HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանությունը չի կարողանում պարզել, թե ինչ արժեքով է գնել ավտոապակիների լուսթափանցելիությունը չափող սարքավորումները

Ավտոմեքենաների ապակու մգեցվածության աստիճանը որոշվում է միայն հատուկ սարքերի միջոցով: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը «Հետքին» տեղեկացրել է, որ սպեկտրալ սելեկտիվ ապակիների լուսաթափանցելիության գործակցի չափիչ «ՖՕՏՕՆ» տիպի սարքավորումները ոստիկանությունը ձեռք է բերել դեռևս 2003 թ.՝ «Մարս-2» ՍՊԸ-ից։ Սարքավորումներն արտադրվել են Հայաստանում: Ըստ ոստիկանության՝ սարքավորման չափման տիրույթը կազմում է 0-100 %, իսկ ճշտությունը՝ «+-5%»։

«Մարս-2» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.: Հիմնադիրները երկուսն են՝ Սուրեն Հարությունյանը, ում պատկանում է ընկերության բաժնեմասի 60 %-ը և Կամո Շահբազյանը:

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունն օրեր առաջ հորդորում էր բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված չափերին: Միևնույն ժամանակ զգուշացրել է, որ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով:

Իրավաբաններն ընդվզեցին՝ պատճառաբանելով, որ օրենքը հստակ կարգավորումներ չունի և կիրառման ժամանակ մի շարք հարցեր են առաջանալու, ուստի այդ պայմաններում վարորդները չեն կարող կրել պատասխանատվություն մի բանի համար, որն օրենքով սահմանված չէ:

Այժմ ոստիկանությունը ձեռնպահ է մնում ստուգաչափումներից և սարքավորումների օգտագործման ժամանակ քաղաքացիների համար լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի:

Ներկա պահին ճանապարհային ոստիկանությունն ունի սարքին վիճակում գտնվող 30 սարքավորում, որոնք ներկայացվել են ստուգաչափման։ Դրանցից 10 հատը նոյեմբերի 12-ին ստուգաչափվել են Չափագրության ազգային ինստիտուտի կողմից, և տրվել է համարատասխան վկայական։

Ոստիկանությունից չեն պատասխանել մեր հարցին, թե ինչ քանակության սարքավորումներ են ձեռք բերվել. միայն նշվել է սարքին վիճակում գտնվող սարքավորումների մասին, ինչը նշանակում է, որ անսարք վիճակում գտնվող սարքավորումներ էլ կան: Չեն պատասխանել նաև, թե որքան է արժեցել սարքավորման մեկ միավորի գինը, և ինչ միջոցներից է գնվել:

«2003 թ. պետավտոտեսչության վարչությունը չի ունեցել ֆինանսական և տնտեսական ծառայություններ, և ճանապարհային ոստիկանությունում չեն պահպանվել ձեռքբերման փաստաթղթերը, ուստի հնարավոր չէ պարզել սարքերի արժեքի և ձեռքբերման վերաբերյալ այլ մանրամասներ»,- պատասխանում են ոստիկանության լրատվական վարչությունից:

Մեկնաբանություններ (2)

Gabriel
So the police have had these sitting around for 12 years and are only now using them?
Aam
Why is most every car in Hayastan hiding its driver or passenger? On many occasions I have been told that the owners of the vehicles darken their windows so the corrupt (most) police is incapable of seeing them not using their (demeaning) seat belts.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter