Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սահմանադրական դատարանը 4 անգամ հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարան դիմելու միջնորդավորված կարգը



Սակայն Հայաստանում գործում է միայն այդ կարգը

Սահմանադրական դատարանն (ՍԴ) անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու վերաբերյալ չորս որոշում է կայացրել արդեն: Վերջին որոշումը դատարանը կայացրեց այս տարվա մարտի 17-ին, քաղաքացիներ Վալենտինա Մկրտիչյանի եւ Սոֆյա Թորոսյանի դիմումների հիման վրա:

Ս· Թորոսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննիչի որոշումը վերացնելու պահանջով եւ դատարանը 21·07·2014 թ·-ին կայացրած որոշումով բավարարել է նրա պահանջը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 20·08·2014 թ· որոշումով բավարարել է Շիրակի մարզի դատախազության դատախազի վերաքննիչ բողոքը: Սոֆյա Թորոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, նաեւ բողոքում նշել էր, որ գումար չունի փաստաբան վարձելու համար: Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության, քանի որ բողոքը փաստաբանը չէր ստորագրել, ինչպես պահանջում է գործող օրենքը (մանրամասները դիտել տեսնյութում):  

Այնուհետեւ նա իրավական աջակցություն ստանալու համար դիմել է Գյումրիի իրավաբանական կլինիկա: Կլինիկայի կամավորները Սոֆյա Թորոսյանի անունից դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը եւ 407-րդ հոդվածի 5-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանը Սոֆյա Թորոսյանի դիմումը քննեց 17.03.2015 թ.-ին եւ որոշեց·

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 404 հոդվածի 4-րդ մասը՝ դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան եւ որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 14·1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր՝ նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար՝ կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության  արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 407 հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները՝ վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող եւ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին, 19 հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր՝ նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը:

Սոֆյա Թորոսյանը ՍԴ-ի որոշումը կցել է բողոքին ու կրկին ներկայացրել Վճռաբեկ դատարան: Դատարանը բողոքն ընդունել է վարույթ, քննել է ու մերժել: Իրավական առումով բարդություն չներկայացնող այս գործը, այսպիսով արդեն 6 տարի լուծում չի ստանում:

Վերջնական լուծում չի ստանում նաեւ քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանափակման վերաբերյալ հարցը: ՍԴ-ն այս հարցի վերաբերյալ արդեն 4-րդ որոշումն է կայացնում (ՍԴՈ- 765, ՍԴՈ- 833, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196)՝ սկսած 2008թ·-ից: Քաղաքացիների դիմումների հիման վրա ՍԴ-ն Սահմանադրության 18 եւ 19 հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնցով սահմանափակվում է քաղաքացիների Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը:

Նշված որոշումների արդյունքում օրենսդրական փոփոխություններ են կատարվել՝ հիշյալ օրենսգրքերում անվճար իրավաբանական օգնություն ստացողների շրջանակն ընդլայնելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, հետագայում նույնպես ՍԴ-ն շարունակել է նույնաբովանդակ որոշումներ կայացնել: Առայսօր ՀՀ-ում գործում է վճռաբեկ դատարան դիմելու միայն միջնորդավորված կարգը: Պատճառն այն է, որ 2008 թվականին ընդունված ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները լիարժեքորեն չեն իրականացվել իրավական դաշտում, որի արդյունքում քաղաքացիների համար չի ապահովվում արդարադատության մատչելիությունը։

Սահմանադրական դատարանն իր որոշումների իրավական հետեւանքների եւ դրանց հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման պրակտիկան ուսումնասիրելով` արձանագրել է, որ դատարանները վերանայում են միայն այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց դիմումի հիման վրա սահմանադրական դատարանն ընդունել է օրենքի կիրառված դրույթի` Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում: Նշել է, որ նման իրավակիրառական պրակտիկան «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասում ամրագրված՝ «դիմող» եզրույթի բովանդակությանը սահմանափակ մեկնաբանություն հաղորդելու արդյունք է:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այս բնույթի գործերով մեծ թվով դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան` նպատակ ունենալով վերականգնել դատարանի մատչելիության իրավունքը: Նա նշում է, որ Ազգային ժողովն օրենքներում փոփոխություններ կատարելիս պարտավոր էր հաշվի առնել ՍԴ-ի իրավական դիրքորոշումները, ՀՀ Սահմանադրությունը, սակայն հակառակ լուծումներն է տվել: «Ընդ որում, դեռեւս օրենսդրական փոփոխության նախագծերը քննարկելիս նրանց հիշեցրել ենք ՍԴ-ի որոշումների մասին, սակայն կրկին դատավարական օրենսգրքերում ամրագրվեց, որ վճռաբեկ բողոք կարող է բերվել փաստաբանի միջոցով: Սա այնպիսի ապսուրդի է հասցվել, որ փաստաբանն ինքն իր բողոքը չի կարող ներկայացնել Վճռաբեկ դատարան (ՎԴ), որովհետեւ դրան պետք է կցված լինի փաստաբանի արտոնագիր»,- հայտնեց Ա. Զեյնալյանը:

Իրավապաշտպանն, այս իրավիճակը ճգնաժամային է համարում, երբ օրենսդիր մարմինը չի կատարում ՍԴ-ի որոշումները: «ՀՀ նախագահը Սահմանադրության երաշխավորն է եւ կարող էր վետո դնել այդ օրենքների վրա, սակայն չի արել: Բոլոր դեպքերում, այս հակասահմանադրական վիճակը պետք է կոմպենսացվի դատական իշխանությամբ` դատարանն անմիջականորեն պետք է կիրառի Սահմանադրությունը, որովհետեւ ՍԴ-ի որոշումները դրանք սահմանադրության մեկնաբանություններն են»,- ասաց նա:

Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ՍԴ-ի կայացրած որոշումների արդյունքում մեր հարցին,  պատասխանում է. «Այս որոշումների արդյունքում այդ քաղաքացիների բողոքները ՎԴ-ն ընդունեց վարույթ եւ սպասում են քննությանը: Նաեւ` հիմա ՎԴ-ն քաղաքացիների ներկայացրած բողոքներն ընդունում է վարույթ, բայց եթե բողոքը նրա ներկայացուցիչը ստորագրի, որը փաստաբան չէ` կմերժեն վարույթ ընդունել»:

Իրավապաշտպանները շարունակում են այդ հիմքով նոր դիմումներ ներկայացնել ՍԴ: Ներկայումս օրակարգային է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանադրականությունը ճանաչելու հարցը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ՀՀԿ01:29 - 5 դեկտեմբերի, 2015
Գոյություն ունեցող դատավարական կարգը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, ոչ միայն հակասահմանադրական ու, Շարմազանովի ասածի պես, կոռուպցոն ռիսկեր է պարունակում, այլև կիրառելի չէ սովորական քաղաքացու համար: Սակայն դա որևէ նշանակություն չունի: Կարևորը` ստեղծվել է մի համակարգ, որը Հայաստանում գոյություն ունեցող բոլոր ոսկու հանքերը միասին վերցրած, ավելի եկամտաբեր է: Դրա օրինակով ստեղծվեցին արագաչափերի, աբողոքարկելի վարչական ակտերի, կարմիր գծերի ինստիտուտները: շմայսները, թոխմախները, անգրագետ գեներալները պտի՞ փոփոխեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կարգը? Նրանք ավելի շուտ տիեզերագնաց կդառնան...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ