HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վստահություն` Կառավարության նոր ձախողումներին

ԱԺ-ի հաջորդ քառօրյայում քվեարկության կդրվի 2016թ. պետական բյուջեի նախագիծը: Որևէ կասկած չկա, որ քաղաքական մեծամասնությունը ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասի աջակցությամբ այն կընդունի` չնայած նրան, որ Կառավարությունը ներկայացրել է բոլոր իմաստներով ստագնացիոն բյուջեի նախագիծ:

Փաստացի ընդունվելու է մի բյուջե, որը նպաստելու է երկրում աղքատության խորացմանը: Ակնկալվող 4 տոկոս գնաճի պայմաններում աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: ՀՆԱ-ի իրական աճը նախատեսվում է 2,2 տոկոս նախորդ տարվա 4 տոկոսի փոխարեն: Ընդունվում է մի բյուջե, որով Կառավարությունն օրենքի ուժ է տալիս ստվերային տնտեսության աճին: Եթե 2015թ. կանխատեսվել էր, որ հարկերի եւ տուրքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմելու է 24,5 տոկոս, ապա 2016թ. դեպքում`  21,7 տոկոս: Սա նշանակում է, որ Կառավարությունը փաստացի որդեգրել է օլիգարխիկ տնտեսական համակարգը պահպանելու, տնտեսական կոռուպցիայի դեմ որևէ պայքար չմղելու, ավելին` նախատեսված մուտքային ցուցանիշներն, ըստ էության, հենց այդպիսի համակարգի շնորհիվ ապահովելու քաղաքականություն:

Սա մի բյուջե է, որտեղ տնտեսական որևէ խոշոր, հավակնոտ ծրագիր գոյություն չունի: Բյուջեի դեֆիցիտը փակելու հիմնական կամ միակ միջոցը արտաքին փոխառություններն են, ինչի հետևանքով 2016թ. վերջում արդեն Հայաստանի արտաքին պարտքը կկազմի որոշ հաշվարկներով մոտ 5,5մլրդ դոլար և կգերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Դատելով կառավարության հաստատած արդեն մոտ 500 մլն դոլարի չափով (հիմնական մասը Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից) վարկային միջոցներ ներգրավելու շուրջ համաձայնագրերով նախատեսված նպատակներից` այդ գումարներն ուղղվելու են ոչ թե տնտեսության և և նրա ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աշխուժացմանը, այլ արտաքին ու ներքին պարտքի սպասարկմանը: Այլ կերպ ասած` Հայաստանը պարտքեր է վերցնում` հին պարտքերը փակելու համար, որը նախանշում է Հայաստանի` պարտքային կոլապսի մեջ ընկնելու հեռանկարը: 

Նման հոռետեսական բյուջեի ընդունումը, սակայն, ինչ-որ իմաստով կարելի է օրինաչափ համարել, որովհետև այն բխում է ընթացիկ տարվա ընդհանուր տնտեսական վիճակից, որն այլ կերպ, քան խայտառակ ուղղակի հնարավոր չէ համարել: Արդեն իսկ պարզ է, որ 2015թ. բյուջեն առնվազն եկամուտների մասով հնարավոր չի լինելու կատարել: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի` վերջերս տված պարզաբանման, թերակատարումը ներկա պահին հասնում է մոտ 7 տոկոսի: Տարվա առաջին 8 ամիսներին հարկերի հավաքագրումը կազմել է 692 մլրդ դրամ: Որպեսզի այս մասով բյուջեն կատարվի, Կառավարությունը պետք է կարողանար մյուս 4 ամիսներին հավաքագրել 460 մլրդ դրամ, ինչը, մեղմ ասած, անիրատեսական է:

Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են մոտ 3 անգամ: Հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,9 մլրդ ԱՄՆ դոլար, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 20,4%-ով։ Նվազել են թե՛ ներմուծման և թե՛ արտահանման ծավալները: Առավել ցավոտ է ներմուծման մակարդակի անկումը` 26,6 տոկոսով, ինչը առարկայորեն ցույց է տալիս երկրի ներսում վճարունակ պահանջարկի կտրուկ անկումը: Այսինքն՝ մարդկանց համատարած աղքատացումը ստիպում է գնալով ավելի քիչ ապրանքներ գնել, ինչի հիմնական պատճառը մասնավոր տրանսֆերտների նվազումն է: Նախորդ տարվա համեմատ, 9 ամիսների կտրվածքով, այն նվազել է 407 միլիոն դոլարով կամ 38 տոկոսով: Այսինքն՝ գրեթե բոլոր ցուցանիշներով Կառավարությունը ձախողել է բյուջետային քաղաքականությունը:

Կառավարությունը ձախողել է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից իր ակնկալիքների մասով: Նախատեսված էր, որ   2015թ. Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի 1,13 տոկոսը կամ դրամային արտահայտությամբ մոտ  250 մլն դոլար: Օրերս, առանց կոնկրետացումներ կատարելու, ՀՀ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ Հայաստանի այս տարվա չափաբաժինը, ամենայն հավանականությամբ, նախատեսվածից քիչ է լինելու` ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական վատթարացող վիճակի պատճառով:

ԵԱՏՄ-ին անդամակցությունը հիմնավորվում էր Հայաստանի տնտեսվարողների առջև մոտ 170մլն-անոց շուկայի բացման վարդագույն հեռանկարով: Հայաստանն արդեն 11 ամիս է, ինչ ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, սակայն այդ միության բոլոր անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը նույնիսկ ավելի է նվազել, քան դրանից դուրս գտնվող երկրների պարագայում: Մասնավոապես՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 14,1 տոկոսով, արտահանման ծավալները` 27,8, իսկ ՌԴ-ից ներմուծման ծավալները` 12,9 տոկոսով: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 21,2 տոկոսով: Դեպի Բելառուս արտահանման ծավալները նվազել են 36,7 տոկոսով: Այլ կերպ ասած` հայաստանյան տնտեսվարողներն այդպես էլ չտեսան խոստացված 170մլն-անոց շուկան և դրա առավելությունները:

Ցանկացած ժողովրդավարական երկրում նման աղաղակող ձախողումների պարագայում միանշանակ պետք է դրվեր Կառավարության հրաժարականի հարցը:  Բարոյականության տեսանկյունից և նորմալ պետական կառավարման ու քաղաքական մշակույթ ունենալու պարագայում Կառավարությունն ինքը պետք է բյուջեի նախագծի ներկայացմանը զուգահեռ ուղղակիորերն հանդես գար իր վստահության հարցը խորհրդարանի առջև դնելու նախաձեռնությամբ: Մեր դեպքում, սակայն, անգամ անդունդ գլորվելու ճանապարհին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է լավատեսական հայտարարություններ կատարել տնտեսական ու բյուջետային բոլոր նախատեսված ցուցանիշներն ապահովելու մասին, որոնք նախարարների ներկայացրած իրականին մոտ իրավիճակի խորապատկերին թվում են ավելի շատ զավեշտալի` ավելորդ անգամ հասկանալի դարձնելով ստեղծված ու խորացող իրավիճակին վարչապետի անադեկվատությունը:

Նման դեպքերում խորհրդարանն ինքն է ստանձնում վարչապետին «գետնին վերադարձնելու» գործը` Կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով: Դրա համար առանձնահատուկ ընթացակարգ պետք չէ: Խորհրդարանն իր տրամադրության տակ սահմանադրական երկու գործիք ունի: Առաջինը նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումն ու քվեարկությունն է, որը սովորաբար տեղի է ունենում հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Երկրորդը հաջորդ տարվա բյուջեի ընդունումն է, երբ պատգամավորներն իրենք են նախաձեռնում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը:

Ու չնայած այս պահին, երբ քննարկվում է 2016թ. բյուջեի նախագիծը,  ստեղծված է հատկապես երկրորդ ճանապարհով գնալու հնարավորություն, նման մտավախություն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չունի: Որովհետև թե՛ խորհրդարանական մեծամասնությունը և թե՛ փոքրամասնությունը չեն էլ ցանկանում մտածել այդ մասին: Նրանք առաջնորդվում են ոչ թե քաղաքական պատասխանատվության, այլ` մի կողմից կաստայական, խմբակային համախոհության ու կոնֆորմիզմի, մյուս կողմից` քաղաքական օպորտունիզմի սկզբունքներով: Այդ «սկզբունքների» հիման վրա ստեղծվել է մի համակարգ, որտեղ եթե Կառավարությունը 100 տոկոսով էլ տապալած լիներ բյուջեն, միևնույնն է` դա անվստահություն հայտնելուն չէր հանգեցնելու: Սա ոչ թե անձնական, այլ կոլեկտիվ անպատասխանատվություն է: Քաղաքական ուժերի մեծ մասի դիրքորոշումների հիմքում ընկած է ոչ թե Կառավաության գործունեության արդյունքների ու որակի, երկրում ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գնահատումը, այլ Հովիկ Աբրահամյանի անձի նկատմամբ վերաբերմունքն ու նրանից անձնական ակնկալիքները:

Ահա թե ինչու քաղաքական մեծամասնությունը հիմա ատամներով պաշտպանում է գործող Կառավարությանն ու վարչապետին` ակնհայտ ձախողումները մատուցելով որպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելիս նրանց ցուցաբերած անանձնական հերոսության դրսևում, իսկ փոքրամասնությունը բավարարվում էընդամենը 2016թ. բյուջեին դեմ արտահայտվելով ու սենյակները քաշվելով` փաստորեն արտոնելով Կառավարությանը նորանոր ձախողումների... 

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Կարծում եմ, որ գործող կառավարությանը պաշտպանում է ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, քանի որ վերջինս կատարել էր իր «գործը»՝ հեռացրել էր նախորդին: Կարծում եմ նաև, որ ընդդիմությանը ձեռք է տալիս նման իրավիճակը, այլապես չէր պայքարի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter