։



Թաքնված զայրույթի նշան է նաև ոչ բնական ժպիտը: Ինչպես հոդվածներից մեկում նշել էինք, ժպիտը հաճախ է կիրառվում այս կամ այն էմոցիան քողարկելու համար։ Ատամների արանքից, չափազանց ձգված բերանով ժպիտը, որն ուղեկցվում է հոգոցով, ընդհանուր համատեքստում զայրույթի և միևնույն ժամանակ արհամարհանքի նշան է:


Բացի այդ, անկեղծ ժպիտը կարճ է տևում, մի քանի վայրկյան, իսկ այստեղ այն  երկար է մնում դեմքի վրա։

      Հերքումն իբրև հաստատում

Պահվածքային անհամապատասխանություն կարող է թվալ նաև խոսքին զուգահեռ արված ոչ վերբալ հերքումը կամ հաստատումը։ Ոստիկանապետն ասում է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝  ոստիկանների մեջ սադրիչներ չկան»: Եվ կատարում է գլխի բացասական շարժում: Այստեղ հերքումը հաստատում է խոսքը, քանի որ ընդգծում է այն:


Անհամապատասխանություն և իսկապես ասածի ժխտում կլիներ, եթե ասվածն ուղեկցվեր գլխի դրական շարժմամբ:


Հանգստացնող ազդակ


                                               Թե ով է գլխավորը

«Դիկտատոր» առաջնորդների  մասին խոսելիս նշեցինք, որ նրանք հաճախ են օգտագործում ցուցամատի նշանը, որով դիմացինին «ցույց» են տալիս՝ ինչ պետք է անել. կարգադրում, հրամայում են և շեշտում իրենց գլխավորությունը։ Այդ նշանը կիրառում է նաև Վլադիմիր Գասպարյանը։


Ավելի վստահ զգալու համար ոստիկանապետը լայն հենում է ձեռքերը, մեծ տարածք զբաղեցնում՝ ցույց տալով, թե տիրապետում է իրավիճակին։



Նույն տեսանյութում մենք տեսնում ենք, որ Վ. Գասպարյանը խոսելու ընթացքում գլուխը փոքր-ինչ հետ է տանում, այլ կերպ ասած՝ «քիթը բարձրացնում է»՝ դարձյալ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի տերն այստեղ ինքն է։ Բանն այն է, որ գլուխը բարձրացնելով՝ մարդը ենթագիտակցաբար իրեն ավելի բարձրահասակ է պատկերացնում, ինչը թույլ է տալիս դիմացինին «դարձնել ավելի փոքր» ։
Գլուխը հետ տալը որոշ իրավիճակներում դրսևորվում է նաև իբրև զրուցակցի հանդեպ արհամարհանքի նշան և դիմացինին «ստորացնելու» նպատակ ունի։
Սա  փախուստի նշան  է համարվում այն դեպքում, երբ  միաժամանակ հետ է տարվում մարմինը։




Ինչպես արդեն քանիցս նշվել է, փախուստ մարդը կատարում է, երբ հայտնվում է իր համար ոչ հարմարավետ գոտում՝ տհաճ իրավիճակ, զրուցակից, անցանկալի հարց և այլն։
Այստեղ ևս լսում ենք անհարկի կրկնություններ. «Դա հարիր չի մեր ազգին, դա հարիր չի մեր ազգին»։
Ողջ կերպարն ամբողջականանում է ձայնի տոնի բարձրացմամբ, բառերի կրկնությամբ, խոսքի շեշտադրմամբ և ձեռքի թեթևակի հարվածով, ինչը զայրութի դրսևորում է։

                                       Լարվածություն

Երբ զրուցակիցը հայտնվում է ոչ հարմարավետ գոտում,  լարվում, նյարդայնանում  է, նրա ուսերը  բարձրանում են՝  այսպիսով գլուխն առնելով որոշակի «պատյանի մեջ»։ Սա կոչվում է «կրիայի էֆեկտ», որը մարդը կիրառում է տհաճ իրավիճակներում ։ Այն ենթագիտակցաբար նաև փախուստ է;


Երբ մարդը հանգիստ է ու վստահ, ուսերը սովորական վիճակում են, իրար հավասար, իսկ գլուխը՝ բարձր։ Եվ ընդհակառակը, երբ ուսերը բարձրացված են, իսկ գլուխը՝  կախ, փակվածության, անվստահության, տհաճության նշան է։

                              Անվստահություն և կասկած

Իսկ ահա արդեն մեկ ուսի բարձրացումը պահվածքային անհամապատասխանության, սեփական խոսքի հանդեպ անվստահության, կասկածի նշան է: Այս ոչ վերբալ պահվածքի դրսևորումը մենք տեսնում ենք, երբ ոստիկանապետը պատասխանում է ռուս լրագրողի հարցին՝ արդյոք ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է ուժ կիրառել:


Վլադիմիր Գասպարյանը փորձում է ստեղծել հավասարակշռված, իրավիճակը վերահսկող, գլխավորի կերպար, ինչը նրան մասամբ է հաջողվում: Սակայն, երբեմն չափազանց շատ լարվածությունն ու նյարդային իրավիճակները թույլ չեն տալիս, որ նա լիովին տիրապետի իր ոչ վերբալ պահվածքին, ինչի մասին վկայում են անհարկի կրկնությունները, թաքնված զայրույթն ու արհամարանքը, փախուստը, անհամապատասխանությունը և այլն։

Հոդվածում օգտագործված են հատվածներ «Ազատություն» ռադիոկայանի, «Առաջին լրատվականի», «CivilNet»-ի, «Yerevan Today»-ի տեսանյութերից։

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Իսկ երբ ընթերցողը շունչը պահած ու ագահաբար, հետաքրքրությունից ծարավ ու շրջապատից ամբողջությամբ կտրված, հիացմունքով ու սրտի թրթռոցով մի որևե հոդված է կարդում, ՈՒՐԵՄՆ ԱՅԴ ԼՐԱԳՐՈՂԸ 101% ՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՊՌՈՖԵՍԻՈՆԱԼ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ! ԿԵՑՑԵՍ ՏԱԹԵՎ Ոչ մի վիրավորանք, ոչ մի քծնանք, ոչ մի վախ, ոչ մի ջղայնություն, ոչ մի լարվածություն, ոչ մի օտար բառի օգտագործում, պարզ ու զուլալ նկարագիր, ինչպես ասենք Րաֆֆին կնկարագրեր Արարատյան դաշտավայրի լուսաբացներից մեկը։ Չեմ ճանաչում այս լրագրողին անձամբ բայց եթե ես որևե մի լրագրողի ամենապատվավոր կոչում տալու պատվին արժանանայի ուրեմն դա հաստատ ձեզ կտայի! Բոլոր էլեմենտները առկա են, հոգեբանություն, ժեստաբանություն, դիմագծերի ճիշտ նկարագրություն և այլն... Իմ կարծիքով դուք պետք է նաև վարպետաց դասնթացներ անցկացնեք մեր լրագրողների հետ, վստահ եմ որ մեծ գործ արած կլինեք... Խորին հարգանքներս ձեզ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter