HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: 

Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ կնոջ մոտ եղել է պտղաջրերի արտահոսք: Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը, սակայն նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ըստ դիմումատուի, բժշկական մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, որի հետևանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում  առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշված բժշկական կենտրոնում մեկ այլ նորածնի մահվան դեպք է գրանցվել նաև նոյեմբերի 27-ին:

2015 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Ի. Հայրապետյանից  հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 25-ին հարսը՝ իր որդու կինը, ընդունվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն և կեսարյան հատման եղանակով ունեցել արական սեռի երեխա: Նոյեմբերի 27-ին նորածին երեխան մահացել է՝ ըստ դիմումատուի,  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու առիթ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

2 քրեական գործերով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter