HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում վերսկսվել է ժամանակավորապես դադարեցված հացադուլը

Խոստացած մեկ ամիսը լրացել է. արդարադատության նախարարությունից պատասխան չեն ստացել

Այսօրվանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մոտ 50 ցմահ դատապարտյալ վերսկսել է հացադուլը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներից:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ին մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին ուղարկել: Դրանից հետո հացադուլավոր ցմահ բանտարկյալների հարազատները Կառավարության նիստերի օրերին հավաքվում էին Կառավարության շենքի մոտ, ապա շարժվում նախագահի նստավայր` դիմումի պատասխանը ստանալու նպատակով:

Հաշվի առնելով այն, որ նախագահական նստավայրից հացադուլավորների 4 հոգանոց խմբին հոկտեմբերի 15-ին պատասխանել էին, որ ժամանակ է պետք դիմումին պատասխանելու համար` ցմահ դատապարտյալները հոկտեմբերի 16-ին ժամանակավորապես դադարեցրել էին հացադուլը`այդ մասին նշելով իրենց դիմումներում:

Իսկ հոկտեմբերի 22-ին նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության բաժնից քաղաքացիներին տեղեկացրել էին, որ դիմումը վերահասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, և պետք է սպասել մեկ ամիս` պատասխան ստանալու համար: Այս պատասխանը թեև չէր գոհացրել հարազատներին, այնուամենայնիվ թե հացադուլավորները, թե նրանց հարազատները որոշում էին կայացրել սպասել 30 օր:

«Մեկ ամիսը լրացել է, ոչ մենք, ոչ մեր հարազատները որևէ պատասխան չեն ստացել Արդարադատության նախարարությունից: Դա է պատճառը, որ նրանք այսօրվանից որոշել են վերսկսել հացադուլը, իսկ մենք էլ կորոշենք, թե ինչ քայլեր կանենք այստեղ»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում հայտնեց հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատներից մեկը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter