HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ լրագրողի՝ կան անձեռնմխելի պաշտոնյաներ, և կան պաշտոնյաներ, որոնց մասին կարելի է գրել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և նույն թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի: Նախագահող Ռուբեն Վարդազարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դեկտեմբերի 7-ին հրապարակված վճռով կպարզվի՝ դատարանը կբավարարի՞, թե՞ կմերժի Ռուզաննա Խաչատրյանի հայցը, թերթում 2015թ. մայիսի 21-ին տպագրված «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածում զրպարտիչ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ:    

Պաշտպանության նախարարի տիկնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը խնդրեց դատարանից պարտավորեցնել «Հրապարակ»-ին տպագրել իրենց պատասխանը և հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը` գտնելով, որ այն պարունակում է իր վստահորդին՝ Ռուզաննա Խաչատրյանին զրպարտող տեղեկատվություն: Կարեն Մեժլումյանը պահանջեց նաև, որ hraparak.am կայքից հանվի «Հանրությունն ուզում է իմանալ»  հոդվածը: Նախարարի կինը գումարային պահանջ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձ կա տարիներ առաջ տեղի ունեցած մի դժբախտ պատահարի, որին, ըստ լրատվամիջոցների, առնչություն է ունեցել Ռուզաննա Խաչատրյանը: Մայիսի 23-ին «Հրապարակը» տպագրել է «Հանրությունն ուզում է իմանալ-2» հրապարակումը, որտեղ հեղինակ Սյուզան Սիմոնյանը ներառել է նաև Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած հասարակական կազմակերպության պատասխանը: Այսինքն՝ նյութը պարունակում է նաև պատասխանող կողմի տեսակետը:   

Դատավոր Ռուբեն Վարդազարյանը, մինչ խորհրդակցական սենյակ անցնելը, հարցեր տվեց կողմերին: Կողմերը ևս հարցեր տվեցին միմյանց: Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, նաև ինքը`պատասխանողը հարցրեցին, թե կոնկրետ հոդվածի ո՞ր մասը պետք է հերքել: Կարն Մեժլումյանն էլ պատասխանեց. «Արտամուսնական կապի ու վթարի մասերը»:

«Եթե մեր նպատակը լիներ վթարի մասին տեղեկություն հրապարակելը, կնայեինք, թե, օրինակ, Աննա Խաչատրյանը Ռուզաննա Խաչատրյանի հետ ինչ կապի մեջ է եղել, արդյոք Աննա Խաչատրյանը նստե՞լ է կալանավայրում, թե՞ դա ձևական է գրված: Այսօր ասել, որ դա սուտ է կամ ճիշտ է, չենք ուզում, քանի որ չենք ուսումնասիրել, դատախազության քննություններին էլ չենք հավատում: Այս հրապարակմամբ մեր խնդիրն այլ է եղել: Իսկ Ռուզաննա Խաչատրյանի դրվագը եղել է որպես իլյուստրացիա… Սեյրան Օհանյանի կնոջ նկատմամբ ընդհանուր վերաբերմունք եմ նկատել, և դա հայցում էլ է երևում: Օրինակ՝ չի կարելի նրա մասին վատը գրել, օ՜, ինչ եք ասում, մեր բանակին եք վնասում: Այսինքն` կան անձեռմխելի պաշտոնյաներ, և կան պաշտոնյաներ, որոնց մասին կարելի է գրել: Այս տարբերակումը նկատել եմ: Փաստորեն, Սեյրան Օհանյանը և նրա կին` դոկտոր Խաչատրյանը, այդ անձեռնմխելիների շարքին են իրենց դասում»,- քննության ավարտից հետո «Հետքի» հետ զրույցում ասաց լրագրող Սյուզան Սիմոնյանը:

Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ «Հրապարակ» օրաթերթում Ռուզաննա Խաչատրյանի մասին տասնյակ այլ հոդվածներ կան` «իրոնիայով ներկայացված, բացասական երանգներով»: «Բայց լրագրող են, գրում են, քննադատում են: Իսկ այս հոդվածում քննադատություն չէ, սա զրպարտություն է: Մարդու անունը շոշափում են մահվան ելքով վթարի պատմության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ «Հայկական ժամ» լրատվամիջոցում զրպարտություն պարունակող տասնյակը գերազանցող հոդվածներ կան նույն անձի` պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի մասին: Այդ լրատվամիջոցի դեմ տիկին Խաչատրյանի ներկայացուցիչը մի քանի հայց է ներկայացրել: Հոդվածները ստորագրված են Ալիս Խեչոյան անունով: «Բայց մենք վստահ ենք, որ Ալիս Խեչոյան ազգանունով անձը ֆեյք է, ամենայն հավանականությամբ, իմ կարծիքով, հնարավոր է Աննա Գևորգյանն է` «Հայկական ժամի» խմբագիրը»,- ասաց Կարեն Մեժլումյանը: 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից լրագրող Սյուզան Սիմոնյանը, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter