HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդի բնակիչ. «Շահումյանի շրջանում 3 հարկանի տուն ենք ունեցել՝ թուրքերը խլին, Կոնդում երեք հարկանի տուն սարքեցինք, քանդեցին»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել Կոնդի և Ֆիրդուսի շուկայի հարակից թաղամասի բնակիչները: Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետի հետ և իմանալ, թե երբ են իրենց քանդված տների գումարները ստանալու:

Բնակիչները սկզբում վանկարկում էին «վարչապետ, վարչապետ», սակայն տեսնելով, որ վարչապետը, միևնույն է, չի իջնելու` որոշեցին փակել կառավարության շենքի դիմացի փողոցը: Սակայն, դա տևեց մի քանի րոպե, քանի որ ոստիկաններն անմիջապես մարդկանց հեռացրեցին փողոցից ու բացեցին փողոցը:  

«Հետքի» հետ զրույցում Կոնդի բնակիչ Վարդան Կարախանյանն ասաց, որ իրենք արդեն ութ տարի է, տուն չունեն, և այսքան ժամանակ իրենց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս:

«Ես ծնվել եմ Լեռնային Ղարաբաղում՝ Շահումյանի շրջանում, որտեղ երեքհարկանի տուն ենք ունեցել, թուրքերն եկան, խլին էդ տունը: Եկանք ստեղ Երևանում՝ Կոնդում, տեղավորվեցինք, երեք հարկանի տուն սարքեցինք, էստեղ էլ եկան քանդեցին: Ութ տարի է` գնում-գալիս եմ, ասում են` փող չկա, ման են գալիս փողը: Մենք ժողովրդով փողի տեղը գտել ենք, եկել ենք իրանց ասենք՝ փողը բյուջեում է, մեկի ձեռից մի գդալ վեկալեք, որ գդալով ուտում է էդ բյուջեն, էդ մի հոգին, որ չուտի, մեր տները կսարքվեն: Մի հոգի թող քիչ թալանի մեզ: Էդ բյուջեն, որ սենց գրում են տող առ տող, մի տող էլ թող ավելացնեն էս խեղճ ժողովրդի համար, էդա մեր ասածը»,- ասաց բարկացած բնակիչը:

Հարցին, թե որևէ բան ասել են իրենց, թե երբ կտան իրենց բնակարանը, Վարդան Կարախանյանն ասաց, որ իրենց ոչ մի բան չեն խաստացել, այլ միայն ասում են` փող չկա:

«Երկրի նախագահը 14 անգամ կանգնել ա, մեքենայից իջել, մեզ ասել, որ փող չկա: Էս հարցով մենակ ՄԱԿ-ի քարտուղարին չենք դիմել, էս հարցով ով կա, սաղին դիմել ենք»,- ասաց Վարդան Կարախանյանը: Նա տեղեկացրեց, որ իր ճակատագրին արժանացել են մոտ 200 ընտանիք, իր խոսքով՝ մոտ 1000 մարդ:

Երբ դեռ բնակիչները չէին հեռացել կառավարության շենքի մոտից, «Ֆիրդուսի» բնակիչներին մոտեցավ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ով ասաց, որ այդ թաղամասի բնակիչներից 11-ը վաղը կստանան իրենց տան համար հատկացված գումարները:

Սա էլ ավելի զարյացրեց մյուս բնակիչներին, որոնք հարցնում էին, թե մյուս քաղաքացիներին երբ կվճարեն:

Նշենք, որ բնակիչների խոսքով՝ մոտ 150 ընտանքի կա, որ տուն չի ստացել, իսկ Դավթյանը, ով սկզբում մեծ դժվարությամբ ներկայացավ, թե ով է, ասաց, որ մնացել է մոտ 100 ընտանիք:

«Հերիքա խաբեք էլի, մենք ուզում ենք հանդիպենք վարչապետին, քանի տարի պիտի սպասենք»,- ասաց բնակիչներից մի կին, ինչին ի պատասխան` Հայկ Դավթյանն ասաց, որ վարչապետը հետևում է բոլոր պրոցեսներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter