HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջադրանք եմ ստացել` ռեֆերատ գրել սահմանադրական փոփոխությունների մասին

Մհեր Ենոքյան

 

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանից սահմանադրական իրավունքի դասախոսներն ինձ են ուղարկել նոր Սահմանադրության նախագիծը և առաջադրանք տվել` ուսումնասիրել ու կառավարման կարգի փոփոխության վերաբերյալ աշխատանք` ռեֆերատ գրել:

Հետաքրքիր է` թե՛ իշխանական թևը, թե՛ ընդդիմությունը հիմնականում խոսում են կառավարման համակարգի մասին: Ու շատ քչերն են քննարկում ամենակարևորը` մարդու հիմնական ազատությունների ու իրավունքների մասին հոդվածները:

Հեռուստացույցով հաճախ լսում եմ որոշ գործող պաշտոնյաների հետևյալ մոտեցումը. «Պետությունը չպետք է սահմանափակված լինի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, ինչպես հիմա է գործող Սահմանադրությամբ ամրագրված. պետությունն ավելի կարևոր է, քան մարդը»:

Եվ Սահմանադրության նախագծով իսկապես, որ պետությունն այլևս որևէ կերպ գրեթե չի սահմանափակվում մարդու իրավունքներով, իսկ քաղաքացին ակնհայտորեն փաստացի ստորադասված է. մարդու իրավունքներն ու ազատությունները էականորեն սահմանափակված են նոր նախագծով:

Սակայն երբ միայն նոր Սահմանադրության նախագիծն ես կարդում, չես նկատում մարդու իրավունքների էական սահմանափակումները: Դա է պատճառը, որ աշխատել եմ` ներկայիս Սահմանադրությունն ու նախագիծը համեմատելով:

Ճիշտ է` գործող Սահմանադրությամբ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, սակայն քաղաքացիները կարողանում են սահմանադրական դրույթները մատնացույց անելով` արդարություն պահանջել դատարաններում, իսկ այս նախագծով, կարծես, հիմք է ստեղծվում, որ հենց Սահմանադրությամբ սահմանափակվեն մարդու իրավունքները:

Հիմա՝ փաստեր

Սահմանափակվել է ամենակարևոր իրավունքներից մեկը` անմեղության կանխավարկածը: Նախագծի 66-րդ հոդվածով պարզապես սահմանվել է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Սակայն հանվել է կարևորագույն մի բաղադրիչ` մարդու մեղքի ապացուցման ու փարատված կասկածների մասին, այն է` «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»: Այսինքն` ո՞վ պետք է ապացուցի անձի մեղավորությունը, չփարատված կասկածները ինչպե՞ս են մեկնաբանվելու:

Նախագծում գոյություն չունի սեփական կարծիքին մնալու իրավունքը: Այսպես` գործող Սահմանադրության հոդված 27-ում նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»: Հոդվածի երկրորդ նախադասությունը, որը արգելում է մարդուն հարկադրել իր կարծիքից հրաժարվել, պարզապես հանված է: Փաստորեն ստացվում է, որ նոր Սահմանադրության ընդունվելու դեպքում կարելի է մարդուն տարբեր միջոցներով ստիպել հրաժարվել իր կարծիքից:

Գործող Սահմանադրության մեջ գրված է.

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Նոր Սահմանադրության նախագծում այս մասը փոփոխված է հետևյալ կերպ.

Հոդված 3, մաս 1-ին. ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Փոփոխությունից ակնհայտորեն պարզ է դառնում, որ մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատություններն այլևս բարձրագույն արժեքներ չեն: Ավելին` մարդու արժանապատվությունը, որը նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, կարող է լինել նաև օտարելի: Հակառակ պարագայում` ինչ իմաստ ունի ավելացնել անօտարելի բառը:

Գործող Սահմանադրության մեջ գրված է.

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Նախագծում պետություն բառը փոխարինվել է հանրային իշխանություն բառով, իսկ «պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» հատվածը հանվել է այս հոդվածից:

Նախագծում գրեթե ամեն տեղ պետություն բառը փոխարինվել է հանրային իշխանություն ձևակերպմամբ: Բայց ինչ ասել է` հանրային իշխանություն, մնում է չձևակերպված: Սակայն կան հոդվածներ, որտեղ օգտագործվել է պետություն բառը:

Օրինակ, նախագծի հոդված 10-ի 1-ին մասում գրված է. «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»:

Այսինքն` մարդու իրավունքների պաշտպանության մասով պետությունը դառնում է անհասկանալի մի երևույթ` հանրային իշխանություն անվամբ, բայց ընդերքի ու ջրային ռեսուրսների սեփականության իրավունքը պատկանում է պետությանը: 

Գործող Սահմանադրության հոդված 11.3-ում գրված է.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»:

Նոր Սահմանադրության նախագծում հանված են «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը (տես՝ հոդված 47, կետ 8):

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները միայն ՀՀ տարածքից դուրս են պաշտպանվելու, իսկ Հայաստանո՞ւմ…

Գործող Սահմանադրության հոդված 17-ում գրված է. «Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք»: Սակայն նոր նախագծով` ազատությունից զրկված անձինք ունեն միայն մարդասիրական վերաբերմունքի իրավունք, հանվել է արժանապատվության հարգման իրավունքը (հոդված 26, 3-րդ կետ):

Ընդհանրապես բազմաթիվ իրավունքներ սահմանափակվում են նոր Սահմանադրության նախագծով հետևյալ ձևակերպմամբ` «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով».

  1. Կարծիքի արտահայտման իրավունքը

  2. Հավաքների ազատության իրավունքը

  3. Ազատ տեղաշարժվելու իրավունքը

  4. Նույնիսկ ամուսնության ազատության իրավունքը (նախագծում հոդված 35-ի, 3-րդ կետում նշված է. «Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով»)

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter