HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ու Լանջաղբյուրի համայնքապետն իրենց գյուղում հանք են շահագործելու

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը պատրաստվում են ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից: Միայն թե մարզպետի տեղակալը «թաքնվել է» իր կնոջ, իսկ համայնքապետը՝ որդու հետևում: 

Լանջաղբյուրի հրաբխային ավազի արդյունահանման նախագիծը ներկայացրել է «Մ.Մ.Պ» ՍՊԸ-ն: Այս ընկերության բաժնետերերից մեկը մինչև 2014թ. դեկտեմբերը եղել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Այն ժամանակ, երբ Կարեն Հակոբյանը բաժնետեր է դարձել, զբաղեցնում էր մարզպետի օգնականի պաշտոնը: Մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց 5 ամիս անց նա իր բաժնեմասը գրանցել է կնոջ՝  Գայանե Ղուկասյանի անվամբ: Ավելի վաղ՝ 2009 - 2012թթ . Կարեն Հակոբյանը զբաղեցնում էր բնապահպանության նախարարի օգնականի պաշտոնը:  

Ընկերության մնացյալ 50% բաժնեմասը տնօրինում է  Մարատ Բաղդասարյանը՝ Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանի 21-ամյա որդին: 

Լանջաղբյուրի հրաբխային ավազների հանքավայրում հաշվեկշռային պաշարները 527.3 հազ.մ3 ծավալով հաստատվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Հանքավայրը, ըստ նախագծի, մշակվելու է բաց լեռնային աշխատանքներով: Լանջաղբյուրի հրաբխային ավազների հանքավայրը զբաղեցնում է 5.24հա տարածք: Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ բացահանքի տարեկան արտադրողականությունն ըստ ավազների զանգվածի ընդունվել է 16.0հազ.մ3 : Հանքարդյունահավելու է 30 տարի:

Մինչդեռ հանքավայրը Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում է` «Սևան» ազգային պարկից մոտ 15 կմ և «Գավառագետի» պետական արգելավայրից 15 կմ հեռավորության վրա: Սարուխան գյուղից մոտ 1 կմ արևելք և Լանջաղբյուր գյուղից շուրջ 1.5 կմ հյուսիս-արևելք է գտնվում:

2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12.00-ին Լանջաղբյուրի գյուղապետարանում նախատեսված են Լանջաղբյուրի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները: Գյուղապետն իր հանքի համար, բնական է, արդեն իսկ տվել է համապատասխան թույլտվությունները և ապահովել հանրային լսումների առաջին փուլի դրական արդյունքներ: Հետևաբար, արդյունահանման համար հերթական լսումները նույնպես բարեհաջող կավարտվեն: 

Լանջաղբյուրի համայնքապետարանի հեռախոսահամարին պատասխանող չեղավ: Գյուղապետն անհասանելի էր, իսկ Կարեն Հակոբյանն առավոտվանից տեղում չէր, երեք անգամ մեր զանգերին պատասխանող գործավարուհին փոխանցեց, որ նա խորհրդակցության է, զրուցել հանքի վերաբերյալ չհաջողվեց: 

Մեկնաբանություններ (1)

Aram
HEDK, you definitely deserve the Pulitzer Prize for your reporting the ubiquitous corruption amongst the ELITE of Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter