HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամներին

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի գրասենյակում հանդիպեց «Red Eagles» ֆան շարժման անդամներին: Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանեց շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն: Տեղի ունեցավ անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆան շարժման անդամների միջև:

Բազմաթիվ հարցերի թվում անդրադառնալով երեկ Հայաստանի ազգային հավաքականի 9 ֆուտբոլիստների կողմից արված հայտարարությանը՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ այդ հարցին արդեն անդրադարձել է այսօր «Առավոտի» հարցմանն ի պատասխան: 

Թերթին Հայրապետյանը մասնավորապես ասել է. «Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»: 

Հիշեցնենք, որ, ի պատասխան Հայրապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Ալբանիա խաղը մեր ֆուտբոլիստները վաճառել են, հավաքականի 9 առաջատարներ (Մխիթարյան, Մովսիսյան, Օզբիլիզ, Արզումանյան, Մարկոս, Ղազարյան, Կասպարով, Մկոյան, Մկրտչյան) հրապարակավ հայտնել են հետևյալը. «Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու: Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter