HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. «ԿԳՆ-ն վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի»

Օմբուդսմենը կրկին ահազանգում է, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին, սակայն ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ: 

Օմբուդսմենի գրասենյակը հայտնում է, որ դպրոցի տանիքը վթարված է, առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից, քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում, եւ նման պարագայում խնդրահարույց է, որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով: 

Ի դեպ, այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը`ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով եւ չափազանց վատ կառավարվող  այս հատուկ դպրոցը: 

Հայտնել են նաև, որ դեռեւս 2014 թվականին կրթության եւ գիտության նախարարն օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքիհիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով:

«Սակայն կարող ենքմիանշանակ փաստել, որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ եւ չլուծվածմնալ: Միակ առաջընթացը, որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում այն է, որ այս տարի չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք, ինչպես նաեւ մասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter