HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վանաձորում պետական և համայնքային բյուջեների հաշվին ճանապարհները վերանորոգում են քաղաքապետի ընկերությունները

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող ընկերությունները ներգրավված են ոչ միայն պետական, այլև համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան Վանաձորի քաղաքապետը տեղեկացրել է, որ 2014թ-ին և 2015թ. 9 ամիսների տվյալներով  համայնքի միջոցներով Վանաձոր քաղաքում վերանորոգվել է 21.183քմ ճանապարհ: 79 մլն 990 հազար դրամի ճանապարհ վերանորոգվել է 2014, իսկ 95 մլն 995 հազար դրամ արժողության ճանապարհ՝ 2015թ. 9 ամիսների ընթացքում: Այդ աշխատանքներն ամբողջությամբ իրականացրել է «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ն, որի բաժնետերերից է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

2014թ. իրականացված 9807քմ և 2015թ. 9752քմ ճանապարհների վերանորոգման պայմանագրերը կնքվել են բաց ընթացակարգով, իսկ 1624քմ ճանապարհինը, որն արժեցել է մոտ 16 մլն դրամ՝ առանց հայտարարության բանակցային ընթացակարգով:

Վանաձորի քաղաքապետրանի քարտուղարության և տեղեկատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե որքան է կազմում քաղաքապետի բաժնեմասը «Լոռիի ՃՇՇ» ընկերությունում: Նա խորհուրդ տվեց «վճարել և տեղեկատվությունը ստանալ ռեգիստրից»:

«Այնտեղ ամեն ինչ բաց է, ես էլ եմ այդպես անելու: Վճարեք, տեղեկատվությունը ստացեք« Ամեն ինչ հստակ է»,-ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նշենք, որ  իրավաբանական անձանց պետական ռեգիստրը վարում է միայն ՍՊԸ-ների մասնակիցների գրանցամատյանը (ռեեստր), այլ իրավական տեսակ ունեցող կազմակերպությունների բաժնետերերի, անդամների և այլ մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ չեն գրառվում։ Ուստի մեծ ցանկության դեպքում էլ Է. Հովսեփյանի խորհուրդները կյանքի չեն կարող կոչվել:

Vanadzor
Create your own infographics

Նշենք, որ «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի հետ վերը նշված պայմանագրերը կնքել է անձամբ Սամվել Դարբինյանը:

Այս ընկերության տնօրենը Արայիկ Վարդանյանն է: Մինչև 2011թ. հուլիսի 1-ը Ա. Վարդանյանը եղել է Սամվել Դարբինյանի մասնակցությամբ մեկ այլ՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը: Այժմ «Արգիշտի-1» ՍՊԸ-ն ամբողջությամբ պատկանում է Սամվել և Սեյրան Դարբինյան եղբայրներին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 382 մլն դրամ:

«Հետքն» արդեն  անդրադարձել է, որ Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին 2014թ. պետական բյուջեից հատկացվել էր 747 մլն դրամ: Այդ գումարից համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգմանը բաժին էր հասել 443 մլն 450 հազար դրամ: 10 համայնքի ճանապարհների շինարարության և ասֆալտապատման նախագծերից վեցն իրականացրել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանի ընկերությունները՝ «Արգիշտի-1» ՍՊԸ-ն և «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ն:

Քաղաքապետի նշված երկու ընկերությունները պետական միջոցներով իրականացվող ճանապարհների շինարարական աշխատանքներ իրականացրել են նաև 2015թ. ընթացքում:

Վանաձոր քաղաքի Խնձորուտ-Բազում թաղամասի գերեզմանոց տանող ճանապարհի մի հատվածի, գերեզմանոցի նախահրապարակի և այն գերեզմանոցին կապող ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքների համար Լոռու մարզպետարանը այս տարվա հոկտեմբերի 19-ին պետական գնման պայմանագիր է կնքել «Լոռիի ՃՇՇ» ընկերության հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 52 մլն 759 հազար դրամ:

Իսկ նոյեմբերի 13-ին մարզպետարանը 143 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել այս անգամ արդեն «Արգիշտի-1» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով ասֆալտապատվում է Կաթնաջուր -Շիրակամուտ 4կմ երկարությամբ ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter