HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը:  ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հաստատվել է նաև հանրաքվեի քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:
2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 20.00-ից Տիգրան Մեծ հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը:

Արտահերթ նիստում, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 8 տեղամասերում քվեարկության սկիզբը:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2015 թվականի նոյեմբերի 27-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2015 թվականի դեկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին

ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է նաեւ, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում:

Նշված համայնքներից 26-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 58 քաղաքացի, որոնցից 12--ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված  56 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter