HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիո Կորտասարի ստեղծագործական հնարքների բացահայտումը

Գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիս Տեր-Ղեւոնդյանը նոյեմբերի 28-ին ընթերցողներին ներկայացրեց «Մյոբիուսի ժապավենն ու Խուլիո Կորտասարի պատմվածքները» գրականագիտական ուսումնասիրությունը: Գրականագետն այս ուսումնասիրությամբ անդրադառնում է  XX դարի նշանավոր արգենտինացի արձակագիր Խուլիո Կորտասարի ստեղծագործության մեջ կիրառվող խաղի յուրահատկություններին:

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը (1914-1984) XX դարի ամենահայտնի լատինամերիկյան հեղինակներից է: Նրա ստեղծագործությունը թե՛ ընթերցողների եւ թե՛ գրականագետների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում առայսօր եւ, դիմանալով ժամանակի փորձությանը, չի կորցնում իր արդիականությունը: Կորտասարը շրջանառության մեջ է դրել  բազմաթիվ նորարարություններ, որոնք, այս  կամ այն չափով, իրենց հետքն են թողել XX դարի երկրորդ կեսի արձակի վրա:

«Վերջինս ներառում է հարուստ պալինդրոմային բառախաղ, ժամանակատարածային թռիչքներ, երազային ու արթմնի իրավիճակների գլխապտույտ առաջացնող փոխատեղումներ, եւ, ի թիվս այլոց, իրական իրադրությունների այնպիսի շրջադարձեր, որոնց արդյունքում իրավիճակներից մեկը մյուսի հանդեպ դառնում է անիրական: Կորտասարի պատմվածքներում առկա խաղային մոտեցումը դիտարկվել է Մյոբիուսի ժապավենի սկզբունքով, ինչը հնարավորություն է տվել ավելի լավ հասկանալ հեղինակի կիրառած գրական հնարքներից մի քանիսը»,- իր գրականագիտական աշխատանքի համառոտ բովանդակությունն այսպես է ձեւակերպել  Ալիս Տեր-Ղեւոնդյանը:

Խուլիո Կորտասարի բարդ ներաշխարհն ընթերցողին ընկալելի դարձնելու բանալին գտնելու համար գրականագետն ուսումնասիրել է ոչ միայն հեղինակի ստեղծագործությունն իր ամբողջության մեջ, այլեւ XX դարի հայտնի գրականագետների, քննադատների եւ հոգեվերլուծողների աշխատանքներն ու լայն տարածում գտած փիլիսոփայական ուղղությունները:

Ալիս Տեր-Ղեւոնդյանը լատինամերիկյան գրականության մասնագետ է: Դասավանդում է իսպաներեն, իսպանալեզու աշխարհի մշակույթ ու գրականություն: Հեղինակ է  իսպաներենի  բայական համակարգին վերաբերող ուսումնական ձեռնարկի, ինչպես նաեւ մեկ տասնյակ թարգմանական հրատարակությունների: Վերջին տարիներին նրա թարգմանությամբ իսպաներեն լեզվով Արգենտինայում եւ Մեքսիկայում լույս են տեսել հետեւյալ գրքերը.

  • «Լեզուն հրդեհ է նաեւ. Հայաստանի 20 պոետներ» ժամանակակից պոեզիայի  ժողովածուն, 2013,
  •  «Լարն աննկատ էր խոտերի մեջ» Լեւոն Խեչոյանի եւ Հովհաննես Երանյանի պատմվածքների ընտրանին, 2015,
  •  «Ատրճանակը կրակեց» Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունների ժողովածուն, 2015,

Իսպաներենից հայերեն թարգմանությամբ Հայաստանում լույս են տեսել ժամանակակից արգենտինացի հեղինակների հետեւյալ ստեղծագործությունները՝ 

  • Դիեգո Տատյանի «Հետմիջօրե» պատմվածքների ընտրանին, 2012,
  • Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» պոեմը, 2013,
  • Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոետիկ վիպակը, 2014: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter