HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Փարիզում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովում

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը և համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում` բարբարոսությունից ուժեղ են:

Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի` կլիմայի կործանարար փոփոխության վերաբերյալ քննարկումների արդյունքում առանց հապաղելու բեկումնային որոշման կայացում: Բանախոսները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որպեսզի երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա:

Սերժ Սարգսյանը համաժողովում ունեցած իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին` կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը գերազանց կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ չնայած մի քանի օր առաջ Ֆրանսիային և ողջ քաղաքակիրթ մարդկությանը պատուհասած ահաբեկչական գործողություններին:

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր համարելով`Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից և զարգացման աստիճանից: Չնայած Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:

«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության կողմից հաստատված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

Առաջին. ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը:

Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը:

Երրորդ. ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները:

Եվ վերջապես՝ չորրորդ. անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի:

Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն»,-ասել է Սերժ Սարգսյանը: Ամփոփելով ելույթը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ քաղաքակրթության նորմեր: Նախագահի համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի առջև ծառացած մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար` լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված: ՀՀ Նախագահը անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter