HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ավանդի անհետացման պատմություն

Վանաձորցի Մարինե Պարանյանը մեղադրում է «Կոնվերսբանկի»  «Լոռու» ու «Վանաձորի» մասնաճյուղերի աշխատակիցներից մի քանիսին բանկում ներդրած իր ավանդի անհետացման համար: Մարինեի խոսքով` առաջին անգամ 2012թ.-ին է «Կոնվերսբանկի» «Վանաձորի» մասնաճյուղում ավանդ ներդրել: Բանկի հետ խնդիրներն սկսվել են ավանդի ներդրումից ամիսներ անց:

«800.000 դրամի չափով ավանդ էի դրել բանկում՝ հետագայում գումարն աստիճանաբար ավելացնելու պայմանով:Գումարն աստիճանաբար ավելացնում էի, դարձել էր մոտ 1 մլն 400 հզր դրամ: 2013թ.-ի ամռանը գումար էր պետք, ասացի՝ գնամ տեսնեմ տոկոսն ինչքա՞ն է եկել, տոկոսները հանեմ: Մտա շուկայի մոտ գտնվող նույն բանկի «Լոռի»  մասնաճյուղ: Վարկային մասնագետը նայեց  ու ասաց՝ ոչ մի լումա չեք կարող հանել, որովհետև ձեր անվամբ վարկ կա ձևակերպված: Զարմացա, մտա կառավարչի մոտ,  ասացի՝ ավանդիս վրա վարկ կա ձևակերպված, բայց ես վարկ չեմ ստացել»,- պատմում է Մարինեն:

Վերջինիս խոսքով կառավարիչը խոստացել է ուսումնասիրել հարցը:

Կառավարչի հետ զրույցից մեկ օր անց Մարինենին զանգահարել է «Կոնվերսբանկի»  «Վանաձորի»  մասնաճյուղի գանձապահ Նունե Թունյանը:

«Նունեն զանգեց, թե՝ ինչի՞ ես գնացել կառավարչին ասել, ինձ կասեիր, գլխամասում իմացել են, ինձ նկատողություն տվել»,- պատմում է ավանդատուն, հավելելով, որ մեկ-երկու ամիս անց ավանդի ժամկետը լրանում էր և Նունեն ստիպված կարգավորել է վարկի հետ կապված հարցերն ու ինքը կարողացել է ամբողջությամբ հետ ստանալ ավանդը:

 Այս պատմությունից որոշ ժամանակ անց Մարինեն կրկին ավանդ է ներդնում «Կոնվերսբանկում», սակայն այս անգամ ինչպես ինքն է ասում Նունեի միջամտություններից խուսափելու համար ընտրում է «Լոռի»  մասնաճյուղը: Կրկին նույն բանկում ավանդ ներդնելու առիթն էլ բանկի շահագրգռող առաջարկն էր:

«2013թ.-ի ամռանը ինտերնետում կարդացի, որ բանկն արձակուրդային ավանդ ակցիա է անում, որի ժամանակ տոկոսագումարը սկզբում էին տալու: Տարա իմ անունով 5 մլն, տղայիս՝ Գնելի անունով՝ 5 մլն դրամ դրեցի բանկ ու տոկոսներն ստացանք»,- պատմում է Մարինեն:

 Մասնաճյուղը փոխելով, սակայն, շատ բան չի փոխվել: Նունեն կրկին իմացել է, որ Մարինեն ու որդին ավանդ են ներդրել ու ամիսներ անց զանգահարել նրան:

«Հոկտեմբերի վերջն էր, Նունեն զանգեց, թե՝ կլինի՞ ավանդդ վարկ ձևակերպեմ, ասացի՝ հանկարծ նման բան չանես: Թե, լավ չեմ անի: Որոշ ժամանակ անց նորից զանգեց, թե՝ գիտես, վարկը արդեն ձևակերպել եմ, արդեն փակել էլ եմ, կգա՞ս ստորագրես: Այսինքն՝  բանկում ստուգում է եղել, վարկը վարկային մասնագետի հետ ձևակերպել են, կասսան մաքուր է  եղել, հետո  մարում է տվել , բայց փաստաթղթերը չի համարձակվել ստորագրի իմ փոխարեն»,- վրդովված պատմում է  ավանդատուն:  

Քանի որ վարկն արդեն ձևակերպված-մարված էր, ստիպված գնում ու ստորագրում է փաստաթղթերը, խստորեն զգուշացնելով, որ այլևս նման բան չարվի:

Ավանդներ հետ կապված հաջորդ դիպվածը գրանցվում է դեկտեմբերի 14-ին, երբ Մարինեի որդին գնում է «Կոնվերսբանկ»՝ մեքենայի տեխզննման համար վճարում կատարելու:

«Դեկտեմբերի 14-ին որդիս մտնում է բանկ, որ մեքենայի տեխասմոտրի վճարումներ անի: Նունեն որդուս տեսնում  է, թե չէ,  տանում է կաբինետ, ասում՝  Մարինեի տղան է, թղթերը տվեք: Տղաս ստորագում է տված թղթերը, հայրն այդ պահին ներս է  մտնում, ասում՝ այդ ի՞նչ թղթեր ես ստորագրել տալիս, ասում է՝  ավանդի տոկոսագումարների հետ կապված թղթեր են: Հետո, արդեն նախաքննության ժամանակ պարզվել է, որ  դրանք դեկտեմբերի 11-ի ամսաթվով պատրաստված վարկային պայմանագրի փաստաթղթեր են եղել: Նախաքննության ժամանակ պարզվել է նաև, որ դեկտեմբերի սկզբին բանկում կատարված ստուգման արդյունքում  դրամարկղում մեծ չափերի հասնող պակասորդ կա, ինչի պատճառով Նունեին հեռացրել են աշխատանքից»,- ասում է Մարինեն:

Սակայն մինչ ավանդատուն կիմանար գանձապահի աշխատանքից ազատված լինելու մասին, վերջինս նրան է դիմում նոր խնդրանքով.

 «Դեկտեմբերի վերջն էր, Նունեն Երևանից  զանգեց՝ թե ավանդի հետ կապված թղթեր ունես ստորագրելոը,  ամուսինս կգա քեզ կտանի բանկ, որ ստորագրես:  18.05 էր, բանկում աշխատանքն ավարտվել էր:  Դուռը բացեցին, ինձ ներս թողեցին: Բաժնի պետը՝ Լարիսան, բերեց թղթերը, նայեմ տեսնեմ  վարկային պայմանագիր է: Ասացի՝ չեմ ստորագրելու: Նունեն զանգեց,  լաց եղավ, խնդրեց, աղաչեց, որ ստորագրեմ, ասում էր՝  կասսայում մեծ պակասորդ եմ տվել, հաճախորդին 20.000 դրամ էի տալու, 20.000 դոլար եմ տվել սխալմամբ... Տեսան չեմ համաձայնվում, ասացին՝  եթե դու հիմա այս վարկը չստորագրես, նոր վարկ չձակերպենք, քո ամբողջ գումարը կկորչի, բանկը ավանդդ կտանի:  Մնացի անելանելի վիճակում: Ստիպված համաձայնվեցի վարկային պայմանագիր ստորագրել մեկ ամսով»:

Վարկի ժամկետը լրանում է, բայց Նունեն չի կարողանում կատարել խոստումն ու վարկը մարել: Ու սկսում է Մարինեին համոզել, որ մի քիչ էլ համբերի, մինչև որ հարազատներից որևէ մեկի անունով այդ վարկը կձևակերպի…

 Այս պատմությունը ձգձգվում է: Տեսնելով, որ հույս չկա, թե իր դրած ավանդի գումարը կարող է ստանալ, Մարինեն այս տարվա սեպտեմբերի 1-ին  դիմում է դատախազություն ու պատմում, որ բանկի աշխատակիցների կողմից իր վստահությունը չարաշահելոու, համոզելու, խաբելու արդյունքում ավանդը բանկից կորել է:

Հարուցվում է քրեական գործ  քր. օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) հատկանիշներով, ապա այս հոդվածը վերաորակվում է 214 հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

«Հետո սա էլ գցեցին Նունեի վրա, ասացին՝ բանկը կապ  չունի ու Նունեի մասով 325 հոդվածի հատկանիշերով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) գործն ուղարկեցին դատարան, որն էլ  ժամկետի վաղեմության հիմնավորմամբ գործը կարճեց »,- դժգոհում է Մարինեն:

Լոռու մարզի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Զ. Բաբայանը թիվ 19110514 քրեական գործով 2015 թվականի սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել Քրեական հետապնդում չիրականացնելու մասին, որով որոշել է Մարինե և Գնել Պարանյանների անվամբ ներդրված ավանդները խարդախությամբ ուրիշի սեփականությունը դարձնելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք կատարելու կապակցությամբ Նունե Թունյանի և Կոնվերս բանկ ՓԲ ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մարինե Պարանյանի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանի կողմից այդ որոշումը 17.09.2015թվականին բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, ում կողմից բողոքն ուղարկվել է Լոռու մարզի դատախազի քննարկմանը:

Լոռու մարզի դատախազի 02.10.2015թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ այդ որոշումը օրինական է, պատճառաբանված և հիմնավոր, ուստի որոշումը վերացնելու հիմքեր չկան:

«Լոռու մարզի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Զ. Բաբայանի թիվ 19110514 քրեական գործով «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 4-ին որոշումը և Լոռու մարզի դատախազի 02.10.2015 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը հիմնավորված, պատճառաբանված ու օրինական չեն. սա Ա. Ոսկանյանի տեսակետն է, ով այդ որոշումների դեմ բողոքով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել մինչդատական վարույթն իրականացնող մարմիններին վերացնել Մարինե Պարանյանի իրավունքների խախտումները՝ պարտավորեցնելով վերացնել թիվ 19110514 քրեական գործով Լոռու մարզի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Զ. Բաբայանի 2015թվականի սեպտեմբերի 4-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը՝ Մարինե և Գնել Պարանյանների անվամբ ներդրված ավանդները խարդախությամբ ուրիշի սեփականությունը դարձնելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք կատարելու կապակցությամբ Նունե Թունյանի և «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակիցների նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Նոյեմբերի 20-ին կայացած առաջին դատական նիստի ընթացքում փաստաբանը ներկայացրեց իր հիմնավորումները՝ կապված նախքննության ընթացքում տեղ գտած բացթողումների հետ, ինչից հետո նշված դիտարկումների մասին իրենց տեսակետները հայտնեցին նաև քննիչ Զորիկ Բաբայանն ու դատախազ Ռուդիկ Մինասյանը: Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին:

                                                                              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter