HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա՛ն իրատեսական այլընտրանքներ

Սկիզբը

Ջին Շարփ

 Հաջողության համար պահանջվող հանգամանքներ

Նմանատիպ պայքար մղելու ընտրությունը չի երաշխավորում հաջողություն, նույն կերպ ինչպես հաջողություն չի երաշխավորում բռնի պայքարի ընտրությունը։ Այս տեսակի պայքարի միջոցով հաջողության հասնելու համար, սակայն, կան պահանջներ, ինչպես և՝ բռնի պայքարների դեպքում։ Բռնությունից պարզապես հրաժարվելը և «ոչ-բռնի» բառն օգտագործելը չի բերի ցանկալի արդյունքների։

Անցյալում մղված որոշ ոչ-բռնի պայքարներ ձախողել են և չեն հասնել իրենց նպատակներին։ Որոշները գրանցել են սահմանափակ հաղթանակներ։ Երբեմն էլ հաղթանակը կարճատև է եղել, քանի որ մարդիկ այն չեն օգտագործել իրենց նվաճումները կոնսոլիդացնելու և  ինստիտուցիոնալացնելու  համար և ոչ էլ կարողացել են իրենց ազատությանը սպառնացող նոր վտանգներին արդյունավետորեն դիմադրել։ Այլ դեպքերում էլ՝ մեկ պայքարում հաղթանակը ստիպել է հակառակորդին զիջումների գնալ, սակայն նպատակներին լիակատար կերպով հասնելու համար նոր պայքարներ են պահանջվել։

Որոշ դեպքերում, սակայն, խոշոր հաղթանակներ են գրանցվել այնպիսի հանգամանքներում, որ բռնությամբ դիմադրելու դեպքում չէին գրանցվի։ Այս արդյունքներն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է ընկալել ոչ-բռնի պայքարի բնույթը։

Չնայած ոչ-բռնի պայքարի «արդյունավետության» ձևերը զանազան դեպքերում տարբեր են, հատկանշական է ընդգծել երկու կարևորագույն գործընթաց, որը պետք է առկա լինի որոշ ոչ-բռնի հակամարտություններում, բայց՝ ոչ բոլորում։ Դրանք են՝ (1) չհնազանդվելու և երբեմն ռեպրեսիաների արդյունքները շրջելու կարողությունը, և (2) հակառակորդի ուժի աղբյուրները թուլացնելու և դադարեցնելու կարողությունը։

Ռեպրեսիա և քաղաքական ջու-ջիցու 

Բնականաբար բռնակալները աչալուրջ են իրենց իշխանությանը սպառնացող գործողությունների և գաղափարների հանդեպ։ Կեղեքիչները, հետևաբար, ավելի հավանական է, որ սկսեն սպառնալ և պատժել չհնազանդվողներին, գործադուլ անողներին կամ համագործակցությունից հրաժարվողներին։ Սակայն ճնշումները և նույնիսկ բռնությունները միշտ չէ, որ առաջ են բերում ենթարկեցում և համագործակցություն, այսինքն՝ այն, ինչն անհրաժեշտ է, որպեսզի վարչակարգը շարունակի գործել։

Որոշ դեպքերում, բայց ոչ բոլոր դեպքերում, խիստ ռեպրեսիաները կարող են հանգեցնել մի գործընթացի, որն ընդունված է անվանել «քաղաքական ջու-ջիցու»։

Ոչ-բռնի պայքարի հետ առնչվելու՝ հակառակորդի դժվարությունները կապված են պայքարի այս եղանակի հատուկ դինամիկայի և գործընթացների հետ։ Այն կիրառվում է այնպիսի հակառակորդների դեմ, որոնք ի վիճակի են և պատրաստակամ՝ կիրառելու բռնի պատժամիջոցներ։ Սակայն բռնաճնշումների դեմ ոչ-բռնի եղանակներով մղվող քաղաքական պայքարը ստեղծում է հատուկ, ասիմետրիկ հակամարտության իրավիճակ։ Ոչ-բռնի պայքարողները կարող են ոչ-բռնի միջոցների ասիմետրիան օգտագործել բռնի գործողությունների դեմ այնպես, որ իրենց հակառակորդներին դնեն մի քաղաքական իրավիճակի մեջ, որը նման կլինի ճապոնական «ջու-ջիցու» մարտարվեստին։ Գործողության ձևերի միջև հակադրությունը զրկում է հակառակորդին քաղաքական հավասարակշռությունից՝ ստիպելով, որ նրա կիրառած բռնաճնշումը ետ վերադառնա իրեն և թուլացնի իր իսկ ուժը։ Պայքարը շարունակելով, սակայն մնալով ոչ-բռնի եղանակներին հավատարիմ՝ դիմադրողները կարող են բարելավել իրենց ուժային դիրքերը։ Այս գործընթացը կոչվում է քաղաքական ջու-ջիցու։

Քաղաքական ջու-ջիցուն առաջացնում է ավելի ու ավելի մեծ օտարում հակառակորդից։ Դա տեղի է ունենում հետևյալ երեք խմբերից ցանկացածի կամ բոլորի հետ՝ հակառակորդ խմբի անդամների, գանգատվող բնակչության անդամների, հակամարտության մեջ չներգրավված երրորդ կողմերի հետ։ Այս օտարումը կարող է նաև հանգեցնել հակառակորդի ճամբարում ավելի ու ավելի ուժգնացող ներքին հակադրություն։ Այն նաև կարող է մեծացնել պայքարողների թիվը և պայքարի ուժգնությունը։ Այն նաև կարող է երրորդ կողմներին տրամադրել հակառակորդի դեմ՝ հօգուտ դիմադրողների։

Հակառակորդի ուժի թուլացում 

Քաղաքական ջու-ջիցուն բոլոր իրավիճակներում կամ ոչ-բռնի պայքարի բոլոր դեպքերում չէ, որ կարող է գործել։ Ոչ-բռնի պայքարի եղանակներից մյուսը հակառակորդի, նույնիսկ բռնակալի ուժի աղբյուրների թուլացումն է։ Այս գործընթացն արդյունավետ է հատկապես այն պայքարներում, երբ նպատակ կա կառավարության վրա ճնշում գործադրել կամ պարտադրել վերջինիս՝ որևէ բան անել կամ չանել, կամ երբ նպատակը վարչակարգի կազմաքանդումն է։

Սկզբունքը շատ պարզ է. դիկտատորներին իշխելու համար անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը, առանց որի նրանք չեն կարող ապահովել և պահել իրենց անհրաժեշտ քաղաքական ուժը։ Քաղաքական ուժի աղբյուրները հետևյալն են՝

•     Հեղինակություն (authority), կամ լեգիտիմություն։

•     Մարդկային ռեսուրսներ. այն անձինք և խմբերը, որոնք ենթարկվում, համագործակցում կամ աջակցում են իշխողներին։

•     Հմտություններ և գիտելիքներ, որոնք վարչակարգին անհրաժեշտ են և որոնք մատակարարվում են համագործակցող անձանց և խմբերի կողմից։

•     Ոչ շոշափելի գործոններ. հոգեբանական և գաղափարախոսական գործոններ, որոնք մարդկանց մղում են ենթարկվելու և աջակցելու իշխողներին։

•     Նյութական ռեսուրսներ. գույքի, բնական ռեսուրսների, ֆինանսական ռեսուրսների, տնտեսական համակարգի, հեռահաղորդակցության և տրանսպորտի միջոցների վերահսկողություն կամ հասանելիություն։

•     Պատժամիջոցներ. կիրառվող կամ  սպառնալիք հանդիսացող պատիժներ, որոնք վարչակարգի գոյության և քաղաքականության շարունակության համար ապահովում են անհրաժեշտ ենթարկեցումն ու համագործակցությունը։

Ուժի բոլոր այս աղբյուրները, սակայն, կախված են հետևյալ հանգամանքներից՝ վարչակարգին ընդունելուց, բնակչության ենթարկվածությունից ու հնազանդությունից և հասարակության տարբեր հաստատությունների ու անձանց համագործակցությունից։ 

Ուստի քաղաքական ուժի զորեղությունն ու գոյությունը միշտ կախված է իր աղբյուրների թարմացումից՝ բազմատեսակ հաստատությունների և մարդկանց համագործակցության միջոցով. համագործակցություն, որը կարող է շարունակվել կամ չշարունակվել։ Քաղաքական ուժն, ուստի, միշտ փխրուն է և կախված է այն հասարակությունից, որի նկատմամբ այն կիրառվում է։

Այս անհրաժեշտ ենթարկվածությունն ու համագործակցությունը երաշխավորված չեն, և ուժի յուրաքանչյուր աղբյուր խոցելի է սահմանափակումների կամ կորուստների առումով։ Ոչ-բռնի պայքարը կարող է անմիջապես թիրախավորել ուժի այս աղբյուրներից յուրաքանչյուրի առկայությունը։ Կախված մի շարք հանգամանքներից՝ ուժի այս աղբյուրների մատակարարումը կարող է թուլացվել և նույնիսկ դադարեցվել։

Անհամագործակցությունը և մերժումը քայքայում են ուժի անհրաժեշտ աղբյուր ապահովող ենթարկվածությունն ու համագործակցությունը։ Օրինակ, իշխողների լեգիտիմության մերժումը նվազեցնում է հնազանդության կարևորագույն պատճառներից մեկը ինչպես պայքարի աջակիցների, այնպես էլ լայն հանրության շրջանում։ Զանգվածային անհնազանդությունը և մերժումը ստեղծում են ուժի գործադրման հսկայական խնդիրներ։ Զանգվածային գործադուլները կաթվածահար են անում տնտեսությունը։ Լայնատարած վարչական անհնազանդությունը բյուրոկրատական համակարգին կարող է կանգնեցնել կառավարության գործունեությունը։ Հակառակորդի ոստիկանության և զորքերի ըմբոստությունը կարող է քայքայել ոչ-բռնի պայքարողներին բռնաճնշելու և վարչակարգը պահպանելու կարողությունը։

Առանց ուժի այս աղբյուրների առկայության հակառակորդի ուժը թուլանում և ի վերջո վերանում է։ Վարչակարգը մահանում է քաղաքական քաղցից։

Հակառակ լայն տարածված կարծիքի՝ նույնիսկ ամբողջատիրական դիկտատուրաները կախված են բնակչության և իշխվող հասարակությունների աջակցությունից, ինչպես դեռևս 1953թ. նշել է քաղաքագետ Կարլ Դոյչը:[1]

Հաջողության հասնելու չորս եղանակ

Ոչ-բռնի հաջողված պայքարներն արդյունքի են հասել չորս հիմնական ձևերով։ Գործունեության այս տարբեր ձևերը կախված են մեծապես հակամարտության կոնկրետ իրավիճակից, պայքարի առարկա հանդիսացող հիմնախնդիրներից, պայքարող բնակչության սոցիալական կառուցվածքից, հակառակորդների բնույթից, ընտրված հիմնական ռազմավարությունից (եթե այդպիսին կա), փոփոխության նախընտրելի մեխանիզմից, կիրառվող կոնկրետ մեթոդներից, պայքարողների հմտություններից, կարգապահությունից և համառությունից։ Գործադրվող ճնշումները կարող են լինել հոգեբանական, սոցիալական, տնտեսական և քաղաքական՝ յուրաքանչյուրը տարբեր աստիճանի։

Բացի այդ ոչ-բռնի պայքարը կարող է ազդել սոցիալական կամ քաղաքական համակարգի կայունության վրա և փոխել դրա գործելակերպը։ Որոշ հակամարտություններում ոչ-բռնի անհամագործակցությունն ու անհնազանդությունը կարող են խարխլել հակառակորդի՝ իշխելու կարողությունը կամ նույնիսկ՝ կազմաքանդել վարչակարգը։

Տարբեր հակամարտություններում ոչ-բռնի պայքարը տարբեր կերպ է գործում։ Օրինակ, աշխատավարձի բարձրացման պահանջով կազմակերպված գործադուլի դինամիկան շատ տարբեր է փոքրամասնություն հանդիսացող խմբի՝ ավելի լայն իրավունքներ նվաճելու համար պայքարից կամ դիկտատուրայի տապալմանն ուղղված պայքարից։

Հաջողության դեպքում փոփոխությունը կարող է առաջ գալ այս չորս մեխանիզմներից մեկի գործադրման արդյունքում։ Հազվագյուտ դեպքերում ոչ-բռնի պայքարի արդյունքում տեղի են ունեցել վերաբերմունքի փոփոխություններ և հակառակորդները կամավոր զիջումներ են կատարել, քանի որ դա ճիշտ են համարել և փոխակերպվել են։ Շատ ավելի հաճախ այնպես է պատահել, որ տնտեսական կամ քաղաքական համագործակցությունից հրաժարվելը ստիպել է հակառակորդին գալու փոխզիջման՝ հարմարվելու։ Հաճախ անհնազանդությունն ու անհամագործակցությունն այնքան հզոր են եղել և այնքան հմտորեն թիրախված, իսկ հակառակորդի ուժի աղբյուրները՝ բավարար չափով թուլացված, որ հակառակորդին ոչինչ չի մնացել անելու, քան հանձնվելը։ Սա եղել է ոչ-բռնի հարկադրանք։ Սակավաթիվ դեպքերում անհնազանդությունն ու անհամագործակցությունը եղել են այնքան զանգվածային և հակառակորդի ուժի աղբյուրների դադարեցումը՝ այնքան լիակատար, որ վարչակարգը պարզապես մասնատվել է, կազմաքանդվել։ 

Պայքարի վերամշակված եղանակների կիրառումները 

Արդյոք ոչ-բռնի պայքարի այս եղանակը կարո՞ղ է մեծապես նպաստել հասարակության և քաղաքականության մեջ բռնության խնդրի լուծմանը. այս հարցի պատասխանը շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք այն կարո՞ղ է սուր հակամարտությունների ժամանակ նվազեցնել ապավինումը բռնությանը։ Կարո՞ղ է արդյոք այն բավարար արդյունավետ դառնալ, որպեսզի կիրառվի սուր հակամարտությունների ժամանակ բռնության փոխարեն։ Որոշ դեպքերում շատերը հստակորեն կասեն՝ այո, այլ դեպքերում՝ կասեն՝ «միգուցե», «կասկածում եմ», «ոչ»։ Պատասխանները մեծապես կախված կլինեն պատասխանողների ընկալման մակարդակից՝ թե ինչ է պայքարի այս եղանակը և դատողության այն մակարդակից, թե արդյոք ոչ-բռնի պայքարն ի վիճակի՞ է արդյունավետորեն փոխարինել բռնությանը սուր հակամարտություններում։

Հնարավորություններ կան պայքարի այս տեսակը դարձնելու ավելի արդյունավետ, քան այն եղել է նախկինում՝ իր իմպրովիզացված տարբերակներում։ Սա հնարավոր է անել այս եղանակի կիրառման պահանջների մասին մեր գիտելիքներն ավելացնելու, դրանք լայնորեն տարածելու և հետագա սուր հակամարտություններում դրա կիրառման համար անհրաժեշտ ընդհանուր և հատուկ պլանավորումն ու ռազմավարությունը կատարելագործելու միջոցով։

Բռնության խնդրին բավարարող լուծման մշակումը և ոչ-բռնի պայքարի հետագա քաղաքական զարգացումների ուսումնասիրությունը պահանջում է, որ մենք ուշադրություն դարձնենք այս եղանակի ներկա և հետագա պոտենցիալ դերին։ Սա հատկապես կարևոր է այն սուր հակամարտություններում, երբ շատ մարդիկ և կառավարություններ համարում են, որ անհրաժեշտ են ռազմական միջամտություններ և այլ բռնամիջոցներ։ Ինքներս մեզ պիտի տանք հետևյալ հարցերը. որքանո՞վ կարող ենք հասկանալ և կատարելագործել պայքարի այս եղանակը և մինչև որտե՞ղ կարող է այն արդյունավետորեն փոխարինել բռնությանը։

Ոչ-բռնի պայքարի հետագա քաղաքական զարգացումը պետք է ներառի բռնությանն այլընտրանք համարվող ոչ-բռնի տարբերակներ հետևյալ տեսակի հակամարտություններում։

•     դիկտատուրաների կազմաքանդում,

•     ռազմական հեղաշրջումների արգելափակում և նոր դիկտատուրաների հաստատման կանխարգելում,

•     պաշտպանություն արտաքին ագրեսիայից և զավթումից,

•     տեղաբնակ ժողովուրդների գոյության և կենսակերպի պահպանում,

•     սոցիալական և տնտեսական անարդարությունների վերացում,

•     ժողովրդավարական պրակտիկաների և մարդու իրավունքների մշակում, պահպանում և ընդլայնում,

•     ոչ-բռնի պայքարի միջոցների ներդրում ժողովրդավարական հասարակություններում։

Ինչպես նվազեցնել ապավինումը պատերազմին և այլ բռնամիջոցներին

Այս և այլ ընդհանուր նպատակներով և կոնկրետ հակամարտությունների համար պետք է մշակվեն պրակտիկ ռազմավարական պլաններ, որպեսզի ոչ-բռնի պայքարի տարբերակն արդյունավետորեն կիրառվի։ Քանի որ սա աստիճանական գործընթաց է, հնարավոր կլինի սուր հակամարտություններում բռնությունը փուլ առ փուլ փոխարինել կատարելագործված ոչ-բռնի պայքարներով։

Այս մարտահրավերը լուծելու համար անհրաժեշտ է հավելյալ հետազոտությունների, վերլուծության, ստրատեգիական ուսումնասիրությունների, քաղաքականության մշակման, պլանավորման և խրախուսող գործողությունների միջոցով ուսումնասիրել և զարգացնել ոչ-բռնի պայքարի պոտենցիալը սուր հակամարտություններում։

Պատմաբանների, սոցիալական հոգեբանների, սոցիոլոգների, սոցիալական և քաղաքական տեսաբանների, քաղաքագետների, ռազմավարագետների և այլոց գործիքների կարիքը կա։ Կարևոր է ոչ միայն ուսումնասիրել ոչ-բռնի պայքարը, այլև ուսումնասիրել այլ հարակից թեմաներ, ինչպիսիք են՝ դիկտատուրաների և հարստահարման այլ համակարգերի խոցելիությունները։

Կարևոր է նաև սովորել, թե ինչպես կարելի է զարգացնել ու տարածել ռազմավարական մտածողության և ռազմավարություններ պլանավորելու կարողությունը հետագա ոչ-բռնի պայքարներում։

Այս ջանքերի գործադրումը կպահանջի անցնել ժամանակակից հասարակությունում ընդունված կարևոր պրակտիկաներից և հզոր ազգային ու միջազգային ուժերից անդին և հաճախ՝ նույնիսկ գնալ նրանց հակընդդեմ։ Ուժի կենտրոնացումը, միջպետական քաղաքականության ռազմականացումը, խնդրիներ լուծելու ավանդական եղանակների հեգեմոնիան, այս և այլ հանգամանքներ կխանգարեն ոչ-բռնի պայքարի պոտենցիալ ակտուալության տրամաբանված դիտարկմանը։

Սակայն հիմքեր կան առաջարկելու, որ հասարակության ընտրությունը վերջին հաշվով ապավինելու բռնի, թե ոչ-բռնի պայքարին, ունի շատ կարևոր հետևանքներ նրա սոցիալական և քաղաքական կառուցվածքի վրա։ Կան լուրջ նշաններ, որ բռնի հակամարտությունները միտում ունեն ստեղծելու ավելի կենտրոնացված և պոտենցիալ իմաստով ավելի ռեպրեսիվ քաղաքական համակարգ, մինչդեռ ոչ-բռնի հակամարտությունները ստեղծում են ավելի ապակենտրոնացված և ժողովրդի կողմից վերահսկվող քաղաքական համակարգ։ Ռազմական կարողությունը կարող է ներքին կիրառում ստանալ՝ ժողովրդին բռնաճնշելու նպատակով, մինչդեռ ոչ-բռնի պայքարը կարող է բնակչության կողմից օգտագործվել ազատություններ նվաճելու և պաշտպանելու ու կենտրոնացված բռնաճնշումներին դիմադրելու նպատակով։

Ոչ-բռնի ճնշումներ գործադրելու միջոցների պոտենցիալ ակտուալության և կենսունակության ուշադիր և իրազեկված քննումը հավանական է, որ բացահայտի իրատեսական տարբերակներ, որ մինչ այդ ոչ բավարար չափով էին ուսումնասիրվել։ Այս մոտեցումն ունի ժամանակակից քաղաքականության և միջազգային հարաբերություններում հիմնորոշ փոփոխություններ մտցնելու ներուժը՝ բռնությանն ապավինելը նվազեցնելու միջոցով։

Թե որքանով մեզ կհաջողվի հակամարտությունների բռնի ձևերը ոչ-բռնի ձևերով փոխարինել՝ այդպիսով արմատականորեն նվազեցնելով ապավինումը ռազմական և բռնի այլ եղանակներին, մեծապես կախված կլինի այն բանից, թե որքանով կկարողանանք մշակել և արդյունավետորեն կիրառել հակամարտությունների ոչ-բռնի այլընտրանքներ։

Անխուսափելի հարց է մնում.արդյոք փորձելո՞ւ ենք կատարելագործել պայքարի այս եղանակը և հարմարեցնել ու որդեգրել այն հակամարտություններում կիրառելու համար, որպեսզի մարտահրավեր նետենք բռնության ծայրահեղ արտահայտումներին, վերացնենք դրանք կամ փոխարինենք արդյունավետ և զորեղ այլ պայքարով։

Գլուխ II

Ոչ-բռնի պայքարում ռազմավարական պլանավորման կարևորությունը

Ռազմավարության կիրառումը մեզ լավագույնս հայտնի է զինված հակամարտություններից։ Դարեր շարունակ ռազմական սպաները ներգրավված են եղել ռազմական գործողությունների ռազմավարական պլանավորման մեջ։ Նշանակալի մտածողներ, ինչպիսիք ենք Սուն Թզուն, Կլաուսևիցը և Լիդել Հարթը, վերլուծել և կատարելագործել են մարտական ռազմավարությունը։ Սովորական զինված պատերազմներում և պարտիզանական պատերազմներում բարդ ռազմավարության կիրառումն արդյունավետության տարրական պահանջներից է։

Ինչպես արդյունավետ ռազմական պայքարն է պահանջում խելացի ռազմավարություններ, պլանավորում և գործադրում, այնպես էլ ոչ-բռնի պայքարն առավելագույնս արդյունավետ կլինի, երբ այն գործի կուռ ռազմավարական պլանավորման հիմքերի վրա։ Խելացի ռազմավարությունների ձևակերպումն ու որդեգրումը մեծապես կզորեղացնի ոչ-բռնի պայքարը։

 

Ռազմավարության կարևորությունը

Եթե մեկը ցանկանում է մի բանի հասնել, այդ նպատակին հասնելու հնարավորու-թյուններն ամենամեծը կլինեն, եթե նա օգտագործի իրեն հասանելի ռեսուրսներն ու լծակները առավելագույն արդյունավետությամբ։ Դա նշանակում է՝ ունենալ ռազմա-վարական պլան, որը ցույց կտա՝ ինչպես շարժվել ներկայից (պահը, երբ նպատակն իրագործված չէ) դեպի ապագա (պահը, երբ հասել եք նպատակին)։ Ռազմավարու-թյուն մշակելը նշանակում է գծագրել գործողության հետագիծ, որն ամենա-հավանականն է ներկայից ապագայի ցանկալի իրավիճակին հասնելու համար։ 

Օրինակ, եթե մեկն ուզում է ճամփորդել մի տեղից մյուսը, նա պետք է նախապես պլանավորի, թե դա ինչպես է անելու՝ քայլելո՞ւ է, գնացքո՞վ է գնալու, մեքենայո՞վ, թե՞ ինքնաթիռով։ Նույնիսկ դա որոշելուց հետո պլանը հեռու է լիակատար լինելուց։ Եթե ճամփորդությունը երկար է, մարդը պետք է որոշի, թե որտեղ է քնելու և սնվելու, արդյոք պահանջվո՞ւմ են ճամփորդական փաստաթղթեր, անձնագրեր և վիզաներ, և եթե այո, ապա որքա՞ն կտևի դրանց ձեռքբերումը։ Արդյոք կարիք կա՞ ճամփորդու-թյան ժամանակ իր բացակայությամբ իրեն փոխարինելու հարց լուծել։

Նմանատիպ մտածելակերպն ու պլանավորումը, որը շատերն իրականացնում են իրենց առօրյա կյանքը կազմակերպելու համար, պետք է նաև որդեգրվեն սոցիալական և քաղաքական շարժումների ղեկավարների կողմից։ Ցավոք, սակայն, նման շարժումներում ռազմավարական պլանավորմանը հազվադեպ է արժանի ուշադրություն հատկացվում։

Որոշ մարդիկ միամտորեն կարծում են, որ եթե պարզապես իրենց նպատակը հաստատապես, ուժգին և երկարատև պնդեն, այն ինչ-որ կերպ կիրագործվի։ Շատերն էլ ենթադրում են, որ եթե իրենց սկզբունքներին և իդեալներին հավատարիմ մնան՝ իրենց հակառակորդին ապացուցելով դրանք, ապա ավելին անելու կարիք չի լինի նպատակներին հասնելու համար։ Ցանկալի նպատակների պնդումը և իդեալներին հավատարիմ մնալը գովելի են, սակայն մեծապես անբավարար են ստատուս քվոն փոխելու և նպատակներին հասնելու համար։

Անշուշտ, հասարակությունը փոխելու կամ փոփոխությունները կանխելու, արտաքին բռնազավթումը վերացնելու կամ հասարակությունը հարձակումից պաշտպանելու նպատակները բոլորն էլ շատ ավելի բարդ առաջադրանքներ են, քան ինչ-որ ճամփորդություն պլանավորելը։ Սակայն հազվադեպ է պատահում, որ նման նպատակներ ունեցող մարդիկ լիովին գիտակցեն գործելուց առաջ համալիր ռազմավարական պլան նախապատրաստելու ծայրահեղ անհրաժեշտությունը։

Շատ հաճախ սոցիալական և քաղաքական շարժումներում ներգրավված անձինք և խմբերը գիտակցում են, որ կարիք ունեն պլանավորելու իրենց գործողությունները, սակայն դա անում են շատ սահմանափակ, կարճաժամկետ կամ միայն տակտիկական մասով։ Նրանք փորձ չեն կատարում ձևակերպելու ավելի լայն, ավելի երկարաժամկետ գործողության ռազմավարական պլան։ Նրանք միգուցե դրա անհրաժեշտությունն էլ չեն տեսնում։ Նրանք նաև միգուցե անկարող են այդ ուղղությամբ մտածել և վերլուծել։ Կամ միգուցե իրենց շարունակաբար թույլ են տալիս շեղվել ավելի լայն նպատակից և կենտրոնանալ ավելի փոքր խնդիրների վրա՝ շարունակաբար արձագանքելով հակառակորդի նախաձեռնություններին և տենդա-գին կերպով աշխատելով կարճաժամկետ գործողությունների վրա։ Նրանք կարող է ժամանակ և էներգիա չտրամադրեն դեպի իրենց նպատակն ուղղորդող ռազմա-վարություն կամ մի քանի այլընտրանքային ռազմավարություններ պլանավորելուն։

Երբեմն էլ, պետք է ընդունենք, որ մարդիկ իրենց նպատակին հասնելու ռազմավարություն չեն գծում, քանի որ հոգու խորքում նրանք չեն հավատում, որ հնարավոր է հասնել իրենց նպատակներին։ Նրանք իրենց թույլ են զգում, գերհզոր ուժերի զոհ են իրենց համարում ու մտածում են, որ լավագույնը, որ կարող են անել, դա պնդելն ու ապացուցելն է կամ նույնիսկ մեռնելը՝ հանուն իրենց ճշմարտացիության։ Արդյունքում իրենց նպատակին հասնելու համար նրանք նույնիսկ չեն էլ փորձում մտածել ու պլանավորել ռազմավարական կերպով։

Ռազմավարական պլանավորում չանելու այսպիսի ձախողումների արդյունքն այն է, որ հաջողության հասնելու հնարավորությունները սաստիկ նվազում են և երբեմն էլ՝ իսպառ վերանում։ Փոշիանում է նաև մարդկանց ուժը, նրանց գործողությունները դառնում են անարդյունավետ, զոհողությունները վատնվում են ու չեն ծառայում մարդկանց նպատակին։ Ռազմավարական պլանավորման հարցում ձախողումը հանգեցնում է վերջնական նպատակին հասնելու ձախողմանը։

Առանց պայքարի մանրակրիտ ռազմավարական պլանի ձևակերպման՝ տեղի է ունենում հետևյալը.

•     պայքարողի էներգիան շեղվում է դեպի ավելի փոքր խնդիրներ և օգտագործվում է անարդյունավետորեն,

•     հակառակորդի նախաձեռնություններն են վճռում իրադարձությունների ընթացքը,

•     նպատակներն առաջ մղելու հնարավորությունները մնում են չօգտագործված,

•     պայքարողների թույլ կողմերը շատանում են և վճռորոշ դառնում նպատակին հասնելու փորձերում,

•     նպատակին հասնելու ջանքերը հաջողության հասնելու շատ քիչ շանս են ունենում։

Իսկ հիանալի ռազմավարությունների ձևակերպումն ու իրագործումը հաջողության հասնելու հնարավորությունները մեծացնում են։ Ռազմավարական պլանին համաձայն ուղղորդված գործողությունները թույլ են տալիս կենտրոնացնել ուժերը և գործողությունները մղել նպատակադրված ուղղությամբ։ Դրանք կարող են ուղղված լինել հիմնական նպատակներին ծառայելուն և հակառակորդի թուլությունները մեծացնելուն։ Զոհերի և այլ վնասների հավանականությունը նվազում է, իսկ զոհողությունները շարունակում են ծառայել հիմնական նպատակին՝ ավելի արդյունավետորեն։ Այսպիսով մեծանում է ոչ-բռնի պայքարի՝ հաջողության հասնելու հնարավորությունը։

(Շարունակելի)



[1] Կարլ Դոյչ, «Ճաքեր մոնոլիթում։ Տոտալիտար համակարգերի կազմաքանդման հնարավորություններն ու օրինաչափությունները», Կարլ Ֆրիդրիխի խմբագրած՝ «Տոտալիտարիզմ» գրքում, էջ 308-333, Քեմբրիջ, Մասաչուսեթս, Հարվարդի համալսարանի հրատարակչություն, 1954թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter