HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի որոշ գյուղերում աշակերտները դպրոց հասնելու համար ոտքով քայլում են 3-10 կմ

Լիլիթ Թադևոսյան

ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի գյուղերի գրեթե կեսում աշակերտները դպրոց հաճախելու խնդիր ունեն: Այդ գյուղերում ավագ ու միջնակարգ դպրոցներ չկան, այսինքն՝ աշակերտները սովորում են մինչև 9-րդ դասարան, որն ավարտելուց հետո ստիպված են շարունակել կրթությունը այլ համայնքների դպրոցներում: Այստեղ էլ առաջանում է մեկ այլ խնդիր՝ համայնքների հիմնական մասում չի գործում միջհամայնքային տրանասպորտը, և երեխաների մեծ մասը դպրոց է հաճախում ոտքով՝ հաղթահարելով 3-10 կիլոմետր և նույնքան էլ  տուն գնալու ժամանակ:

Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ՀԿ-ն կատարել է ուսումնասիրություն ՀՀ Լոռու մարզի աշակերտների տրանսպորտային դժվարությունների աշխարհագրական և սոցիալական ասպեկտների առնչությամբ, որն ընդգրկել է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 13 հիմնական դպրոց ունեցող համայնքներ, հիմնական դպրոց ունեցող համայնքներին հարակից 6 միջնակարգ դպրոցներ:

«Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ՀՀ 7 մարզերում գործում է «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագիրը, որի հիմքում ընկած է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 6-րդ կետը:

ՀՀ Լոռու մարզին հատկացվում է տարեկան ծրագրով նախատեսված գումարի 0,5%, կամ տարեկան 278 100 ՀՀ դրամ, ինչը, մեղմ ասած, շատ չնչին գումար է որոշակիորեն խնդիրներին լուծում տալու համար: Մարզերի միջև այդպիսի անհամաչափության արդյունքում ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների աշակերտներ, դպրոց հաճախելու համար ստիպված են ոտքով հաղթահարել կիլոմետրեր կամ ծնողների ուսերին է մնում աշակերտների տեղափոխման նյութական ծախսերը, առաջացնելով սոցիալական, իսկ ձմեռվա ամիսներին նաև առողջական խոըչնդոտներ և դժվարություններ»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այս ամենի արդյունքում երեխաները հաճախ եմ բացակայում դասերից, ինչն էլ ազդում է կրթության վրա: Բացի դրանից, ուսումնասիրության մեջ ընդգրկված են նաև ծնողների հետ զրույցները, որոնք նշել են, որ այդքան քայլելուց հետո երեխաներն արդեն տուն են գալիս հոգնած և չեն կարողանում նորմալ պատրաստվել դասերին:

Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ իրենք կազմակերպել են քննարկում, որին մասնակցել են նաև մարզպետարանի աշխատակիցներ, և ուսումնասիրության ներկայացման ժամանակ մասնակիցներից շատերի համար նորություն էր, որ ՀՀ-ում գործում է նմանատիպ ծրագիր:

Օլեգ Դուլգարյանը նշեց, որ առաջիկայում իրենց ՀԿ-ի ներկայացուցիչները համայնքների բնակիչների հետ միասին վերջնական արդյունքները ամփոփելուց հետո կմշակեն առաջարկությունների փաթեթ և կներկայացնեն իրավասու մարմիններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter