HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցից մահացած կնոջ գործով բողոք է ներկայացվել Գլխավոր դատախազություն

«Հետքը» գրել էր Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի Կարինե Հարությունյանի՝ օձի խայթոցից մահվան դեպքի մասին: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել խայթոցից 12 ժամ անց: Հրապարակումից հետո ԱՆ-ն պարզաբանեց՝ նշելով, որ անճշտություն է եղել: Կարինե Հարությունյանի զավակները պնդում են, որ մոր մահվան պատճառը «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկների անգործությունն ու անփութությունն է եղել: Նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, ինչի մասին հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Կարինե Հարությունյանի որդին՝ Սուրենավան գյուղի բնակիչ Գագիկ Թադևոսյանը, ով հայտնել է, որ նույն թվականի օգոստոսի 17-ին իրենց տան բակում օձը խայթել է իր մորը՝ Կարինե Հարությունյանին: Կատարվածից անմիջապես հետո տուժողը տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր շարունակ պատշաճ բուժօգնություն չստանալով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է օրգանիզմի սուր ինքնաթունավորման, բազմաօրգանային անբավարարության հետևանքով:

Քաղաքացու դիմումի հիման վրա Կազմակերպության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 3-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ պահանջելով Կ. Հարությունյանի մահվան հանգամանքները, պատճառները բացահայտելու, «Արարատի հիվանդանոց» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների բուժանձնակազմերի արարքում հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու, նրանց գործողությունների (անգործության) ու Կ. Հարությունյանի մահվան միջև պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել Կ. Հարությունյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

Պատասխան գրությամբ հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ դեռևս 2015թ. օգոստոսի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: 2015թ. հոկտեմբերի 14-ին վերջինս ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանին ուղղված գրությամբ պահանջել և նույն թվականի նոյեմբերի 2-ին ստացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը, որից պարզ է դառնում, որ որոշումը կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Սույն որոշման դեմ Գ. Թադևոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ խնդրելով վերացնել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մղդեսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թվականի օգոստոսի 30-ի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի /բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ/ հատկանիշներով՝ գտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել է ոչ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչը խոչընդոտել է Կ. Հարությունյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը, հետևաբար՝ խախտում է նրա՝ ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածով և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:

Վարույթն իրականացրած մարմնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մասին պետք է տեղեկացվեր նաև Գ. Թադևոսյանին, սակայն ինչպես վերը նշվեց, վերջինս դրա մասին տեղեկացել է միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմելուց հետո, երբ Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն, բացի դրանից՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հստակ նշել բողոքարկման կարգն ու ժամկետները, ինչը ևս չի կատարվել վերջինիս կողմից, իսկ բողոքարկման մարմինն ընդհանրապես սխալ է նշվել՝ մատնանշելով դատարանը, այնինչ Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը, հետևաբար, տվյալ դեպքում, մինչ դատարան բողոք ներկայացնելը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը պետք է բողոքարկվի վերադաս դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter