Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Միջադեպ հայ-վրացական սահմանին. գյուղացին բողոքում է վրացի սահմանապահների գործողություններից



Ալբերտ Լալայանը 1989թ.-ից իր ընտանիքով ապրում է Վրաստանին սահմանամերձ Ջիլիզա գյուղի Գոմագ թաղամասում:  Գոմագում Ալբերտը Լալայանը սեփական փոքր լիճ ունի,  լճի տարածքից վրացի սահմանապահները նոյեմբերի 9-ին փորձել են Ալբերտին  բռնությամբ  տանել վրացական սահմանապահ ուղեկալ: Ալբերտի ասելով,  նույնիսկ իր վրա ավտոմատ են քաշել:

«Ես իմ լճի ներքևի տարածքում հորթերս արածեցնեի, մեկ էլ երկու վրացի սահմանապահ մոտեցան: Մի քիչ հետս խոսեցին, նրանցից մեկն ասաց, թե իրենց կամանդիրը փոխվել է, ուզում է ինձ տեսնի: Հորթերը, որ արածացնում եմ ՝մեր տարածքն ա: Սահմանապահների և իմ միջև միշտ պատերազմ է գնում: Վրացին ասում է՝ ես էդ տարածքով սալդաթ եմ ուղարկում, ես էլ ասում եմ՝ սալդաթ ես ուղարկում, քո տարածքով ուղարկի, ինչու ես հայկական տարածքով ուղարկում: Ես այստեղ չափար եմ արել, որ անասունս չանցնի քո սահմանը»,-ասում է Ա. Լալայանը:

Գոմագը գտնվում է հայ-վրացական սահմանագծի վրա և սահմանակից է հայաբնակ Չանախչի գյուղին: Դեպի Գոմագ լրագրողների մուտքն արգելվում է հայ սահմանապահների կողմից:

«Գոմագում ձմռանը երեք, իսկ ամռանը 5 ընտանիք են ապրում»,-ասում է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Թաղամասը գտնվում է Ջիլիզայից 3 կմ, իսկ Ջիլիզայի  սահմանապահ ուղեկալից 4 կմ հեռավորության վրա:  Ջիլիզացիները հիշում են, որ թաղամասը նախկինում 32 տնտեսություն ունեցող գյուղ է եղել:

Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանագիծը Ջիլիզայի հատվածում դեռևս գծված չէ: «Առայժմ հայ-վրացական  սահմանագիծ է ճանաչվում Չանախչի և Ջիլիզա  գյուղերի արանքով հոսող Լալվար գետը»,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Սահմանը բաց տարածք է, սահմանային ոչ մի ուղեցույց այնտեղ չկա: Անծանոթ մարդը կարող է հանգիստ անցնել սահմանը և ընկնել փորձանքի մեջ:

«Զրուցում էինք, մեկ էլ վրացի սահմանապահների կամանդիրը ջիպով եկավ կանգնեց, ինձ ասաց, արի գնանք իմ ավտոմեքենայում զրից անենք: Դիվանագիտորեն, էլի, իբր ես իրենց մտքերը չեմ հասկանում: Էդ արանքում հարցուփորձով իմացավ՝ ես ով եմ: Ես հրաժարվեցի իրեն ավտոմեքենայում նստել: Թևիցս բռնեց, որ ինձ տանի դեպի ավտոն: Սահմանապահներից մեկը անցավ թիկունքիս կողմը: Ասեցի, ես ձեզանից վախեցողը չեմ:  Հարցրեց՝ դու Լալայան Աբոն ե՞ս: Իրենք խնդիր ունեն՝ Լալայան Աբոյի փուշը կոտրելու: Գոմագում ապրողների բոլորի փուշը կոտրել են:  Տեսա 3-րդն էլ է մոտենում, անկախ իմ կամքից սրա պնչին տվի, ձեռքս մտավ բերանը»,- պատմում է Ալբերտը և ցույց տվեց վրացու ատամներից իր ձեռքին մնացած հետքերը: 

Ձեռնամարտի ընթացքում, Ալբերտի ասելով,  սահմանապահների մեկի ուսից ավտոմատն ընկել է իր ձեռքի վրա. «Ծալվող ավտոմատ էր: Սահմանապահները կպան ավտոմատից: Ավտոմատի բերանը չէի կարողանում ուղղել, ես ավտոմատի կես տեղից էի բռնել, սահմանապահները ամենքը մի կողմից: Հիմա, որ ավտոմատը քաշքշում ենք, ես սայթաքեցի և ծնկիս վրա ընկա քարին: Կամադիրը  գոռում էր, որ ամեն գնով ավտոմատը խլեն իմ ձեռքից, վախենում էր կրակել –մրակել լինի»,- հիշեց Ալբերտը:

Ձայների վրա հասնում են հարևանները։ «Արդեն սահմանապահներից ազատվել էի: Վրացի կամանդիրը նորից ինձ պարտադրում էր, թե արի իմ ավտոյի նստի: Ասի, արա, Ձեզ շանսատակ եմ անելու:  Դուք ինձ հետ ինչ գործ ունեք, ես ձեր թայն ե՞մ»,- ասել է Ալբերտը։ Նա այդ պահին զանգահարել է Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանին: Գյուղապետ Վարդանյանը մինչև հայ սահմանապահներին հավաքել, հասել է Գոմագ, վրացիները հեռացել են:   

Վրացի սահմանապահների ու նրանց հրամանատարի հետ նոր բախումներից Ալբերտ Լալայանը իրեն ապահովագրված չի զգում:

«Երբ հայ սահմանապահների հետ հասա Գոմագ, վրացի սահմանապահներն ու ուղեկալի հրամանատարը հեռացել էին: Մեր սահմանապահ ուղեկալի կողմից դեպքի առթիվ գործ է նախապատրաստվել»,- այսօր մեզ հայտնեց գյուղապետ Մհեր Վարդանյանը: Ըստ Ալբերտ Լալայանի՝ Ջիլիզայի գյուղացիների դեմ վրացի սահմանապահների ոտնձգությունները  հաճախ են կրկնվում:

«Նախանցյալ տարի իմ հարևանուհուն տարան: Մենք տղամարդկանցով հասանք: Ավտոմատը մեր վրա վրացիները զարեժատ արին: Լավ ավչարկա շուն ունեմ, երկու վրացի սահմանապահներին կծեց, նրանց շալվաները ձլատել էր: Մենք էլ նրանց հետ նորից կռվի բռնվեցինք, թողին, գնացին: Էդպես մեզ դուխաթափ են անում: Մեր մեջքին մարդ չկա:  Բուկվալնի մարդ չունենք»,- դժգոհեց  Ալբերտը:

Վերջինս նաև պատմեց, որ հիմա վրացիները Չանախչի գյուղի մոտ տնակ են դրել, Վրաստանի դրոշն էլ էդ տնակի վրա են խփել:

«Ես էլ ասում եմ՝ մի հատ տնակ էլ մեր կողմում դրեք, Գոմագի սահմանային մասում: Ախր Ջիլիզային սահմանային ուղեկալը Գոմագից 4 կմ  հեռու է: Եթե դեպք էլ լինում է, մինչև մեր  սահմանապահները հասնեն Գոմագ, ինձ էդ արանքում կտանեն, սահմանն կանցկացնեն»,- բացատրեց Ալբերտը: Գոմագում Ալբերտ Լալայանին ու մյուս ընտանիքներին 1990 թվականների սկզբին հող են տվել, որ տներ սարքեն, անտառի բացատ տարածքներից էր հող են հատկացրել՝ վարել, ցանելու համար: Տրված  հողերը չափագրել են, սակայն գյուղացիների վրա  չեն սեփականաշնորհել:

«Հիմա բոլոր պետությունները սահմանների վրա իրենց   ժողովուրդին համ փող է տալիս, համ հող է տալիս, այսինքն՝ իրենց սահմաններն  ուժեղացնում են, մեզ ոչինչ չկա»,-դժգոհեց  Ալբերտը:

Դժգոհեց նաև, որ Գոմագի իր լճերում  հնարավորություն չունի էս պահին ձուկ լցնելու: Իր տան ու  լճի կառուցման փաստաթղթերը էլ չունի, ասում է՝ չեն տալիս: «Էս վիճակում էլ վրացին գալիս է մտնում մեր բակերը մեզ վախացնում է: Ոնց որ վրացիներն են բերել դոմիկ դրել, մի հատ դոմիկ էլ թող մեր սահմանապահները Գոմագում դնեն, Հայաստանի դրոշն էլ դնեն վրեն, որ սահմանամերձ  գյուղերի հայությունը դուխավորվի: Վրացիների կոտրելը մեր վրա էնքան չի ազդի, եթե պետությունը սահմանային իր գյուղերին տեր կանգնի: Հիմա մեր հիմնական պրոբլեմը գիտեք ինչումն է, վրացի սահմանապահները մեզ այնքան նեղում են, մենք արդեն չգիտենք մեր օրհասական հացի խնդրի համար մտածենք, թե վրացիների դեմն առնելու համար:  Դե, ապրանքս սահմանն անց է կենում,  բռնում,  տանում են տուգանքի տակ գցում: Վրացիները չեն ուզում, որ մենք հայ-վրացական սահմանի հարևանությամբ ապրենք: Մերոնք էլ, եթե վրացի սահմանապահների հետ կոնֆլիկտ եք ունենում, ասում են, ուրեմն դուք եք մեղավոր:  Բա կարող է երևանցին կոնֆլիկտ ունենա Ջիլիզայի սահմանագիծը հսկող վրացի սահմանապահի հետ: Ապրանքն անց է կենում, դա մեզ համար սահմանապահի հետ խնդիր է»,- բացատրում  է Ալբերտ Լալայանը:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Hetq ընթերցող19:00 - 27 նոյեմբերի, 2015
Դարավոր վանքի ճակատագիրը նույնպես անհայտ մնա՞ց՝ http://hetq.am/arm/news/3583/jiliza-gyuxacinery-khorakerty-hervic-en-tesnum-video.html Այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ ոչ թե վրացիներն են վատը, այլ ՀՀ իշխանությունը զավթած անձինք, որոնց տանձին էլ չի, թե հայ-վրացական սահմանը որտեղից է անցնում և ինչ խնդիրներ կան այնտեղ: Իսկ հեչ պետքներն էլ չի, որովհետև ՀՀ իշխանական բարձր շրջանակները՝ սկսած Սերժիկից ու Հովիկից, նախարարներով, վերջացրած միջին կարգի չինովնիկով, բիզնես ունեն Վրաստանում և հետևաբար չեն ցանկանում իրենց անձնական գրպանի պարունակությունը ստորադասել պետության շահից: Էն Աբրահամյան Հովիկը որ այնպես հաճախակի գնում-գալիս է Վրաստան, ձեր կարծիքով ինի՞ համար է գնում:
2. aram19:58 - 27 նոյեմբերի, 2015
Անձնական փորձառութեամբ կը հաստատեմ հայ գիւղացիին ըսածները որ նոյնութեամբ ինձ հետ ալ պատահեցան։ Խուճապի հրաշալի վանքը կը գտնուի հայկական հողի վրայ Արքիոփի զուտ հայկական գիւղի մօտ որ անհասկնալիօրէն վրաստանի բաժին ինկած է։Պէտք էի նկարահանել Խուճապը եւ Խորակերտը -երկուքն ալ լքուած վիճակի մէջ-գտած էի բարերարներ որ հետաքրքրուած էին անոնց նորոգութեամբ։Պէտք էի պահ մը վրաստան մտնել եւ Արքիոփիի միջով բարձրանալ հայ հողի վրայ գտնուող վանքերը։ Ունէի օրինաւոր անցագիր ՝այնուհանդերձ վրացի սահմանապահը հարիւր տոլար ստանալէն եւ գրպանելէն վերջն է որ թոյլ տուաւ։ Մինչեւ հիմա չեմ հասկցած թէ ուր է մեր սահմանը եւ ուր վրացիներունը։
3. Մանթաշ15:07 - 28 նոյեմբերի, 2015
էդ ա-ծ-ծ-ծն թող գնա ընդեղ պահի երկրի վտանգությունը երեխեքին բռնելու տեղակ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ