Շաբաթ, 22 սեպտեմբերի

Աղբանոցով ապրողները. «Մենք մուրացկան չենք, գող չենք, մեզ ուղղակի գործ ա պետք»


«Ամուսինս ու սկեսուրս հենց հիմա Նուբարաշենի աղբանոցում են, տան համար սնունդ, վառելիք են բերում»,- հեռախոսի միջից լսվում է Կարինեի ձայնը: Մինչ այդ նրա ձայնն ավելի աշխույժ է հնչում, հետո միանգամից փոխվում է: Մի քանի վայրկյան լռում է, մտածում եմ՝ գուցե անջատվել է կապը: «Կարինե՞, լսո՞ւմ եք»,- հարցնում եմ: Լացի խուլ ձայն է լսվում: «Կներեք»,- հնչում է նրա ձայնը:

Նուբարաշենի աղբանոցը Կարինեի ընտանիքի կերակրման հիմնական աղբյուրն է: Տան վարագույրները, սպասքը, ծածկոցները, հագուստն ու սնունդը, վառելիքը՝ բացառապես կոշիկներ, բերում են աղբանոցից: Աղբավայրն աշխատավայրի պես է: Կարինեի ամուսինը՝ Նորիկն, ու նրա մայրը՝ տիկին Նունեն, ամեն օր առավոտյան ժամը 6-ին ոտքով գնում են աղբավայր: Երեկոյան վերադառնում են կրկին ոտքով: Աղբավայր հասնում են 1-1,5 ժամի ընթացքում: «Եթե աղբանոցը չլինի, չգիտեմ, ինչ է լինելու մեր վիճակը»,- ասում է Կարինեն:

Գունավոր լվացքը՝ սև մրի քողով

Մեր տաքսին կանգնում է Նուբարաշենի խուլ փողոցներից մեկի ծայրամասում: Բակում կանգնած երեխաները մեզ են նայում, շունն սկսում է հաչալ, շղթայով այս ու այն կողմ է գնում: Կարինեն մեզ ընդառաջ է գալիս: Բակում գունավոր լվացքն է խիտ-խիտ փռված: Դռան մոտ մանկական տաշտակներն են: Այդտեղ լողանում են և՛ երեխաները, և՛ տան մեծերը: Տնից մոտ 100 մետր հեռավորության վրա նրանց զուգարանն է: Տնեցիներն ասում են՝ հասարակական զուգարան է դարձել, նույնիսկ անծանոթներն են օգտվում:

Միհարկանի շինությունը մեկ պատգշամբ ու երկու սենյակ ունի: Ննջասենյակն ավելի փոքր է, մահճակալները խցկված են: Կարինեն կանգնում է վառարանի մոտ: Ժպտում է, ապա աշխուժորեն խնդրում է նստել: Տանն աթոռ չունեն, մեկ հատ բազկաթոռ է միայն: Մի մահճակալ ու մի թախտանման հարմարանք է դրված: Երբ նստում եմ այդտեղ, անմիջապես ասում է՝ «էդ պակրիվալն էլ ենք աղբավայրից բերել, էստեղ համարյա ամեն ինչ բերել ենք էդտեղից»: Նա ուշադիր նայում է ինձ, իսկ ես ավելի հարմարավետ եմ տեղավորվում: Միայն զրույցի վերջում է հարցնում, թե հո չեմ զզվում իրենց տնից: Տան իրերի վրա ճանճեր են նստում: Ասում են՝ քանի որ աղբանոցից են իրերը, ճանճերը հավաքվում են հոտի վրա:

Կարինեն

Կարինե Մկրտչյանը 29 տարեկան է: Արարատի մարզի Մասիս գյուղից է: 2 քույր ունի, ծնողները մահացել են. մայրը՝ 1999-ին, հայրը՝ 2009-ին: 2010-ին ամուսնացել է Նորիկ Գազարյանի հետ: Ամուսնուց 4 տարով մեծ է: Ամուսնանալուց հետո Նորիկը երեք անգամ հոգեբուժարանում է բուժվել՝ Նուբարաշենի և Նորք-Մարաշի: Կարինեի ասելով՝ սոցիալական վատ պայմաններն են պատճառ դարձել: Ամուսնու մոտ, ըստ Նուբարաշենի հոգեբուժարանից ստացված փաստաթղթի, մտավոր պակասություն է, նյարդային խանգարումներ: Հաշմանդամության կարգ ստանալու համար Նորիկին առաջարկել են պառկել Ավանի հիվանդանոցում: Կինը նշում է, որ 21 օր պետք է պառկեր, բայց այդ դեպքում ի՞նչ է լինելու իրենց վիճակը:

Նրանք երկու երեխա ունեն՝ 4-ամյա Նունեն և 2,5-ամյա Մովսեսը: Կարինեն միայնակ մայր է: Տան վրա է գրանցվել նաև ամուսնու եղբայրը: «Էդ բա իրա տունն էլ ա, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ դուրս արի գրանցումից: Հետո ինքն էլ երեք երեխա ունի. Ջրաշենի գոմերում են աշխատում, էդտեղ էլ ապրում են: Ինքն ի՞նչ անի»,- ասում է նա:

Երեխաների նպաստի հարցն է փորձում լուծել: Ասում է՝ ամիսներ շարունակ իր անձնագիրը շինանյութի խանութում էր թողել՝ պարտքի դիմաց: Երբ ամուսնացավ, տունը կիսաքանդ վիճակում էր: Շինանյութի խանութին խնդրել էր պարտքով շինանյութ տալ, որ մի սենյակը կարգի բերեն: Պարտքը քիչ-քիչ տալիս են աղբանոցից հավաքած ալյումինի-պղինձի գումարով: Տան կողքին հավաքած ալյումինն է ցույց տալիս: 2-3 ամիսը մեկ ալյումին-պղինձ են հանձնում, 10.000 դրամ են ստանում դրա դիմաց: Ամուսնու անձնագիրն էլ պարտքի դիմաց վերցրել է մթերային խանութը:

Երեխաները

Նունեին արդեն մի քանի օր է՝ մանկապարտեզ չի տանում, որովհետև երթուղային տաքսու գումար չունի: Մանկապարտեզը գտնվում է Էրեբունիում: «Մոսոս էլ կրուպ հիվանդություն ունի: Թոքաբորբ էր տարել: Էրեխու կոկորդում խորխը հավաքվում է, սկսում է հավի պես թպրտալ»,- ասում է Կարինեն: Մովսեսի նախածննդյան մասին է պատմում: Հղիության չորրորդ ամսում Կարինեն հիվանդանոցում պառկել է, որովհետև վատ սնուցման հետևանքով երեխայի քաշը չէր ավելացել: Մովսեսը 7-ամսական է ծնվել:

Կարինեն որոշ ժամանակ աշխատել է գեղեցկության սրահում: Վարսահարդարման կուրսեր է անցել: Հիմա աշխատանք չի կարողանում գտնել: «Կոֆեի արտադրման ցեխ էի զանգել աշխատանքի համար: Ասեցին՝ ամուսնացա՞ծ ես, ասեցի՝ հա, ասեցին՝ դե չենք ուզում: Բայց դա ի՞նչ կա ունի»,- հարցնում է նա:

Ամուսնու համար բազմիցս փնտրել են աշխատանք՝ օրավարձով բանվորի գործ, չեն կարողացել գտնել: «Միշտ ասել են՝ հեռախոսի համար թողեք, կզանգենք, ու չեն զանգել: Մեզ գործ է պետք»,- նշում է Կարինեն:

8 անչափահաս երեխաներով տունը

Այս տարվա սեպտեմբերից նույն տանն է բնակվում նաև Նորիկի քույրը՝ Նինան՝ իր 6 երեխաներով: Նրանք տեղափոխվել են Ղարաբաղի Հաթերք գյուղից: Երեխաներից երկուսը հոգեբանական և լեզվական խնդիրներ ունեն: Նինայի ասելով՝ քանի որ Ղարաբաղում մասնագետ չկար, ստիպված էր տեղափոխվել Երևան: Հիմա երկու երեխաները հատուկ դպրոց են հաճախում, որտեղ մնում են շաբաթվա 5 օրը: Նինան աշխատանք է գտել պահածոների արտադրամասում: Ասում է՝ զինվորների համար պահածոներ են պատրաստում: Օրական 3000 դրամ է ստանում, բայց հիմնականում ամսվա վերջում են վճարում: Նինայի ամուսինն ու ամուսնու մայրը դեռևս Ղարաբաղում են: Այնտեղ բնակվում են ամուսնու հորեղբոր տանը: Նինան ասում է՝ Արցախի կառավարությունը 6 երեխա ունեցող ընտանիքներին տուն է տալիս, իրենց էլ կտա:

 Նինայի ամուսնու մայրն աշխատում է Դրմբոնի կոմբինատում, ամուսինը հիմա աշխատանք չունի: «Բոստան է մշակում: Մի քանի օր առաջ մեր բոստանի կարտոշկայից ուղարկեց: Չգիտեմ՝ ինչ է լինելու...»,- նշում է 27-ամյա Նինան, հետո կանչում 1,5-ամյա Ալեքսին: Երեխաները գրկում են մորը: «Իրենց համար լավ ապագա եմ ուզում»,- ասում է Նինան:

Վառարանը կամաց-կամաց հանգում է: Վառարանի տակ կոշիկներ են դրված վառելու համար: Կարինեն բակ է գնում, պարկի միջից կոշիկներ է հանում: Աղբանոցից բերված կոշիկներ են: Օրական երկու պարկ կոշիկ են վառում: Վառած կոշիկի ծխից սև փաթիլներ են թափվում բակում: Լվացքը սևանում է, բայց չգիտեն ինչ անել: «Իսկի մենք ենք մրոտվում: Դեմքներս սաղ մուր է լինում էդ ծխից»,- բակում բացատրում է Կարինեն:

Երեխաները տեղավորվում են ցածրիկ սեղանի շուրջ՝ ճաշելու: Կարինեն նայում է ժամացույցին: Ասում է՝ շուտով ամուսնու մայրն է գալու: «Ես էնքան շատ եմ սիրում իմ սկեսուրին»,- ավելացնում է նա: Ապա նայում է շուրջը: Զգուշացնում է՝ հանկարծ առնետ տեսնելիս չվախենանք:

Գիշերները չեն քնում. առնետները շատ են: Ամուսինը գետնին է քնում: Մի քանի օր առաջ գիշերն արթնացել էր: «Կռիսը փորի վրա էր: Էրեխեքի կառավատների տակ են լինում: Գիշերը չենք քնում, որ հանկարծ էրեխեքին բան չանեն: Ամռանն էլ կարիճների պատճառով չենք քնում»,- նշում է Կարինեն:

Երեխաների մահճակալի տակից կանաչ լոբու պահածո է հանում: Աղբանոցից են բերել: «Աղբանոցում օրեր կան: Ասում են՝ գիտես, էսօր կոնֆետն է եկել: «Գրանդ Քենդին» շաբաթը երկու անգամ կոնֆետ է բերում-թափում: Դրանից էլ են տանում: Մի անգամ ամուսինս քաղցր ալյուր բերեց: Էնքան ուրախացել էինք: Հաց թխեցինք: Մենք հիմնականում հացը թխում ենք, չենք կարա առնենք»,- բացատրում է Կարինեն:

Աղբավայրում բացի սննդից մայր ու որդի զբաղվում են շշերի հավաքմամբ: Պլաստիկ շշերի մեկ կիլոգրամը 15-30 դրամ է: Մեծ բարդանով են հավաքում: Բարդանը մեծ պարկ է: Մի բարդանը կարող են լցնել երկու օր ու դրա դիմաց 1000 դրամ են ստանում: Ապակյա շշերով մեկ սովորական պարկը 250 դրամ է: Կարինեն ասում է՝ աղբավայրում շեֆ կա, նրան են հանձնում հավաքածը:

Հիմա աղբավայրում մոտ 20 մարդ է աշխատում, այսինքն՝ բոլորն էլ իրենց պես են: «Ամեն մի մարդու չեն թողնում էնտեղ: Հիմա լսել ենք, որ կարող է փակեն աղբավայրը: Չգիտեմ էլ՝ ինչ է լինելու մեր վիճակը: Դե, եթե փակեն, Չորրորդ գյուղի աղբավայրը կա, էդտեղ կարող է գնան, բայց դրա համար էլ տրանսպորտի փող ա պետք, չենք կարա»,- ասում է նա:

Կարինեն մեր զրույցի ընթացքում երբեմն հուզվում է: Մի քանի անգամ շեշտում է, որ իրենք մուրացկան չեն: «Ո՞նց ա, որ ձիուն խփում են, առաջ է գնում, մեզ էլ, որ մի քիչ բրթեն, առաջ կգնանք»,- նշում է նա: Նախորդ ամիս Սերժ Սարգսյանին նամակ են գրել: Բաղրամյան 26 է գնացել՝ նամակը հանձնելու: Ասում է՝ խնդրել ենք, որ օգնեն կամ գոնե աշխատանքով ապահովեն:

«Մենք մուրացկան չենք, գող չենք, մեզ ուղղակի գործ ա պետք»,- կրկնում է Կարինեն: Հարցնում է՝ շաբաթվա ո՞ր օրն է: Ուրբաթ՝ ժամը 2-ին, իրենց լույսն անջատելու են պարտքերի պատճառով: Կարինեն երազանքներ չունի, մտածում է, որ երեխաներն առողջ լինեն ու կրթություն ստանան:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. Marianna11:34 - 27 նոյեմբերի, 2015
Երիտասարդ կին է, ուրիշ գործ, որ չգտնի, մաքրուհի հաստատ կարող է աշխատել...Հիմա ինձ շատերը կքննադատեն, բայց, մարդիկ ուզում են ոչինչ չանել ու ապրել: Իհարկե, սա չի նշանակում, որ պետությունն ընդհանրապես անելիք չունի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։