HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք հայ ենք, իրենք՝ վրացի, ուրեմն մենք ենք մեղավոր»,-ասում է ավտովթարի ենթարկված ջավախքցին

2015թ. փետրվարի 2-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխա-Դամալա ճանապարհին Հմայակ Սահակյանի վարած «Ինֆինիտի FX 32» մակնիշի մեքենային բախվել էր «Ford Transit» մակնիշի մեքենան:

Հմայակը «Հետքի»  հետ զրույցում պատմում է, որ ինքն իր ճանապարհով երթևեկում էր, երբ դիմացից եկող  «Ford»-ը դուրս է եկել ուղղությունից և խփել իր մեքենային: Հմայակի մեքենայում եղած 2 ուղևորները մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, մասնավորապես՝ առաջին նստատեղին նստած կնոջ ոտքն էր կոտրվել և գլուխը վնասվել, իսկ «Ford»-ի վարորդ Սերգո Իսակիձեն ստացել էր կողի կոտրվածք:

««Իր ճանապարհին փոս էր, փախցրեց այդ փոսից ու մտավ իմ ճանապարհի մեջ, աջ քաշեցի, որ փախցնեմ, ինքն էլ իմ վրա քաշեց ու խփեց,-պատմում է Հմայակը: -Հետո պարեկային ոստիկանությունն եկավ, ինձ ասին՝ դու մեղավոր չես, քո ճանաարհին քեզ խփել են, ինքն է մեղավոր: Քննիչն եկավ, նույն բանն ասաց: Հետո անցավ 3 ամիս ու ինձ պատասխան տվեցին, որ ես մեղավոր եմ, բայց ինչում եմ ես մեղավոր, ինձ չեն ասում»:  

Այդպես որոշել է քննչականի փորձագետը: Հմայակն ասում է, որ բոլոր ապացույցներն իր կողմից են եղել, սակայն դատարանը դրանք հաշվի չի առել: Ավելին, Հմայակը Թբիլիսիից անկախ փորձագետ է հրավիրել դատարան, և վերջինս նույնպես ցուցմունք է տվել, որ վթարի ժամանակ «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդն է դուրս եկել հանդիպակաց երթուղի և խփել Հմայակի մեքենային:

Այդ մասին վկայող լուսանկարներ են եղել, որոնք ներկայացվել են նաև դատարանին: Դրանք էլ ուշադրության չեն արժանացել: 

«Ես իմացա, որ գործով քննիչը «Ֆորդ»-ի վարորդի բարեկամ էր, նույն դպրոցն են հաճախել, նույն գյուղից են: Նաև իմացա, որ պատգամավորներից մեկի հետ կապեր ունի: Եվ մենք հայ ենք, իրենք՝ վրացի, ուրեմն մենք եմք մեղավոր»,-ասում է Հմայակը:

Ախալցխայի շրջանային դատարանում 12 դատական նիստ է տեղի ունեցել: Դատարանը վճռել է, որ Հմայակ Սահակյանն է մեղավոր: Դատարանը Հմայակին տուգանել է 2500 (շուրջ 500 հազար դրամ) լարիով և զրկել վարորդական իրավունքից 6 ամիս ժամկետով:  

«Համո Սահակյանը որևէ խախտում չի արել, խախտում արել է մյուս անձը, դատարանը պարտավոր է նրան պատժել: Մենք լրացուցիչ փորձաքննությամբ ապացուցեցինք, որ Համոն մեղավոր չէ, որևէ փաստարկ չկա, որ Համոն խախտում է արել: Միայն նկարները բավարար են նրա անմեղությունն ապացուցելու համար,-«Հետքին» ասաց Համո Սահակյանի փաստաբան Օթար Կոկոլաձեն:

Հմայակը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը վերաքննիչում: Դեռևս դատական նիստ չի նշանակվել: Հմայակը, սակայն, հույս ունի, որ Վրաստանի դատարաններում, այդուհանդերձ, արդարություն կգտնի: 

Մեկնաբանություններ (2)

հակոբ
ինչ էլ լինի պետք է պայքարել արթարության համար: ոչ մի անգամ վիզ չծռել:
Մարտին
Հիմա այս հոդվածը տպագրել եք որ ի՞նչ զգացողություններ առաջացնեք ընթերցողների մոտ :))) Այնպես չի, որ ես դեմ եմ Ջավախքի ու հարակից որոշ տարածքների վերցնելուն, բայց այսօր ՀՀ-ի ղեկը գտնվում է մեզ հայտնի լխպորների կուսակցության ձեռքում, որոնք թքած ունեն հայկական ընդհանրապան շահի վրա և հանուն իրենց բիզնեսների անգամ որոշակի դիվանագիտական խողովակներով ծպտուն չեն հանի, որովհետև մեծ բիզնես ծրագրեր ունեն Վրաստանի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter