HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա՛ն իրատեսական այլընտրանքներ

«Հայաստանում բռնությամբ հարց լուծելու մեթոդը դարձել է վերջերս ամենահաճախ հնչող մտքերից մեկը՝ մի կողմից զայրույթին ու անարդարությանն այլևս չդիմացող մարդկանց, մյուս կողմից՝ «ահաբեկիչներ» բռնելու վախ սփռող վարչակարգի ներկայացուցիչների կողմից։ Եվ իսկապես, զայրույթն ու վախը բռնության՝ որպես ծայրագույն միջոցի դիմելու հիմնական շարժիչ ուժերից են։ 

Այլ հարց է նաև բռնության նկատմամբ մեր հանրության հանդուրժողությունը՝ լինի դա ուղղակի ֆիզիկական բռնություն, թե՝ համակարգային բռնություն՝ խտրականության ու անհավասարության կիրառմամբ, թե՝ մշակութային բռնություն՝ բռնամիջոցների և զենքի փառաբանմամբ։ 

Բռնությամբ հարց լուծելու մտածողությունն անշուշտ սահմանափակ է՝ տարբեր պատճառների թվում այլընտրանքներից անտեղյակ լինելու և դրանց մասին թյուր պատկերացումներ ունենալու նկատառումով։ Հատուկ անհրաժեշտ է շեշտադրել հայտնի ասացվածքը, որ բռնությամբ կամ զենքով նվաճվածը պահվում է բռնությամբ և զենքով, ուստի Հայաստանում բռնությունից տուժածները եթե փորձեն արդարություն վերականգնել բռնությամբ, ապա վերարտադրելու են այն, ինչի դեմ դուրս են եկել պայքարի։ Բացի այդ, ապացուցված է, որ բռնությամբ հարցերն ավելի շուտ չեն լուծվում, քան լուծվում են, իսկ նույնիսկ եթե, օրինակ, կառավարության փոփոխությունը հնարավոր է լինելում զինված պայքարի միջոցով, ապա արդար և ժողովրդավարական համակարգ ստեղծելն է դառնում գրեթե անհնար։ Այդ մասին ավելի մանրամասն գրել է Տիգրան Գրիգորյանը lragir.am-֊ում և մատնանշել ոլորտում արված համաշխարհային գիտական հետազոտությունների արդյունքները։ 

Սակայն բոլորիս մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պայքարել մեզ փաստացիորեն ստրկացրած, մեզ շահագործող այս փոքրամասնական, բայց մեծամասնական հարստություն դիզած վարչախմբի դեմ։

Պատասխանը կարելի է գտնել ամերիկացի քաղաքագետ, ոչ֊բռնի հակամարտության տեսաբան Ջին Շարփի՝ «Կա՛ն իրատեսական այլընտրանքներ» էսսեում, որն այս ոլորտում իր բազմաթիվ աշխատանքներից ամենահակիրճն է ու մատչելին։

Աշխատությունը հայերեն տպագրվում է առաջին անգամ, «Հետք»-ն այն կներկայացնի մաս֊մաս։ Թարգմանությունը տրամադրել է  Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը։

Ջին Շարփ

Կա՛ն իրատեսական այլընտրանքներ

Գլուխ I

Ինչպես ստեղծել իրատեսական այլընտրանքներ պատերազմին և այլ բռնամիջոցներին

Հասարակությունում և քաղաքականության մեջ բռնությունը՝ լինի դա պատերազմի, ահաբեկչության, կեղեքման (oppression), դիկտատուրայի[1], ուզուրպացիայի (թրգմ.՝ կառավարման մարմինների յուրացման), թե ցեղասպանության տեսքով, համընդհանուր կերպով ճանաչված է որպես լրջագույն խնդիր։

Բռնության կամ դրա հատկապես որոշ արտահայտումների խնդիրը լուծելու բոլոր առաջարկները մինչ օրս անհաջողության են մատնվել։ Հավանական է, որ խնդիրը չլուծված է մնում, քանի որ այդ լուծումները հիմնված են եղել խնդրի բնույթի ոչ բավարար ճանաչման վրա։ Առանց հասկանալու խնդիրը՝ դժվար, եթե ոչ անհնար, է լուծել այն:[2]

Այս էսսեի նպատակն է այլ տեսանկյունից ուսումնասիրել հասարակությունում և քաղաքականության մեջ այդքան լայնատարած երևույթի՝ բռնության էությունը և առաջարկել դրա լուծման այլ ուղիներ։

Անհրաժեշտ է նախ վերլուծել այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի կտրուկ կերպով նվազեցնել հակամարտությունների լուծումը ռազմական կամ այլ բռնի եղանակով։ Պետք է ուսումնասիրել, թե ինչու է բռնությունն այդքան լայնորեն համարվում անհրաժեշտություն՝ ինչպես բարի, այնպես էլ՝ չար նպատակներում և թե ինչպես կարելի է հիմնովին ձերբազատվել այս ախտանիշից։

Այս էսսեի տեսանկյունը թեև պարզ է, սակայն հիմնորոշ է քաղաքական և միջազգային հակամարտություններում բռնության խնդիրը լուծելու համար։

Պետք է ընդունել, որ հասարակությունում և քաղաքականության մեջ հակամարտություններն անխուսափելի են և շատ դեպքերում նույնիսկ ցանկալի են։ Որոշ հակամարտություններ հնարավոր է լուծել մեղմ միջոցներով, ինչպիսիք են՝ բանակցությունները, երկխոսությունը, հաշտեցումը. եղանակներ, որոնք ենթադրում են փոխզիջումներ։ Սրանք իրագործելի են, երբ խնդրո առարկան հիմնորոշ չէ։ Նույնիսկ այս դեպքերում բանակցությունների միջոցով հակամարտության լուծման վրա ավելի շուտ ազդում են հակառակորդների հարաբերական ուժային կարողությունները, քան արդարության մասին համատեղ ողջամիտ գնահատականը։

Սակայն շատ հակամարտություններում վտանգված են լինում կամ համարվում հիմնորոշ հարցեր։ Սրանք «սուր հակամարտություններն են», որոնց համար փոխզիջումային ոչ մի լուծում ընդունելի չէ։

Սուր հակամարտություններում կողմերից առնվազն մեկն անհրաժեշտ կամ ճիշտ է համարում հակամարտել թշնամական հակառակորդի դեմ։ Սուր հակամարտությունները մղվում են ազատություն և արդարություն հաստատելու, կրոնը կամ սեփական քաղաքակրթությունը պաշտպանելու կամ տարածելու, թշնամական բռնությանը դիմակայելու կամ հաղթահարելու նպատակով։ Թշնամական բռնություն կարող է կիրառվել կեղեքելու, անարդարություն կամ դիկտատուրա հաստատելու նպատակով։ Թշնամական բռնությունը կարող է կիրառվել նաև իբրև հարձակում որոշակի մարդկանց բարոյական կամ կրոնական սկզբունքների կամ մարդկային արժանապատվության վրա կամ նույնիսկ նրանց ժողովրդի գոյատևմանը սպառնալու նպատակով։

Սուր հակամարտություններում կողմերից առնվազն մեկը համարում է, որ հանձնվելը, կապիտուլյացիան կամ պարտությունը աղետալի են իր սկզբունքների, համոզմունքների, ողջ հասարակության և երբեմն՝ կյանքի շարունակության համար։ Նման դեպքերում մարդիկ համարում են, որ հնարավորինս ուժգին հակամարտելն անհրաժեշտություն է։

Հակամարտելու միջոցի անհրաժեշտությունը  

Պատերազմը և այլ բռնամիջոցներ կիրառվել են բազմատեսակ նպատակներով, սակայն սուր հակամարտություններում քաղաքական կամ միջազգային բռնությունը ծառայել է որպես ազնիվ ու վեհ համարվող նպատակներ պաշտպանելու կամ առաջ մղելու միջոց։ Բռնությունը համարվել է մեծ չարիքին պասիվորեն հանձնվելուն անհրաժեշտ այլընտրանք։

Քաղաքական շատ համակարգերում պատերազմն ու այլ բռնամիջոցները ծառայում են որպես «վերջին պատժամիջոց»։ Այսինքն՝ բռնության այս տեսակները համարվում են որպես վերջին միջոց, գործողության ամենահուժկու եղանակ, ճնշում, պատիժ կամ ուժ դրսևորելու ծայրագույն եղանակ, երբ ավելի մեղմ միջոցները համարվել են ձախողված կամ ձախողման ենթակա։ Բռնությունն այսպիսով կիրառվում է հանուն ամեն ազնիվ ու արժեքավոր բանի առաջմղման ու պաշտպանության։

Մինչև չգիտակցենք բռնության այս դերակատարումը, հնարավոր չի լինի սուր հակամարտություններում ավելի պակաս չափով ապավինել պատերազմի և այլ բռնամիջոցների վրա։

Երբ հակամարտություններում վտանգված են հիմնորոշ երևույթներ, միամտություն կլինի կարծել կամ գործել այնպես, թե իբր բանակցությունների կամ երկխոսության առաջարկը համարժեք արձագանք է իրավիճակին։ Թշնամաբար տրամադրված հակառակորդներն ամենայն հավանականությամբ չեն հրաժարվի իրենց նպատակներից կամ պայքարի միջոցներից։ Այս իրավիճակում ողջամիտ չէ նպատակադրվել դեպի «հաղթանակ-հաղթանակ» լուծումը։ Բռնակալներն ու ցեղասպանություն սանձահարողներն արժանի չեն որևէ բան հաղթելու։

Տասնյակ տարիների ընթացքում կուտակված ապացույցներ կան, որ հակամարտություններում կիրառվող բռնությունը չի վերանում դրանց դեմ ցույցերով։ Սուր հակամարտությունների ժամանակ մարդկանց մեծամասնությունը չի մերժի պատերազմն ու այլ բռնամիջոցներն այն պատճառով, որ համարում է կամ այլոք ասում են, թե նման բռնությունը դեմ է բարոյական կամ կրոնական սկզբունքների։ Հակառակն ակնկալելը անիրատեսական կլինի։

Շուրջ քառասուն տարի առաջ հոգեբույժ Ջերոմ Ֆրենքը մեզ հիշեցրեց, որ մարդկանց մեծ մասի համար խաղաղությունն ամենաբարձր արժեքը չէ։[3]

Անհատները, մարդկանց խմբերն ու կառավարությունները չեն հրաժարվի բռնությունից, երբ դա ընկալվում է որպես թուլության և հուսալքության դրսևորում մի հակամարտության մեջ, որտեղ հարձակման են ենթարկվել կամ թվում է, թե հարձակման են ենթարկվել նրանց հիմնորոշ համոզմունքները և հասարակության բուն էությունը։ Որպեսզի սուր հակամարտություններում պատերազմն ու այլ բռնամիջոցները չկիրառվեն որպես սեփական սկզբունքները, իդեալները, հասարակությունը կամ գոյությունը պաշտպանելու կամ առաջ տանելու վերջին միջոց, հուժկու գործողության այլընտրանքային միջոցներ պետք է գոյություն ունենան։ Պետք է հակամարտությունը հզոր կերպով վարելու փոխարինող միջոցներ լինեն, որոնք բռնի տարբերակին համարժեք կամ ավելի մեծ հաջողության հավանականություն ունենան։

Անհրաժեշտությունից ելնելով՝ նման ֆունկցիոնալ այլընտրանքը պետք է ի վիճակի լինի բավարար կերպով լուծելու այն «սուր խնդիրները», որոնց  համար նախկինում բռնության կիրառումը համարվել է որպես պահանջվող միջոց։ Այս «սուր խնդիրների» թվում են՝ դիկտատուրաների, արտաքին ներխուժումների և բռնազավթումների, ներքին ուզուրպացիաների (կառավարման մարմինների յուրացում), կեղեքման, ցեղասպանության փորձերի, զանգվածային վտարումների և սպանությունների դեմ հակամարտությունները։

Մի շատ կարևոր հուշում, որ նման այլընտրանք գոյություն ունի, այն փաստն է, որ նույնիսկ բռնատիրությունների ուժը սնվում է հասարակության մեջ գտնվող ուժի աղբյուրներից, որոնք էլ իրենց հերթին կախված են բազմատեսակ հաստատությունների և մարդկանց համագործակցությունից. մի երևույթ, որը կարող է շարունակվել կամ չշարունակվել, ինչը մենք ավելի մանրամասն կքննարկենք ստորև։

Կա պայքարի այլ միջոց 

Բռնի հակամարտության փոխարինման իրատեսական տարբերակ գոյություն ունի։ Հաճախ է մոռացվում, որ պատերազմն ու այլ բռնամիջոցները սուր հակամարտություններ վարելու հարցում համընդհանուր մոտեցում չեն եղել։ Բազմաթիվ իրավիճակներում, տարբեր դարաշրջաններում և մշակութային համատեքստերում հաճախ կիրառվել է պայքարի այլ միջոց։ Այս միջոցը բնավ հիմնված չի եղել ապտակից հետո մյուս այտը հակառակորդին դեմ տալու վրա, այլ՝ համառ լինելու և ուժեղ հակառակորդին ուժգին կերպով դիմադրելու կարողության վրա։ 

Մարդկային պատմության ընթացքում բազմաթիվ հակամարտություններում կողմերից մեկը պայքարը մղել է ոչ թե բռնությամբ, այլ՝ հոգեբանական, սոցիալական, տնտեսական և քաղաքական մեթոդներով կամ այս բոլորի համատեղմամբ։ Հակամարտության այս տեսակը չի կիրառվել պարզապես այն դեպքերում, երբ վտանգի ենթարկված հիմնախնդիրները հարաբերականորեն նեղ են եղել, իսկ հակառակորդները՝ հարաբերականորեն պարկեշտ։ Շատ դեպքերում պայքարի այս այլընտրանքային ձևը կիրառվել է այն ժամանակ, երբ վտանգված են եղել հիմնորոշ խնդիրներ/իրավունքներ և երբ անգութ հակառակորդները պատրաստակամ և ի վիճակի են եղել կիրառել ծայրահեղ բռնաճնշում (ռեպրեսիա)։ Բռնաճնշման եղանակներից են եղել մահապատիժները, ծեծերը, ձերբակալումներն ու զանգվածային ջարդերը։ Եվ չնայած նման բռնաճնշումներին, երբ դիմադրողները շարունակել են կռվել միայն իրենց ընտրած ոչ-բռնի զենքերով, հաճախ նրանք հաղթանակի են հասել։

Այս եղանակը կոչվում է ոչ-բռնի[4] պայքար։ Ահա սա է «մյուս ծայրահեղ միջոցը»։ Սուր հակամարտություններում այն ունի պատերազմին և այլ բռնամիջոցներին այլընտրանք լինելու ներուժը։

Ոչ-բռնի պայքարների օրինակներ

Ոչ-բռնի պայքարներ լայնորեն մղվել են բազմազան մշակույթներում, տարբեր պատմական ժամանակաշրջաններում և քաղաքական պայմաններում։ Դրանք տեղի են ունեցել ինչպես այսպես կոչված՝ «արևմուտքում», այնպես էլ՝ «արևելքում»։ Ոչ-բռնի պայքարներ մղվել են նաև արդյունաբերականացած և ոչ արդյունաբերականացած երկրներում։ Դրանք կիրառվել են ինչպես սահմանադրական ժողովրդավարություններում, այնպես էլ՝ կայսրությունների, օտարերկրյա զավթիչների և բռնատիրական համակարգերի դեմ։ Ոչ-բռնի պայքարը մղվել է հանուն բազմատեսակ գաղափարների ու խմբերի և նույնիսկ այնպիսի նպատակներով, որոնք շատերի համար մերժելի են։ Ոչ-բռնի պայքարը կիրառվել է ինչպես փոփոխություն կանխելու, այնպես էլ՝ փոփոխություն մտցնելու համար։ Ոչ-բռնի պայքարը երբեմն զուգակցվել է սահմանափակ բռնությամբ։

Պայքարի մղող հիմնախնդիրները տարբեր են եղել՝ սոցիալական, տնտեսական, էթնիկ, կրոնական, ազգային, հումանիտար և քաղաքական. մանր խնդիրներից՝ մինչև հիմնարար  խնդիրներ։ Չնայած պատմաբանները հիմնականում անտեսել են պայքարի այս տեսակը, այն ակնհայտորեն շատ հին երևույթ է։ Պայքարի այս եղանակին վերաբերող պատմության մեծ մասն, անկասկած, կորել է, իսկ այն մասը, որը դեռ պահպանվել է, մեծամասամբ անտեսվել։

Ոչ-բռնի պայքարի կիրառման շատ դեպքեր կա՛մ քիչ առնչություն են ունեցել կառավարությունների հետ կա՛մ առնչություն չեն ունեցել ընդհանրապես։ Դրանցից են՝ աշխատավորներին վերաբերող պայքարների շատ դեպքեր կամ սոցիալական կոնֆորմիզմին (թրգմ.՝ հարմարվողականություն) դիմադրելու կամ այն պարտադրելու ջանքեր։ Ոչ-բռնի պայքարները մղվել են էթնիկ և կրոնական հակամարտություններում և բազմաթիվ այլ իրավիճակներում, ասենք՝ ուսանողների և համալսարանական ղեկավարների միջև։ Մեծ թիվ են կազմում նաև քաղաքացիական բնակչության և կառավարությունների միջև սուր հակամարտությունները, երբ կողմերից մեկը մղել է ոչ-բռնի պայքար։ Ստորև բերվող օրինակներից շատերը հենց այս տեսակի են։

Տասնութերորդ դարի վերջերից մինչև քսաներորդ դար ոչ-բռնի պայքարը լայնորեն կիրառվել է բազմատեսակ հակամարտություններում. գաղութային ապստամբություններ, միջազգային քաղաքական և տնտեսական հակամարտություններ, կրոնական հակամարտություններ, ստրկության դեմ դիմադրություն։ Պայքարի այս եղանակը կիրառվել է աշխատավորների ինքնակազմակերպվելու իրավունքներն ապահովելու, կանանց իրավունքներն ապահովելու, ընտրելու համընդհանուր իրավունքը հաստատելու, կանանց՝ ընտրելու իրավունքը հաստատելու նպատակներով։ Պայքարի այս ձևն օգտագործվել է ազգային անկախություն ձեռք բերելու, տնտեսական օգուտներ ստանալու, ցեղասպանությանը դիմադրելու, բռնատիրություն տապալելու, քաղաքացիական իրավունքներ նվաճելու, խտրականությանը վերջ տալու, արտաքին օկուպացիաներին ու ռազմական հեղաշրջումներին դիմադրելու նպատակներով։

Քսաներորդ դարի սկզբում ոչ-բռնի պայքարի տարրերով հարուստ էր 1905թ ռուսական հեղափոխությունը։ Գործադուլների ու տնտեսական բոյկոտի ճանապարհով են անցել արհեստակցական միություններն աշխարհի տարբեր երկրներում։ Գերմանացիները ոչ-բռնության ուղին բռնեցին 1920թ.Կապպ Պուտչի դեմ և 1923թ.Ռուրի ֆրանս-բելգիական օկուպացիայի դեմ պայքարներում։ 1908թ., 1915թ.և 1919թ. չինացիները բոյկոտեցին ճապոնական ապրանքերը։ 1920-ական և 1930-ական թվականներին հնդիկ ազգայնականները Մոհանդաս Գանդիի գլխավորությամբ ոչ-բռնի պայքար էին մղում բրիտանական լծից ազատվելու համար։

1940-1945թթ. եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես՝ Նորվեգիայում, Դանիայում և Նիդեռլանդերում ժողովուրդը ոչ-բռնի պայքարի միջոցով էր դիմադրում նացիստական բռնազավթմանն ու լծին։ Ոչ-բռնի պայքար մղվել է հոլոքոստից հրեաներին փրկելու համար, մասնավորապես՝ Բեռլինում, Բուլղարիայում, Դանիայում և այլուր։ Սալվադորի և Գվատեմալայի ռազմական բռնակալաները տապալվեցին 1944թ. գարնանը կարճատև ոչ-բռնի պայքարների արդյունքում։ Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքների շարժումը, որը ոչ-բռնի պայքարի միջոցով մարտնչում էր ռասսայական սեգրեգացիայի դեմ, կարողացավ 1950-60-ականներին փոխել Միացյալ Նահանգների հարավում երկար ժամանակներ հաստատված օրենքներն ու քաղաքականությունները։ 1961թ. Ֆրանսիայի գաղութ հանդիսացող Ալժիրում ֆրանսահպատակ ժամկետային զինծառայողների անհամագործակությունը զինված հեղաշրջում իրականացնող գեներալների հետ՝ զուգակցված Ֆրանսիայում զանգվածային ցույցերով և Դեբրե-դը Գոլ կառավարության դիմադրությամբ, կարողացավ պարտության մատնել Ալժիրում ռազմական հեղաշրջման նախաձեռնողներին և կանխել նմանատիպ հեղաշրջում Փարիզում։

1968 և 1969թթ. Վարշավյան պակտի ներխուժումից հետո չեխերն ու սլովակները կարողացել են խորհրդային լիակատար վերահսկողությանը ութ ամբողջ ամիս դիմադրել՝ ոչ-բռնի պայքարի և համագործակցելուց հրաժարվելու միջոցով։ 1953-ից 1990թթ. Արևելյան Եվրոպայի կոմունիստական կառավարությունների, հատկապես՝ Արևելյան Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի և բալթյան երկրների այլախոհներն անդադար ոչ-բռնի պայքարներ էին վարում հանուն ազատության։ Լեհական «Սոլիդարնոստ» շարժումը, որ սկսվեց 1980թ. ազատ և օրինական արհմիությունների պահանջի գործադուլներով, 1989թ. ավարտվեց Լեհաստանում կոմունիստական վարչակարգի տապալմամբ։ Ոչ-բռնի պայքարներն էին, որ կրկին վերջ տվին կոմունիստական բռնատիրությանը Չեխոսլովակիայում 1989թ. և Արևելյան Գերմանիայում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում 1991թ.։

Մոսկվայում 1991թ. զինված հեղաշրջման փորձը ձախողվեց անհամագործակցության և բացահայտ մերժման շնորհիվ։ Ոչ-բռնի ցույցերն ու զանգվածային դիմադրությունը մեծագույն նշանակություն ունեցան Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ապարթեյդի քաղաքականությունը և եվրոպական ազդեցությունը տապալելու հարցում՝ հատկապես 1950-ից 1990-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆիլիպիններում Մարկոսի դիկտատուրայի վերջն եկավ 1986թ. ոչ-բռնի ըմբոստության շնորհիվ։

1988թ. հուլիսին և օգոստոսին Բիրմայի (նախկին Մյանմար) դեմոկրատները սկսեցին ռազմական դիկտատուրայի դեմ պայքարել քայլերթերի և անհնազանդության միջոցով, տապալեցին երեք կառավարություն, սակայն պայքարն ընդհատվեց ռազմական նոր հեղաշրջմամբ և զանգվածային բնաջնջմամբ։ 1989թ. Չինաստանում ուսանողներն ու այլ քաղաքացիներն ավելի քան երեք հարյուր քաղաքներում (ներառյալ՝ Պեկինի Թիանանմեն հրապարակում) խորհրդանշական ցույցեր անցկացրին կոռուպցիայի ու կառավարության կողմից հարստահարման դեմ, սակայն այս ցույցերն ավարտվեցին զինուժի կողմից զանգվածային սպանություններով։

Կոսովոյում ալբանական բնակչությունը 1990-ից 1999թթ. մղում էր անհամագործակցության արշավ ընդդեմ սերբական բռնատիրական վարչակարգի։ Երբ դե ֆակտո անկախ Կոսովոյի կառավարությունը չգիտեր, թե ինչպես ոչ-բռնի ռազմավարությամբ ձեռք բերի դե յուրե անկախություն, զինված գործողությունների սկսեց դիմել Կոսովոյի ազատագրման պարտիզանական բանակը։ Սրան հաջորդեցին սերբական ծայրահեղ բռնաճնշումներն ու զանգվածային ջարդերն՝ այսպես կոչված՝ «էթնիկ զտում» անվան տակ, որին էլ հաջորդեցին ՆԱՏՕ-ի ռմբակոծություններն ու միջամտությունը։

1996թ. նոյեմբերից սերբերը Բելգրադում սկսեցին ամենօրյա երթեր ու ցույցեր անցկացնել նախագահ Միլոշևիչի ավտորիտար կառավարության դեմ և կարողացան ընտրակեղծիքների արդյունքները շտկել 1997թ. հունվարին։ Այդ ժամանակ, սակայն, Սերբիայի դեմոկրատները չունեին պայքարն առաջ մղելու ռազմավարություն և չկարողացան Միլոշևիչի դիկտատուրան տապալելու գործողություն սկսել։ 2000թ. հոկտեմբերին «Օտպոր» (դիմադրություն) շարժումն ու դեմոկրատական այլ ուժեր կրկին վեր բարձրացան Միլոշևիչի դեմ՝ այս անգամ զգուշորեն պլանավորված ոչ-բռնի պայքարի միջոցով, և Միլոշևիչի բռնատիրությունը փլուզվեց։

2001թ. սկզբներին Ֆիլիպիններում կոռուպցիայի մեջ մեղադրվող նախագահ Էստրադան պաշտոնազրկվեց «Ժողովրդի ուժը II» շարժման արդյունքում։

Այս բոլոր հակամարտությունները և դրանց արդյունքները հասկանալու համար պետք է հասկանալ պայքարի այս ձևի բնույթը։

Ոչ-բռնի պայքարի բնութագրիչներն ու մեթոդները 

Այս տեսակի պայքարում բռնության փոխարեն մարդիկ գործադրել են երեք տեսակի վարքագիծ։ Նախ, նրանք մասնակցել են բողոքի խորհրդանշական ցույցերի, ինչպիսիք են՝ երթերը, մոմավառությունները, թռուցիկների բաժանումը, հատուկ գույների կրումը՝ ի նշան որոշակի նպատակի աջակցության կամ դիմադրության։

Երկրորդ, դիմադրողները մերժել են շարունակել համագործակցել կամ նոր համագործակցություն սկսել իրենց հակառակորդների հետ։ Նրանք գործադրել են անհամագործակցություն, որը կրել է սոցիալական, տնտեսական և քաղաքական ձևեր։ Օրինակ, դիմադրողները հակառակորդների նկատմամբ կիրառել են սոցիալական բոյկոտներ կամ հրաժարվել են մասնակցել տոնակատարությունների կամ հիշատակի միջոցառումների, կամ հրաժարվել են գնալ հանդիպումների կամ հաճախել դպրոցներ, որոնք նրանք համարել են հակառակորդին աջակցող։

Դիմադրողները հաճախ դադարեցրել են տնտեսական համագործակցությունը՝ հրաժարվելով մատակարարել կամ փոխադրել ապրանքներ և ծառայություններ կամ հրաժարվելով գնել կամ վաճառել ապրանքներ կամ նյութեր։ Երբեմն հակառակորդ երկրի հետ տնտեսական հարաբերությունները դադարեցվել են կառավարությունների նախաձեռնությամբ։ Սրանք բոլորը տնտեսական բոյկոտի ձևեր են։

Գործադուլները տարբեր տեսք են ունեցել, ինչպես օրինակ՝ կարճաժամկետ խորհրդանշական աշխատանքի դադարեցումից, մեկ գործարանի գործադուլից՝ մինչև զանգվածային համընդհանուր գործադուլներ կամ որևէ քաղաքի կամ երկրի տնտեսության կաթվածահարում։

Քաղաքական անհամագործակցության շարքում են՝ կեղծված ընտրությունների բոյկոտը, վարչակարգի լեգիտիմության մերժումը, անհնազանդությունը, կառավարական աշխատողների անհամագործակցությունը և քաղաքացիական անհնազանդությունն «անբարո» օրենքներին։

Երրորդ, ակտիվ միջամտությունը և համակարգի նորմալ գործունեության խափանումը իրականացվել է հոգեբանական, սոցիալական, տնտեսական, ֆիզիկական և քաղաքական տարբեր ձևերով։ Ոչ-բռնի միջամտության բազմաթիվ մեթոդներից են՝ գրասենյակների գրավումը (օկուպացիան), նստացույցերը փողոցներում, հացադուլները, նոր տնտեսական հաստատությունների ստեղծումը, ոչ-բռնի ներխուժումները, վարչական հաստատությունների գերբեռնումը, ձերբակալվելուն ուղղված քայլեր կատարելը, զուգահեռ կառավարությունների ստեղծումը։

Ոչ-բռնի պայքարի մեթոդները դասակարգվում և բնութագրվում են ըստ գործողության տեսակի, այլ ոչ թե դրանք կիրառող մարդկանց շարժառիթների կամ համոզմունքների։ Կարևոր է շեշտել, որ պայքարի այս եղանակը կիրառվել է բազմատեսակ համոզմունքներ ունեցող մարդկանց կողմից և ակնհայտորեն չի պահանջում ոչ-բռնության բարոյական կամ կրոնական համոզմունք, որը բոլորովին այլ երևույթ է։ Հաճախ պայքարի մասնակիցները և առաջնորդները (եթե նրանց հնարավոր է եղել ճանաչել) զերծ են մնացել բռնությունից, քանի որ հասկացել են, որ դա և՛ անարդյունավետ է, և՛ ոչ պետքական։ Այս գրքույքի հավելվածում զետեղված են ոչ-բռնի պայքարի 198 դասակարգված մեթոդներ, որոնց մասին մանրամասն և պատմական տեղեկություններ կան Ջին Շարփի «Ոչ-բռնի պայքարի քաղաքականությունը, Մաս 2, Ոչ-բռնի պայքարի մեթոդները» գրքում (հավելյալ գրականության մասին տեղեկություններ կան Հավելված 3-ում)։

Թյուր պատկերացումներ

Ոչ-բռնի պայքարն ընկալելու վրա բացասաբար են ազդել լայնորեն տարածված թյուր և կեղծ պատկերացումները։ Թույլ տվեք մի շարք ուղղումներ կատարել.

• Լայնորեն ընդունված է, թե իբր բռնությունն ավելի արագ է արդյունքի բերում և ոչ-բռնի պայքարը միշտ երկար է տևում։ Այս երկու համոզմունքներն էլ սխալ են։

• Ոչ-բռնի պայքարը հաճախ ընկալվում է որպես թույլ պայքար, մինչդեռ այն կարող է շատ հզոր լինել։ Այն կարող է կաթվածահար անել և նույնիսկ՝ կազմաքանդել ռեպրեսիվ վարչակարգերը։

• Ոչ-բռնի պայքարի համար չի պահանջվում խարիզմատիկ առաջնորդ։

• Ոչ-բռնի պայքարը բազմամշակութային երևույթ է։

• Ոչ-բռնի պայքարի համար չեն պահանջվում որևէ կրոնական համոզմունքներ (վստահաբար՝ ոչ կոնկրետ կրոնական համոզմունքներ), թեև երբեմն այն մղվել է կրոնական շարժառիթներով։

• Ոչ-բռնի պայքարը նույնը չէ, ինչ կրոնական կամ բարոյական սկզբունքներից բխող ոչ-բռնությունը. այն լիովին այլ երևույթ է։ Այս տարբերակումը պետք է հստակ լինի և չանտեսվի։

• Չնայած լայնորեն համարվում է, որ պայքարի այս եղանակը կարող է հաջողության հասնել միայն մարդասեր և ժողովրդավարական հակառակորդների դեմ, այն իրականում հաջողություն է գրանցել նաև բռնի վարչակարգերի ու դիկտատուրաների՝ այդ թվում նացիստական և կոմունիստական դիկտատուրաների դեմ։

• Ասվում է, թե ոչ-բռնի պայքարը հաջողության է հասնում միայն հակառակորդների սրտերը հալեցնելով։ Իրականում ոչ-բռնի պայքարն ունեցել է պարտադրանքի ուժ և նույնիսկ կարողացել է շարքից հանել ծայրահեղ բռնատիրություններ։

(շարունակություն)

լուսանկարը՝ peacerequiresanarchy.wordpress.com-ից 



[1] Ծանոթագրություն թարգմանչից․ դիկտատուրան (dictatorship) ընդունված է թարգմանել «բռնատիրություն», «բռնապետություն», «բռնակալություն», հանդիպում  է նաև «հրամայավարություն» տարբերակը։ Դեսպոտիզմ,  տիրանիա և ուզուրպացիա (despotism, tyranny, usurpation) բառերից զանազանելու նպատակով գրքույկում կպահպանվի փոխառված՝ «դիկտատուրա» բառը, երբեմն կօգտագործվի «հրամայավարություն» թարգմանությունը, իսկ «դիկտատոր» բառի դեպքում կօգտագործվի ինչպես փոխառությունը, այնպես էլ՝ «բռնակալ» բառը:

[2] «Բռնությունն» այստեղ կիրառվում է ոչ թե որպես բարոյական եզրույթ կամ քաղաքական կարծիք, այլ հետևյալ հստակ սահմանմամբ․ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն՝ նրանց վնասվածք կամ մահ պատճառելու նպատակով կամ գործողություն, որը հիմնված է նման արդյունքի հանգեցնող սպառնալիքի վրա։

[3] Ջերոմ Ֆրենք, «Հոգեբանական խնդիրները պատերազմի վերացման հարցում», «Համաշխարհային երրորդ պատերազմի կանխման մի քանի առաջարկ» գրքում, Նյու Յորք, Սիմոն և Շուստեր հրատարակչություն, 1962թ․

[4] Թեև հայերենում ընդունված կլիներ առանձին գրել «ոչ բռնի», փիլիսոփայական և հատկապես հեգելյան՝ «թեզ, անտիթեզ, սինթեզ» սկզբունքի նկատառումներով թարգմանիչը ներմուծում է բառիմաստի ընդլայնմամբ օժտված նոր բառեր՝ «ոչ-բռնի» և «ոչ-բռնություն», որոնք գրվում են գծիկով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter