HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ինքնագովեստ, բայց ոչ թափանցիկություն և հաշվետվողականություն

ԵՄ աջակցության ծրագրերը՝ ՀՀ կառավարությանը

Վերջին 5 տարիներին Հայաստանի կառավարությունը միլիոնավոր եվրոների աջակցություն և վարկեր է ստացել Եվրոպական միությունից: Այդ գումարները հիմնականում ենթակառուցվածքների նորոգման, պետական մարմիններին տեխնիկական և բյուջետային աջակցության, ինչպես նաև կրթական և գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով են տրվել Հայաստանի կառավարությանը:

«Հետքն» ուսումնասիրել է վերջին 5 տարիներին ԵՄ-ի կողմից մեր կառավարությանը տրամադրված դրամաշնորհային և վարկային ծրագրերը՝ պարզելու, թե որքանով են ՀՀ պետական մարմինները թափանցիկ և հաշվետու՝ ԵՄ-ից ստացված գումարները ծախսելիս։

Այս հոդվածում ներկայացնում ենք 7 պետական կառույցի՝ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և կապի, սպորտի և երիտասարդության հարցերի և սփյուռքի նախարարությունների ծրագրերը։ Նախորդ հրապարակումներով անդրադարձել ենք ոստիկանության, դատական ատյանների և այլ նախարարությունների՝ ԵՄ-ից ստացած դրամաշնորհներին: 

Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրերը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Թափանցիկության և հաշվետվողականության մասին խոսելիս պետք է նշել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում չգտանք մանրամասն ֆինանսական հաշվետվություններ ԵՄ աջակցության ծրագրերի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում լավ դասակարգված են Հայաստան-միջազգային կառույցներ համագործակցության վերաբերյալ զեկույցները, համաձայնագրերն ու գործողությունների ծրագրերը: Ցավոք, նախարարությունը նույն պատրաստակամությամբ չի տեղադրել ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերը: Ինչո՞ւ է Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրերը համակարգող պետական կառույցը զլանում տասնյակ էջանոց գործողությունների ծրագրերի կողքին կցել նաև ֆինանսական հաշվետվությունները: Գեղեցիկ ձևակերպած զեկույցներից ու առաջիկա պլաններից բացի, հանրությունն իրավունք ունի լիարժեք և մանրամասն տեղեկանալ դրանց ֆինանսական հաշվետվություններին:

Պատասխանելով ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ «Հետքի» հարցմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է հիմնականում բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերով:

Բյուջետային աջակցության ծրագրեր

Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցները որպես բյուջետային եկամուտ տրամադրվում են ՀՀ պետական բյուջեին՝ տվյալ ֆինանսավորման համաձայնագրով սահմանված նախապայմանները հայկական կողմից ամբողջովին իրականացված լինելու պարագայում:

Բյուջետային աջակցության ծրագրերի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեզ որևէ տեղեկատվություն չի տրամադրել: Միայն նախարարության 2014թ. հիմնական աշխատանքների արդյունքների մասին տարեկան հաշվետվությունում նշվում է.

  • Աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղի զարգացմանը 2013թ. Բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ 25 մլն եվրո արժեքով:
  • ԵՄ բյուջետային աջակցության 2011թ. ֆինանսավորման համաձայնագրի լրացումը՝ 21 մլն եվրո արժեքով:
  • 2014թ. ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջեին փոխանցվել է ավելի քան 13 մլն եվրո:

ԵՄ տրամադրած բյուջետային աջակցության վերաբերյալ նման կցկտուր տեղեկությունները, այն էլ՝ տեքստային ձևակերպմամբ, հնարավորություն չեն տալիս պարզելու, թե 2010-2015թթ. յուրաքանչյուր տարի որքա՞ն գումար է Եվրամիությունն ուղղել Հայաստանի պետական բյուջե, և որքանո՞վ է այդ գումարը տարեկան աճել կամ նվազել։ Կառավարությունը միգուցե հաշվետու է լինում Եվրամիությանը, բայց հանրությունն այդ մասին չի տեղեկանում:

Տեխնիկական աջակցության ծրագրեր

Ի տարբերություն բյուջետային աջակցության ծրագրերի՝ տեխնիկական աջակցության դեպքում երկրին փաստացի գումարներ չեն տրամադրվում, այլ ԵՄ-ն անմիջականորեն ֆինանսավորում է համապատասխան համաձայնագրով նախատեսված գործողությունների և միջոցառումների իրականացումը:

Տեխնիկական աջակցության ծրագրերի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է մի ցանկ, որում, սակայն, մանրամասն բովանդակային կամ ֆինանսական տեղեկություններ ներառված չեն: Այդ տեղեկությունները չկան նաև նախարարության կայքում:

2007-ից Եվրամիությունը Հայաստանին տեխնիկական աջակցություն տրամադրում է «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ)» միջոցով: Այս գործիքի ներքո իրականացվել են Թվինինգ, Թայեքս և Սիգմա ծրագրերը, որոնցից միայն Թվինինգի մասին է էկոնոմիկայի նախարարությունը մեզ տեղեկություն տրամադրել:

Թվինինգ ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլն եվրո, ծրագրի միջին տևողությունը 12-24 ամիս է: Սեղմեք այստեղ՝ ծանոթանալու 2010-2015թթ. Թվինինգ ծրագրով աջակցություն ստացած կառույցների ցանկին:  

Թայեքս և Սիգմա ծրագրերի մասին իր պատասխանում կցկտուր նշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Նախարարության կայքում ֆինանսական հաշվետվություններն ավելի մանրամասն են, բայց միայն վերջին երկու տարիներն են ընդգրկում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք գրավոր հարցում ուղարկել՝ վերջին հինգ տարիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

2010-2015թթ. ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացանք, որ Եվրոպական Միության (ԵՄ) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանն արտոնյալ պայմաններով վարկավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Բացի այդ` մեր կառավարությունը դրամաշնորհներ է ստանում նաև Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) միջոցով: Ստորև ներկայացնում ենք վերակառուցման և ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը:

Յուրաքանչյուր ծրագրի մասին մանրամասն տեղեկանալու համար սեղմեք լուսանկարի վրա գտնվող խոշորացույցի նշանին:

 Առողջապահության նախարարության՝ ԵՄ համագործակցությամբ նախատեսված անհայտ աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարարության կայքում «Միջազգային համագործակցություն» բաժին կա, որտեղ Եվրոպական միության հետ համագործակցության մասին նշվում է, որ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով 2012-2013թթ. նախատեսված աշխատանքը հաջողությամբ ավարտելուց հետո նոր առաջարկներ են կազմվել 2014-2015թթ.-ի համար: Գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքի բնույթը հասկանալու համար ուսումնասիրեցինք ԵՄ-ՀՀ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը: Փաստաթղթի 55-րդ հոդվածում, որը վերաբերում է շրջակա միջավայրին, մեկ կետով նշված է. «Առողջապահությանն ու սոցիալական հարցերին ուղղված տեխնիկական օգնություն»: Մեկ այլ նշում կա նույն փաստաթղթի 60-րդ հոդվածում. «Ուսուցում, մասնագիտական վերապատրաստում առողջապահության, անվտանգության հարցերում` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր ռիսկի գործոնի հետ կապված գործունեության ոլորտներին»:

Քանի որ վերոնշյալ ձևակերպումները ոչինչ չեն ասում եւ չեն մանրամասնում առողջապահության ոլորտում ԵՄ ներդրումները, գրավոր հարցումով դիմեցինք նախարարությանը:

«Նախարարությունն իրականացնում է ԵՄ-ՀՀ գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքները: 2010-2015թթ. համագործակցությունն ընթացել է մի քանի երկամյա համագործակցության ծրագրերի միջոցով, որոնց շրջանակներում ԵՄ կողմից նախարարությանը ֆինանսավորում չի հատկացվել»,- նշված է ՀՀ ԱՆ` «Հետքին» ուղարկված պատասխանում: Թ՛ համաձայնագրում նշված կետերից և թե’ նախարարության պատասխանից պարզ չեն դառնում Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքների մանրամասները:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի արտացոլոււմ ՀՀ առանձնահատկությունները

Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի համաձայնագրի մի հոդված ամբողջությամբ նվիրված է տրանսպորտի ոլորտին: «Երկաթգծերի, ջրային ուղիների, ավտոմայրուղիների, նավահանգիստների, օդանավակայանների և օդագնացության ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումը, ներառյալ հիմնական տրանսպորտային ուղիների նորացումը»,- սա մեջբերում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության և համագործակցության համաձայնագրից:

Նորություն չէ, որ Հայաստանի հանրապետությունը ջրային ուղիներ և նավահանգիստներ չի կարող ունենալ, այսիքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստան - Եվրամիություն համաձայնագիրը կազմվել է նախկինում առկա որևէ օրինակի վրա՝ առանց մանրամասն ուսումնասիրելու Հայաստանին բնորոշ խնդիրները: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ասում է, որ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր չունի

Ավելին, «Հետքի»՝ ԵՄ-ից ստացած աջակցության վերաբերյալ հարցմանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից պատասխանել են. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2010-2015թթ. Եվրոպական միության ֆինանսավորմամբ ծրագրեր չեն իրականացվել»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու է լինում ամփոփ հանդիպումների միջոցով

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդգրկված է ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերում: Այդ մասին որևէ հաշվետվություն, սակայն, նախարարության կայքում հնարավոր չէ գտնել: Մեր գրավոր հարցման պատասխանում նախարարությունը նշում է, որ ԵՄ-ից ստացած աջակցության ծրագրերի վերաբերյալ գյուղատնտեսության նախարարությունը հաշվետու է լինում դրամաշնորհատուին ամփոփ հանդիպումների և միջոցառումների ժամանակ:

2015թ. հունվարից մեկնարկել է Եվրոպական միության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ծրագիրը (ENPARD), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (25 մլն եվրո) և Ավստրիական զարգացման գործակալության (1 մլն եվրո) կողմից: Ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ: Ծրագիրը նաև օժանդակելու է գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի (կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր, հակացրտահարության) համակարգերի ներդրմանը: Առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունվարին, տևողությունը՝ 36 ամիս: «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ծրագրի (ENPARD) առաջին տարվա կատարողականի հրապարակումը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 14-ին` Արմենիա-Մարիոթ հյուրանոցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օժանդակություն են ստացել նաև «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրով: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. ապրիլին՝ 21 ամիս տևողությամբ, բյուջեն՝ 1 մլն եվրո։ Նպատակն է մշակել տեսչական ստուգումների և ուսուցման համար ընթացակարգեր, ապահովել տեսչական կառուցվածքի բարելավում և իրազեկվածության բարձրացում։ Ինչպես հայտնում են գյուղնախարարությունից, «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի արդյունքները հրապարակվել են 2014թ. հունվարին Եվրամիության պատվիրակության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համատեղ ամփոփ հանդիպման ժամանակ, որտեղ ներկա էին մի շարք հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ:

Գյուղատնտեսության նախարարությունից «Հետքին» տեղեկացնում են նաև, որ  Եվրահանձնաժողովի TAIEX գործիքի ներքո 2012թ. սեպտեմբերի 19-20-ը կազմակերպվել է «ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում» թեմայով սեմինար: Իսկ  2014թ. փետրվարի 18-21-ը կազմակերպվել է «Հայաստանում քաղցրահամ ջրերում ակվակուլտուրաների բարելավված կառավարում» թեմայով TAIEX փորձագիտական առաքելություն: 2012թ. նոյեմբերի 12-14-ը տեղի ունեցած «Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացում» թեմայով TAIEX փորձագիտական առաքելությունը նույնպես կայացել է ԵՄ աջակցությամբ։

Ֆինանսավորվել է նաև «Ձկնաբուծության կայուն կառավարում» խորագրով ուսումնական այցը Կոպենհագեն, Ֆրեդերիկա, Դանիայի Թագավորություն՝ 2014 թ. հունիսի 23-27-ը։

Վերոնշյալ տեղեկությունը կարելի է ստանալ միայն գրավոր հարցում ուղարկելուց հետո: Ավելորդ է խոսել համակարգված ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները կայքում հրապարակելու մասին՝ ըստ տարիների: Մեր նախարարություններից որոշների պաշտոնական կայքերում նշված էլեկտրոնային կոնտակտային հասցեները երբեմն ճիշտ չեն նշված: Հաճախ հարցումների պատասխանները կարող են ուշանալ՝ դրանք չստանալու պատճառաբանությամբ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միայն բովանդակային հաշվետվություններ է տալիս

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նույնպես բացառություն չէ ԵՄ ծրագրերի վերաբերյալ իրենց կայքում հաշվետվություններ չտեղադրելու առումով: Այս մասին տեղեկատվություն ստացել ենք՝ կրկին գրավոր հարցման միջոցով: Նախարարությունը նշում է, որ Եվրոպական միության կողմից ուղղակի ֆինանսավորում չի ստացել. համատեղ ծրագրերի ֆինանսավորումը կատարվել է ԵՄ համապատասխան ծրագրի կողմից ուղղակի ծախսերի միջոցով, իսկ նախարարությունն իրականացրել է միայն կազմակերպչական աշխատանքներ:

Հաշվետվությունների հրապարակայնության վերաբերյալ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շեշտում է, որ իրենք հրապարակել են միայն բովանդակային հաշվետվություններ և լուրեր մամուլում:

Այսպիսով՝ նախարարությունը համագործակցում է “EU-CoE youth partnership” կազմակերպության հետ, որի հետ համատեղ վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների երիտասարդական քաղաքականության համաժողովը (Երևան, 25-30 մարտ, 2012թ. և 13-14 նոյեմբեր, 2013թ.): Ֆինանսական հաշվետվության մասին տեղեկություն այս ծրագրի վերաբերյալ նախարարությունը չի տալիս:

Նախարարությունը համագործակցում է նաև “Eastern Partnership Youth Regional Unit”-ի հետ՝ իրականացնելով Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագրի ազգային աշխատաժողովներ (Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 19-20 հունիս, 2014 և 10-11 հոկտեմբեր, 2014թ.):

Նույն համագործակցությամբ է իրականացվել նաև Արևելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագրի ռեգիոնալ սեմինարը՝ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրների շեշտադրմամբ (Լոռու մարզ, Ստեփանավան, 25-27 մայիս, 2015թ.):

Վերոնշյալ ծրագրերի, կոնֆերանսների կազմակերպման և իրականացման ծախսերի վերաբերյալ նախարարությունը որևէ տեղեկություն չի տրամադրում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Եվրամիության հետ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի ծրջանակում: ՊՈԱԿ-ն ընդունել է 4 արտասահմանցի կամավորների՝ գործընկեր կազմակերպություններից: Հայաստանում կամավորների կեցության, սննդի և փոքր նախաձեռնությունների համար նախատեսված ծախսերը հոգալու համար «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ԵՄ-ից ստացել է 18765 եվրո: Ընդունելուց բացի՝ ՊՈԱԿ-ը նաև 2 հայ կամավոր է ուղարկել ԵՄ երկրներ, որի համար ստացել է 573 եվրո:

«Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի հաշվետվողականության վերաբերյալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից պատասխանել են, որ ծրագրի ավարտին ֆինանսավորող կազմակերպությանը տրամադրում են բովանդակային հաշվետվություն, իսկ ֆինանսական հաշվետվություն ԵՄ-ն չի պահանջում: Նախարարությունն ավելացնում է, որ ներքին հաշվապահության ապահովման համար ամեն ամիս կամավորները ներկայացնում են ՀԴՄ կտրոններ և կոմունալ ծախսերի վերաբերյալ կտրոններ, իսկ վարձակալության համար նոտարական հաստատմամբ պայմանագիր է կնքվել:

ՀՀ սփյուռքի նախարարությունը երբեք ԵՄ-ից չի ֆինանսավորվել

Մենք նույն հարցմամբ դիմել էինք նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ իրենց գործունեության ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող որևէ ծրագիր չեն իրականացրել:

Ուսումնասիրելով վերոնշյալ 7 նախարարությունների հաշվետվությունները՝ կարելի է եզրակացնել, որ այս կառույցները փորձում են թափանցիկ և հաշվետու լինելու տպավորություն ստեղծել, սակայն նրանց աշխատանքը բավականաչափ համակարգված չէ՝ այդ տպավորությունն իրականություն դարձնելու համար։ Նախարարությունների կայքերի «Հաշվետվություններ» բաժնում հստակ առանձնացված չեն ֆինանսական և բովանդակային մասերը: Հաճախ հաշվետվություններում կարելի է հանդիպել այս կամ այն ծրագրի նպատակի կամ արդյունքի գեղեցիկ ձևակերպումը, ինչն ավելի շատ ինքնագովեստ է, քան տեղեկատվություն:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Լուսանկարն արված է ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ 2015թ. մայիսին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ

Այս նյութը պատրաստվել է ԵՄ աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, եւ այն որեւէ ձեւով չի արտահայտում ԵՄ տեսակետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter