Կիրակի, 23 սեպտեմբերի

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում լայնածավալ կրճատումներ են



Հանքարդյունաբերող Մաքսիմ Հակոբյանին պատկանող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ընկերության սեփականությունը հանդիսացող Ախթալայի լեռնահարստացման   կոմբինատում կրքերը լարված են: «Այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի  1-ը ԼՀԿ-ում 150 մարդ է աշխատանքից կրճատվել»,- հայտնեց ջրազրկման արտադրամասի աշխատակից, ընկերության արհմիության նախագահ, Ախթալա   համայնքի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը: Միջազգային շուկայում պղնձի գների աննախադեպ անկման և մասնավորապես Շամլուղի բաց հանքավայրի հանքաքարում պղնձի ցածր պարունակության հետևանքով ԼՀԿ-ն արդեն մեկ տարուց ավելի է հայտնվել է ոչ միայն տնտեսական, նաև՝ կառավարման ճգնաժամի մեջ:

ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանը, որը Մաքսիմ Հակոբյանի եղբայրն է, կոմբինատի տնտեսական ծանր վիճակը աշխատողների հետ քննարկելու և իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու  փոխարեն, անհարկի լարվածություններ է  ստեղծում բանվորների շրջանում: Գլխավոր տնօրենն առ այսօր պաշտոնապես չի ճանաչել այս տարվա ապրիլի 17-ից ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրում գրանցված ԼՀԿ-ի արհմիութենական կազմակերպությանը: «Ինձ ընդհանրապես չի ընդունում: Նրա խորհրդական Սևակ Բաղդասարյանն էլ ինձ և  արհմիության 5 անդամների Մարտուն Հակոբյանի կողմից փոխանցել է, թե չի  ճանաչում այդպիսի կազմակերպություն»,- հայտնեց Ս. Վարդումյանը:

ԼՀԿ-ի  գլխավոր տնօրենը խուսափում է նաև լրագրողներից: Թեև մեր գործադրած  ջանքերին, վերջին երկու օրերին Մարտուն Հակոբյանը հրաժարվեց ընդունել մեզ և ԼՀԿ-ում ստեղծված իրավիճակի մասին խոսել: ԼՀԿ-ում  սեպտեմբերի 1-ին աշխատանքից ազատել են  50 աշխատողի: Դեկտեմբերի 1-ին աշխատանքից կրճատվել է եւս 63 աշխատող: Սասուն Վարդումյանի ասելով՝ դեկտեմբերի 1-ից չի աշխատում Շամլուղի բաց հանքը, որի 43 աշխատողների աշխատանքից ազատման նախազգուշական նամակները պատրաստ են, սակայն դրանք Լոռու մարզպետ Արթուր  Նալբանդյանի միջամտությամբ աշխատողներին կհանձնվեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո: «Հունվարից կփակվեն փակ հանքերի 305, 215 և 140 հորիզոնները: Արդեն 5 օր է՝ ֆաբրիկայի ջարդման արտադրամասի 4 ջաղացներից աշխատում է միայն 1-ը: Այստեղ 170 աշխատողներից աշխատանքի մեջ պետք է մնան միայն 70-ը, մյուս 70 աշխատողները պետք է նույնպես կրճատվեն: ԼՀԿ-ի սեփականատերն այս պահին օգտագործում է ֆրանսիացիների թողած 2 փակ հանքերը, 3-րդը նախապատրաստում են շահագործման: Այստեղ ծախսերը քիչ են: Իրենք ասում են՝ հանքաքար չկա, հանքափորերն էլ հակառակն են պնդում, ասում են՝  հանքաքար կա, մի 20 մետր պետք է առաջ գնալ, տնօրինությունը ծախսերից խուսափում է»,- հայտնեց Ս. Վարդումյանը:

«Դեկտեմբերի 1-ին ԼՀԿ-ի տնօրինության կողմից կրճատվել են 19 ախթալացիներ, մնացած համայնքներից կրճատվողների մասին չեմ կարող ասել»,- ասաց  քաղաքապետ Հայկազ  Խաչիկյանը: Անցյալ ուրբաթ Հ. Խաչիկյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և թիվ 31 ընտրատարածքի պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հետ  հանդիպել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարտուն Հակոբյանին: «Կարծում եմ, որ ԼՀԿ-ի սեփականատիրոջը որոշակի աջակցություն պետք է ցուցաբերի նաև կառավարությունը: Ես չեմ կարող ասել՝ Մաքսիմ Հակոբյանը ինչ աջակցություն կակնկալի կառավարությունից, բայց  կարծում եմ՝ կոմբինատին ցածր տոկոսադրույքներով վարկ պետք է տրամադրվի, մինչև որ արտադրության այս  շրջանը ընկերությունը կարողանա հաղթահարել»,- բացատրեց քաղաքապետը: Հ. Խաչիկյանի ասելով՝ Ախթալայի ԼՀԿ-ն սեփականացնելուց հետո Մաքսիմ Հակոբյանը այստեղ անընդհատ ներդրումներ է կատարել: «Հանքային երակը նախկինում եղել է 1-1,20մ, այսօր իջել է 60 սմ: Հանքաքարն էլ անսպառ հումք չէ: Չեմ կարող ասել՝ այսօր բաց հանքում հանքային պաշարները սպառման շեմի՞ն են, թե՞ չէ, բայց շուկայում  պղնձի գների նվազման նման պարագայում չի բացառվում, որ կդադարեցվեն  կոմբինատի աշխատանքները, և մենք կկորցնենք 700 աշխատատեղ»,- պարզաբանեց  Հ. Խաչիկյանը:

Մինչ կրճատումները այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ԼՀԿ-ում աշխատել է 300 ախթալացի: Հայկազ Խաչիկյանը դժվարացավ ասել, թե աշխատանքից ազատվողները ինչպես են այսուհետև պահելու իրենց ընտանիքի գոյությունը: «Գարնան շրջան էլ չի, թե էդ մարդիկ գնան արտագնա աշխատանքի»,- ափսոսանք հայտնեց նա: Վերջին շրջանում ԼՀԿ-ի տնօրինությունը դժվարանում է համայնքի բյուջեին  վճարել նաև իր 1,8 մլն դրամ հարկերը: Շրջակա միջավայրի աղտոտման համար ԼՀԿ-ի բնապահպանական վճարներից 2015թ. Ախթալա համայնքը բնապահպանական մասհանումներ չի ստացել՝ կոմբինատի կողմից 2015թ. բնապահպանական վճարները ժամանակին չփոխանցելու պատճառով: Հ. Խաչիկյանի ասելով՝ 2016-ին համայնքի բյուջեին կհատկացվի 4,5 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա:Կրճատումների պատճառով Ախթալայում այսօր տիրում էր հուսահատություն. «Ինձ ու տղայիս՝ Կոլյային էլ է կրճատել: Մեզ էս 4 ամիս է, որ կրճատել են: Ես փակ հանքի 215 հորիզոնում ամբողջ կյանքում հորատող եմ աշխատել: Հլա էդ ջահելներին հարցրեք՝ ինձ նման հորատող եղե՞լ է: Ես 70 տարեկան եմ, ինձ ոչինչ, որ կրճատել են: Տղաս՝ Կոլյան, իմ օգնականն էր: Չհասկացա, թե տղայիս ինչու կրճատեցին: Մեզանից հետո մարդիկ է ընդունել, մինչև հմի էլ աշխատում են»,- ասաց Պանատ Խոշտոլովը: Ախթալայում այսօր  մթնոլորտը լարված  էր: Աշխատանքից ազատվածները դեռ չէին որոշել իրենց հետագա անելիքները: «Ի՞նչ անի խեղճ ժողովուրդը, որ խոսան ի՞նչ է փոխվելու»,- ասաց մի ախթալացի, ով  խնդրեց չհրապարակել իր անունը:

Հայկազ Խաչիկյանի ասելով՝ եկող տարի զբոսաշրջության զարգացման նպատակով Ֆրանսիայի Լիոն քաղաքից մասնագետներ են այցելելու և նախագծելու են Ախթալայի ֆրանսիական նախկին թաղամասի վերականգնումը: «Թաղամասում կառուցվելու են հյուրանոցներ, հյուրատներ, սրճարաններ և այլ  սոցիալ տնտեսական օբյեկտներ»,- ասաց քաղաքապետը: Հայկազ Խաչիկյանն ակնկալում էր, որ թաղամասի վերակառուցումը Ախթալայում կապահովի նոր աշխատատեղեր: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. ԲԱԹՈՅԱՆ22:25 - 4 դեկտեմբերի, 2015
ԱՄԲՈՂՋ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ԹԻՆԳԸ ՏՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐՈՒՄ ԱՄԵՔՈՒՄ 8 ՀՈԳԻ ՈՒ ԱՎԵԼ ՉԳԻՏԵՍ ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ 250, ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԱՎԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ; ԻՍԿ ԲԱՆՎՈՐԻՆ ԷՆՔԱՆ ԵՆ ՏԱԼԻՍ< ՈՐ ՉՄԵՌՆԻ ՀԱՋՈՐԴ ՕՐՆ ԷԼ ԳԱ; ԷՇՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ; 1 ՄԻԼԻՈՆ ՈՒ ԱՎԵԼ ԴՐԱՄԱ 15 ՏԱՐԻԱ ՈՒ ԱՎԵԼ ԹԱՓԱՆԻ ԼՅՈՎԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԱ ՍՏԱՆՈՒՄ; ՍՈՂԱԼՈՎ ԱՌԱՋԱ ԳՆՈՒՄ ՈՎ ԵԿԱՎ ԴԱԱ ՄՆԱՑ ՈՎ ԵԿԱՎ ԴԱ ՄՆԱՑ; ՀԱՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼԱ ԻՆՉԱ ՆԱ ԷԼ ՆՈՒՅՆԸ; ՏՂԵՔԻՆ ԷԼ ԲԵՐԵԼԱ ԸՏԵՂ ՆՐԱՆՔ ԷԼ ԷՏՔԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ; ԻՍԿ ԽԵՂՃ ԱԽԹԱԼԱՅԻ ԲՆԱԿԻՉԸ ԿԿՐՉԱՏՎԻ ՈՒ ՄԻՇՏ ԲԱՆՎՈՐ ԿԱՇԽԱՏԻ 50-60 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ; ԲԱ ԴԱ ՃԻՇՏԱ ՀԱ/? ԽԻ ՊՏԻ ԿԱՆՏՈՐԻ ԳԼՈՒԽԸ ՀԱՍՏ ՄԻ ՊՈՐՏԱԲՈՒՅԾ ՍՏԱՆԱ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ ՅԱ ԿՐՃԱՏՎԵՆ ՅԱ ԷԼ ԱՀԸ ՍՐՏՈՒՄ ՍՊԱՍԵՆ ՈՐ ԿԱՍԵՆ ԳՆԱ ԷԼ ՉԵՍ ԱշԽԱՏՈՒՄ; ԲԱ ԷՏ ՎԱՐՉԱՊԵՏԱ ԻՆՉ ԳՐՈՂԱ ՄՏԱԾՈՒՄԱ ԷՏ ՄՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ ԽԻ ՉԻ ԳԱԼԻՍ ՄԻ ՀԱՏ ՀԱՆԴԻՊԻ ԱԹՈՌԻՑ ԿԱՌՉԱԾ ՍՊԱՍՈՒՄԱ ԹԵ ԳՈՒԽԸ ԻՆՉ ԿԳԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ; ԱՆԱՐԽԻԱՅԱ ԱՄԵՆ ԻՆՉԸ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՁԵՌՔՆԱ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԷՏ ՕՐԻՆ ԵՆ
2. Simon12:05 - 10 դեկտեմբերի, 2015
ԹԱՓԱՆ ԼՅՈՎԱՆ ԷՆՔԱՆ ԿԵՐԵԼԱ, ԷԼԻ ԱՉՔԸ ՉԻ ՔՇՏԱՆՈՒՄ: ԱՆԱՄՈԹԻ ՊԵՍ ԷԼ ՍԱՂԻՆ ՀՈՒՅՍԱ ՏԱԼԻՍ, ԱՍՈՒՄԱ ՈՉՄԵԿԻ ՉԵՆՔ ՀԱՆԵԼՈՒ ; ԵԼ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ՈՐ ԵԳՈՒՑ ԵԼՈՐ ՈՆՑԱ ՄԱՌԴԿԱՆՑ ԵՌԵՍԻՆ ՆԱՅԵԼՈՒ, ՈՐՏԻ ԵԼ ԿԱՆԳՆՈՒՄԱ ՄԵԾ ՄԵԾ ԽՈՍՈՒՄԱ, ԱՍՈՒՄԱ ԱԽԹԱԼԱ ԱՍՈՂԸ ԵՍ ԵՄ, ԻՆՉ ՀԱԿՈԲՅԱՆ, ԻՆՉ ՊՌԵԶԻԴԵՆՏ, ՈՆՑ ԿՈՒԶԵՄ ՏԵՆՑ ԵԼ ԿԱՆԵՄ; ՀԱԿՈԲՅԱՆ ԵԼ ԱՆՈՒՂԵՂԻ ՊԵՍ ՕՎ ՈՆՑ ՈՒԶՈՒՄԱ ՔՇՈՒՄԱ; ՈՉ ՄԵԿ ՀԱՆՔԻՑ ԳԱՂԱՓԱՐ ՉՈՒՆԵՆ, ՄԵՆԱԿ ՏՈՆՆՈՎ ՓՈՂ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԽԵԽՉ ԲԱՆՎՈՐԻ ՀԱՇՎԻՆ; ՀԱՆԻՍՅԱՆՆ ԵԼ ԵԼԵԼԱ ՈՒ ԿՄՆԱ ՎԱՌԴԱՆՅԱՆԻ ՏՈՒԶԻԿԸ; ՎԱՌԴԱՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ՎՕՐ ՎԵՐՉԸ ԵԿԱՎ ԻՌԱ ՇՈՒՆԻԿՆԵՐՆ ԵԼ ԵՆ ԵՌԵՍ ԹԵՔԵԼՈՒ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ