Ըստ լրագրողի՝ կան անձեռնմխելի պաշտոնյաներ, և կան պաշտոնյաներ, որոնց մասին կարելի է գրել
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և նույն թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանի: Նախագահող Ռուբեն Վարդազարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դեկտեմբերի 7-ին հրապարակված վճռով կպարզվի՝ դատարանը կբավարարի՞, թե՞ կմերժի Ռուզաննա Խաչատրյանի հայցը, թերթում 2015թ. մայիսի 21-ին տպագրված «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածում զրպարտիչ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ:
Պաշտպանության նախարարի տիկնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը խնդրեց դատարանից պարտավորեցնել «Հրապարակ»-ին տպագրել իրենց պատասխանը և հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը` գտնելով, որ այն պարունակում է իր վստահորդին՝ Ռուզաննա Խաչատրյանին զրպարտող տեղեկատվություն: Կարեն Մեժլումյանը պահանջեց նաև, որ hraparak.am կայքից հանվի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը: Նախարարի կինը գումարային պահանջ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձ կա տարիներ առաջ տեղի ունեցած մի դժբախտ պատահարի, որին, ըստ լրատվամիջոցների, առնչություն է ունեցել Ռուզաննա Խաչատրյանը: Մայիսի 23-ին «Հրապարակը» տպագրել է «Հանրությունն ուզում է իմանալ-2» հրապարակումը, որտեղ հեղինակ Սյուզան Սիմոնյանը ներառել է նաև Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած հասարակական կազմակերպության պատասխանը: Այսինքն՝ նյութը պարունակում է նաև պատասխանող կողմի տեսակետը:
Դատավոր Ռուբեն Վարդազարյանը, մինչ խորհրդակցական սենյակ անցնելը, հարցեր տվեց կողմերին: Կողմերը ևս հարցեր տվեցին միմյանց: Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը, նաև ինքը`պատասխանողը հարցրեցին, թե կոնկրետ հոդվածի ո՞ր մասը պետք է հերքել: Կարն Մեժլումյանն էլ պատասխանեց. «Արտամուսնական կապի ու վթարի մասերը»:
«Եթե մեր նպատակը լիներ վթարի մասին տեղեկություն հրապարակելը, կնայեինք, թե, օրինակ, Աննա Խաչատրյանը Ռուզաննա Խաչատրյանի հետ ինչ կապի մեջ է եղել, արդյոք Աննա Խաչատրյանը նստե՞լ է կալանավայրում, թե՞ դա ձևական է գրված: Այսօր ասել, որ դա սուտ է կամ ճիշտ է, չենք ուզում, քանի որ չենք ուսումնասիրել, դատախազության քննություններին էլ չենք հավատում: Այս հրապարակմամբ մեր խնդիրն այլ է եղել: Իսկ Ռուզաննա Խաչատրյանի դրվագը եղել է որպես իլյուստրացիա… Սեյրան Օհանյանի կնոջ նկատմամբ ընդհանուր վերաբերմունք եմ նկատել, և դա հայցում էլ է երևում: Օրինակ՝ չի կարելի նրա մասին վատը գրել, օ՜, ինչ եք ասում, մեր բանակին եք վնասում: Այսինքն` կան անձեռմխելի պաշտոնյաներ, և կան պաշտոնյաներ, որոնց մասին կարելի է գրել: Այս տարբերակումը նկատել եմ: Փաստորեն, Սեյրան Օհանյանը և նրա կին` դոկտոր Խաչատրյանը, այդ անձեռնմխելիների շարքին են իրենց դասում»,- քննության ավարտից հետո «Հետքի» հետ զրույցում ասաց լրագրող Սյուզան Սիմոնյանը:
Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ «Հրապարակ» օրաթերթում Ռուզաննա Խաչատրյանի մասին տասնյակ այլ հոդվածներ կան` «իրոնիայով ներկայացված, բացասական երանգներով»: «Բայց լրագրող են, գրում են, քննադատում են: Իսկ այս հոդվածում քննադատություն չէ, սա զրպարտություն է: Մարդու անունը շոշափում են մահվան ելքով վթարի պատմության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ «Հայկական ժամ» լրատվամիջոցում զրպարտություն պարունակող տասնյակը գերազանցող հոդվածներ կան նույն անձի` պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի մասին: Այդ լրատվամիջոցի դեմ տիկին Խաչատրյանի ներկայացուցիչը մի քանի հայց է ներկայացրել: Հոդվածները ստորագրված են Ալիս Խեչոյան անունով: «Բայց մենք վստահ ենք, որ Ալիս Խեչոյան ազգանունով անձը ֆեյք է, ամենայն հավանականությամբ, իմ կարծիքով, հնարավոր է Աննա Գևորգյանն է` «Հայկական ժամի» խմբագիրը»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Գլխավոր լուսանկարում՝ ձախից լրագրող Սյուզան Սիմոնյանը, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը
Մեկնաբանել