HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչո՞ւ եք նեղանում թուրքերից, հարգելի ռուսներ, գուցե դա՞ էլ է բիզնես

Թուրքիայի և Սիրիայի սահմանագծին թուրքական կործանիչի կողմից ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացումից հետո Ռուսաստանում հակաթուրքական իսկական փոթորիկ է բարձրացել: Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը ռուսական ռմբակոծիչի ոչնչացումը որակել է իրենց հասցված «հարված թիկունքից»: ՌԴ նախագահը հայտարարել է, թե կատարվածը լրջորեն անդրադառնալու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է նոյեմբերի 25-ին պլանավորված այցը Անկարա, և որ Թուրքիայի դեսպանին խիստ զգուշացում է արվել կատարվածի կապակցությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը, արգելել սպիտակ մսի ներկրումն այդ երկրից:

Թուրքիայի դեմ տրամադրությունները շիկացել են նաև քաղաքական և հասարակական մակարդակներում: Նախօրեին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ նախագահ Պուտինին առաջարկել են խզել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե  Ռուսաստանը, ի պատասխան ինքնաթիռի ոչնչացման, պետք է սկսի աջակցություն ցուցաբերել Սիրիայի և Թուրքիայի քրդերին թուրքական բանակի դեմ պայքարում: Այսօր հարձակման է ենթարկվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը: Մի խումբ ցուցարարներ դեսպանատան շենքի վրա քարեր են նետել, լուսամուտներ ջարդել, պատերին ներկանյութ թափել: Սոցիալական ցանցերի ռուսական հատվածն ամբողջությամբ ողողված է հակաթուրքական գրառումներով, սպառնալիքներով, կոչերով: Կարճ ասած` Ռուսաստանը չափազանց ցավոտ հարված է ստացել Թուրքիայից, որին համարում էր իր ռազմավարական դաշնակիցը, ինչից ուշքի գալ չի կարողանում:

Ցավն այնքան ուժեղ է, որ վերջապես բացել է ռուսների և Ռուսաստանի իշխանությունների աչքերը: Փաստորեն, անհրաժեշտ էր ինքնաթիռ և օդաչու կորցնել, որպեսզի բոլոր մակարդակներով բարձրաձայնվեր բոլորի մտքին, բայց ոչ լեզվին գտնվող այն ակնհայտ ճշմարտությունը, որ Թուրքիան բացահայտ և անարգել վերածվել է միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրի: Քանի դեռ այդ միջադեպը չէր եղել, Թուրքիային, փաստորեն, ներելի էր ԻՊ-ի հետ նավթի ոչ լեգալ առևտուրը, ծայրահեղ իսլամիստ զինյալների համար Սիրիա և Իրաք ազատ մուտքուելք ապահովող դռնապահի վերածվելու իրողությունը:

Անհրաժեշտ էր Սիրիայում ինքնաթիռ կորցնել, որպեսզի լրատվա-վերլուծական հարթակներում ռուս փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչները վերջապես խոստովանեն, որ հենց Ռուսաստանն էր ժամանակին պատճառը, որ Թուրքիան հիմա ունի ներկայիս սահմանները, որոնք արևելյան ուղղությամբ գծվեցին 1921թ. մարտին Մոսկվայի, ապա նաև հոկտեմբերին Կարսի` հայ ժողովրդի նկատմամբ դավադրական համաձայնագրերի ստորագրման միջոցով:

Վերջապես, փաստորեն, նման ցավոտ միջադեպ էր անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանում հասկանային, որ Թուրքիան հիմա մնում է նույնքան անվստահելի, նույնքան թշնամական, որքան Ռուսաստանի համար եղել է նրա պատմության գրեթե ողջ ընթացքում` ընդհուպ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Ճակատագրի դառը հեգնանքով Թուրքիան Ռուսաստանին, Պուտինի բնորոշմամբ, թիկունքից այս հարվածը հասցրեց նոյեմբերի 24-ին: Օրացույցի այն նույն օրը, երբ ուղիղ մեկ տարի Հայաստանում սուգ էր` տեղի էր ունենում Ադրբեջանի զինուժի կողմից խոցված և միջդիրքային տարածքում ընկած հայկական ԶՈՒ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք զոհված օդաչուների հոգեհանգիստը: Հայկական ուղղաթիռը ոչնչացվել էր ռուսական արտադրության «Իգլա» տեսակի շարժական զենիթա-հրթիռային համակարգով: Ադրբեջանն այն, թերևս, ձեռք էր բերել Ռուսաստանից` Հայաստանի ֆորմալ, իսկ Թուրքիայի այն ժամանակ դեռ փաստացի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող երկրից մոտ 5 մլրդ դոլարի հասնող ժամանակակից զինտեխնիկայի գնման ընդհանուր գործարքի շրջանակներում:

Ամիսներ շարունակ հայաստանյան հանրույթը,  բացառությամբ, թերևս, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, աղաղակում էր, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը խոցել է ռուսական զենքով, որ հայկական դիրքերն ու բնակավայրերը գնդակոծվում ու հրետակոծվում են մեծամասամբ Ռուսաստանից գնված զենքով, և որ Ադրբեջանի հետ այդ գործարքը բառի բուն իմաստով հարված է Հայաստանի թիկունքին: Այն ժամանակ ռուսական նույն քաղաքական, փորձագիտական ու պաշտոնական դեմքերը, որոնք այսօր իրենց ինքնաթիռը ոչնչացնելու Թուրքիայի քայլի տակ տեսնում են հարված թիկունքից, դեմքի սառը արտահայտությամբ ու մի առանձին ցինիկությամբ պատասխանում էին, թե Ադրբեջանին զենք տրամադրելը բիզնես է ու ոչ մի կապ չունի Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների հետ: Փաստորեն, Թուրքիան հիմա Ռուսաստանի հետ խոսում է բիզնեսի լեզվով: Եվ այս տրամաբանությամբ ռուսները նրանից նեղանալու առիթ չպետք է ունենային: Ի վերջո, Անկարան հիմա էլ հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ ոչինչ չունի: Որովհետև ի՞նչ տարբերություն` Ռուսաստանի՞ ինքնաթիռն է ոչնչացվում  դաշնակից համարվող երկրի` Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, թե՞ դաշնակից համարվող երկրի` Հայաստանի թշնամուն` Ադրբեջանին տրամադրված զենիթահրթիռային համակարգը: Էությունը և ողբերգական հետևանքը նույն է:

Ռուսաստանը, փաստորեն, այս ծանր գինը ստիպված է վճարել հենց նման հիվանդ ընկալումներով առաջնորդվելու համար: Թուրքիան նրան հասկացրեց այն, ինչ մարդկային ու բանական լեզվով ոչ մի կերպ չէր կարողանում հասկացնել Հայաստանի հանրությունը: Սա չարախնդություն չէ: Սա ընդամենը աղոտ հույս է, որ Ռուսաստանը գոնե այսպիսի հիասթափություն և շոկ ապրելուց հետո կվերանայի իր առաջնահերթությունները և կարժևորի Հայաստանի հետ իր հարաբերությունները: Որովհետև եթե այս տարածաշրջանում Մոսկվան ունի որևէ հենման կետ, ապա դա միայն Հայաստանն է: Միաժամանակ, գուցե այս միջադեպը նաև Երևանին ստիպի ավելի կոշտ լինել` բացված աչքերով ու հերթական փաստի առջև ծնկած Ռուսաստանից պահանջելու ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի հանդեպ ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին:

Բայց սա ընդամենը աղոտ հույս է: Որովհետև քաղաքականության մեջ թե՛ հիշողություններն են չափազանց կարճատև և թե՛ ցավն է չափազանց շուտ անցնում «ամենազոր» շահերի հարափոփոխության ազդեցությամբ: Իսկ Թուրքիայի պարագայում Ռուսաստանն աններելի կարճատես ու սկլերոտիկ է: Ու հասկանալի է, որ սա ընդամենը պատմության հերթական շրջապտույտն է: Շրջապտույտ, որը հայկական շահերի, տարածքների գինն է արժենում` Հայաստանին ստիպելով գոնե այս անգամ լինել բավականաչափ պրագմատիկ` Ռուսաստանի նեղ գրպանում հերթական անգամ մանրադրամ չդառնալու համար:

Հ.Գ. Ի դեպ` «Ռոսիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոն Սոլովյովի հետ» վերջին հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին շատ պարզ ցույց տվեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է նորից օգտագործել հայկական գործոնի «մանրադրամը». «Թուրքիայի վերջը պետք է տալ հայերի ձեռքով: Եթե մենք հայերին թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան հողերը, նրանք հաճույքով դա կանեն»,-ասաց նա: 

Լուսանկարը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության

Մեկնաբանություններ (11)

Հ,Շ.
ընտիր է...
Anush
Ուրախ եմ, որ հայկական դիվանագիտությունը ավելի հավասարակշռված է ինչ-ինչ պատճառներով, քան ռուսական կամ թուրքական, կամ ադրբեջանական դիվանագիտությունը, սակայն պետք է պահն օգտագործել և թույլ չտալով կրկին անգամ ՌԴ-ի խաղալիքը դառնալ, մեր սեփական պահանջներն առաջ քաշենք... պետք է օգտագործել պահը, ոչ թե օգտագործվել
Հայ
1915, 2015... 100 տարի անց, նույն պատմությունն է, մնում է վերհիշել 1915 թվականի արդյունքները եւ այդ արդյունքներին հանգեցնող քաղաքական քայլերը, որ նույն սխալ քայլերը չկրկնենք... Եվ իրականում Ժիրինովսկին զգուշացնում է հայ ազգին՝ «բռնվեք, ձեր գլխին մի նոր փորձանք ենք բերելու»... ինչպես միշտ.
Николай
Уважаемый Михаил, между прочем армяне освободили свои исторические земли Арцаха (Карабаха) сами, без участия нашего с вами России, так что не стоит так недооценить этого народа, который неоднократно показал, что он может стоять за себя. А то, что наша с Вами Россия до сих пор был защитником Турции - покровителя ИСИС-а - это наш с Вами общий позор, в чем надо признаться, а не вновь искать виновников среди других.
Հ.Շ.
մի բան յստակ է՝ այն պահից ի վեր երբ Ռուսաստանը բացայայտօրէն միջամտեց Սուրիոյ մէջ, վերջ գտաւ ռուս-թրքական մտահոգիչ սիրաբանութիւն մը, որուն բոլորս ականատես կ'ըլլայինք անցեալ մի քանի տարիներին --- հիմա, մեզի կը մնայ առաւելագոյնս օգտվիլ այս կացութիւնից. տակաւին ոչ Արեւմտեան Հայաստանի առընչութեամբ - ատիկա տակաւին հեռաւոր ձգտում մըն է -, այլ, նախ եւ առաջ՝ Արցախի Հիմնախնդրով, եւ նաեւ, այո, Ցեղասպանութեան հարցով --- գիտակցինք սակայն որ «պատուհանը» հաւանաբար ժամանակաւոր է... --- իսկ ծանօթ է որ, զոյգերու միչեւ վէճէ մը ետք, երբբեմն սէրը կը վերադառնայ աւելի ուժով --- Մ. Հայդուկ Շամլեան --- http://www.shoushisummercamp.org/
ЖИРАЙР
Մեկնաբանությունը...ДЛЯ ТОГО , ЧТОБЫ С РОССИИ РАБОТАТЬ ЭФФЕКТИВНО И К ЧЕМУ ДОБИТЬСЯ, ВО ПЕРВЫХ НАДО ИМЕТЬ НОРМАЛЬНЫХ ДЕПУТАТОВ И ПРЕЗИДЕНТА, А ТАКИЕ ДЕПУТАТЫ , КАК НАПРИМЕР МАНВЕЛ ГРИГОРЯН И ПОДОБИЕ ЕГО С ТАКИМ ПРЕЗИДЕНТОМ , КАК СЕРЖ САРКИСЯН, СТРАНУ И НАРОД ОЧЕНЬ СКОРО МЫ ПОТЕРЯЕМ... ХВАТИТЬ , СКОЛЬКО ОНИ ЛАՓЕЛ ЕН, НАДО ИМЕТЬ ХОТЯ БЫ МИНИМАЛЬНОЕ ДОСТОИНСТВО И ЧУТЬ-ЧУТЬ СОВЕСТЬ, ЧТО БЫ УЙТИ САМОМУ, А НЕ ПРОДОЛЖАТЬ ЛАՓЕЛ , ПОКА НЕ СОРВУТСЯ НА ТАКОЙ, ЧТО ДАЖЕ ИХНИЕ ТРУПЫ НЕ НАЙДУТ.........ИМЕЙТЕ ТАКИМ , КАК М А Н В Е Л Ы И С Е Р Ж И К И , ДАВНО ПОРА КОРОВ ПАСТИ........ИЗВЕНИТЕ , ЕСЛИ НЕ ТАК.....
Gagik
Respected Michail, There is no need to be such a opinion about your partner-frined country. Becuase of such ideas-toughts Armenian people, me personally, are starting not to like Russia. And we starting to eager that Russai take his army base from Armenia. To prove you and all that Armenia can live without Russia. YES Armenia have always been and Armenai will always be! We are small and brave nation, we dont afreid neither Azerbedjan, nor Turky and even not Russia
Աշոտ
Միքայելի կարծիքի հետ միգուցե կարելի է չհամաձայնվել, պատճառով, որ առանց Հայաստանի էլ ներկայիս Ռուսաստանն էլ հիմիկվանը չէի լինի: Կարծում եմ շատ լավ ժամանակ է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ կատարելու
Михаил
Интересно, без России Армения существовала бы еще или была бы давно завоевана Азербайджаном? При взгляде на карту и на экономические показатели, учитывая степень ненависти азербайджанцев к армянам, - вряд ли.
Վեհարի
Այո 1. Հ,Շ.՝ Արմենի վերլուծությունները ընտիր են, սակայն կա մի բան որի մասին խոսելն կարծես թե արգելված է: Իսկ արգելված է ասել, որ գոյություն ունի համաշխարհային նոր համակարգ ստեղծող ուժ, որը պատերազմներով, ցեղասպանություններով, տնտեսական ճգնաժամներով մեր մոլորակի վրա ճգնում է ստողծել մի բուռ մեծահարուստներին ծառայող ստրկատիրական համակարգ: Մտածել եք թե ինչու Ժիրինովսկին նշված հաղորդման ժամանակ ասաց՝ ,,թուրքիայի հարցերը պետք է լուծել ուրիշի ձեռքերով,, և առնվազն չորս անգամ կրկնում է՝ ,,Այդ բանը պետք է անել հայերի և քրդերի միջոցով,,: ,,20 միլիոնանոց քրդերի մայրաքաղաքը Դիարբեքիրն է և մենք կճանաչենք նրանց իրավունքները, իսկ հայերը կունենան մեծ հայաստան,, : Ժիրինովսկին անթաքույց ասաց այն ինչի մասին երազում է ինքը և համաշխարհային նոր կարգեր ստեղծողները,՝ Նրանք երազում են մի քանի միլիոնանաց Հայաստանը ներքաշել 80 միլիոնանաց թուրքիայի հետ 21-րդ դարի ամենաարյունալի պատերազմի մեջ և ավարտին հասցնել իրեն կողմից սկսած ցեղասպանությունը: Դիտեք՝ https://www.youtube.com/watch?v=X18LTvVqZ6s
Գեւորգ
Էլ ինչ գուցե, - էրդոնի նավթը ճամփին վառեցին..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter