Արշալույսի «այո»-ն և «ոչ»-ը. «Սահմանադրությունն է մեղավո՞ր, որ գյուղացին չի կարողանում վաճառել բերքը»
Երեկվա առատ տեղումներից հետո այսօր արև էր դուրս եկել: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի տղամարդիկ գյուղի կենտրոնում հավաքվել և արևից տաքածաց պատի տակ քննարկում էին դեկտեմբերի 6-ին սպասվող քվարկությունները: Այդ օրը Արշալույսում ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների քվեարկություն է լինելու, այլև համայնքի ղեկավարի ընտրություն: Մի քանի րոպե զրուցեցինք հավաքված մարդկանց հետ, քիչ անց գյուղացիները բաժանցվեցին «այո»-ի և «ոչ»-ի, ճիշտ այնպես ինչպես վերջին օրերին քաղաքական գործիչները՝ «այո»-ի և «ոչ»-ի «ռեալիթի շոուների» ժամանակ:
Սահմանադրության փոփոխությունների մասին
Հայդուկ Մնացականյանը «այո»-ի կողմնակից էր: 87-ամյա Հայդուկ պապը հին տան օրինակով փորձում էր բացատրել, որ Սահմանադրությունը հնացել է և պետք է փոփոխել: Նա չկարողացավ բացատրել, թե ինչու պետք է փոխել, այդ հարցում նույնիսկ գյուղացիների ընդվզումը չօգնեց, բայց նա շարունակում էր պնդել, որ փոփոխությունն անհրաժեշտ է:
«Եթե տունդ հին ա, մրոտված ա, գաջը պոկված ա, թող ռեմոնտ անեն, ի՞նչ ա խանգարում: Հիմա Սահմանադրությունն ուզում են ռեմոնտ անեն, երևի լավ հոդվածներ կլինի մեջը, թող փոխեն: Հետո էլ մենք հողի մշակ մարդիկ ենք, մեզ սկի պետք չի՝ Սահմանադրությունը կփոխեն, թե կմնա նույնը»,-ասում է Հայդուկ Մնացականյանը:
Նրա համար տեսանելի էր երկրում իրականացվող վերջին տարիների դրական տեղաշարժը: Ասում էր, որ երկրում շատ բան է փոխվել, գյուղերը զարգացել են, բարգավաճել: Հենց վերջին բառի վրա, հավաքվածները տեղից սկսեցին բղավել՝ ցույց տալով, որ համաձայն չեն:
«Ինչն է բարգավաճել, մարդիկ տոկոսի տակ մեռնում են»,-բղավում էին տեղից: Հայդուկ պապը կրքերը չբորբոքելու համար ինքն էլ սկսեց «դեմ» խոսել:
«Սահմանադրությունը փոխում են, թող փոխեն, բայց հիմա մեր Սահմանադրությունը գործում ա, մարտ ամսից հրաման է եղել, որ մեր ավանդները պիտի տան: Ես այս տարիքիս գնացել եմ իմ բոլոր ավանդների թղթերը ձևակերպել եմ, բա ինչի՞ չեն տալիս: Պատճառաբանում են՝ եկող տարի կտանք: Երևի սպասում են, որ եկող տարի մեռնեմ էլ չտան»,-ավելացրեց Հ. Մնացականյանը:
Ռազմիկ Հովհաննիսյանը «ոչ»-ի կողմնակից է: Նրա այդ տեսակետը էլ ավելի ամրապնդվել նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, որը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններին:
«82 տարեկան եմ, արդեն 20 տարի է ոչինչ չեմ կարդում, որովհետև ամեն ինչ սուտ է: Երեկ նստել լսել եմ նախագահի զրույցը, որ խոսում էր Սահմանադրության փոփոխությունների մասին: Իր ասածը սխալ է, որ ուզում են պատասխանատվությունը բաժանել իրար մեջ՝ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի: Ճիշտն այն է, որ պատասխանատուն նախագահը լինի: Այնպես եմ քվեարկելու, որ մնա հինը, քան նորով բաժանեն իրար մեջ: Ես հույս չունեմ, որ առաջիկայում մեր վիճակը կլավանա: Մեր երկրում ես լավի հույս չունեմ, չնայած երեք տղա ունեմ: Ափսոսում եմ, որ այս երկրում մարդիկ սոված են: Հատուկենտ մարդիկ կան, որոնց մոտ ստացվել է, լավ են ապրում, բայց մի քանիսով երկիր չես պահի»,-ասում է Ռազմիկ Հովհաննիսյանը:
Նա սկսեց պատմել գյուղացու չարքաշ աշխատանքի ու վատ սոցիալական պայմանների մասին: Ըստ նրա՝ գյուղացին ինչ մշակում է վերջում կոպեկներով է վաճառում: Օրինակ՝ այս օրերին ծաղկակաղամբը նույնիսկ 20 դրամով չի կարողանում վաճառել:
«Եթե մարդը ամբողջ տարի աշխատում է ու փող չի ունենում, էլ դրա լավը ո՞րն է: Սահմանադրությունն է մեղավո՞ր, որ գյուղացին չի կարողանում վաճառել բերքը: Մենակ դեղամիջոցները մի քանի անգամ թանկացել են: Վատառողջ եմ, 3 տարի է դեղ եմ խմում: 3 տարի առաջ 1200 դրամ էր դեղը հիմա նույնը 5200 դրամ է: Էլ ինչ հույս ունենանք, ում վրա հույս դնենք: Ուժեղ նախագահ պիտի ունենաք, որ ամեն ինչը վերահսկողության տակ պահի: Ես հասկացել եմ, որ Ստալինի նման նախագահ է պետք: Ստալինին գցեցինք ոտքի տակ տրորեցինք, բայց նա մի հատ «կիտել» ուներ, ոչ թե Գարբաչովի ու ներկայիս ղեկավարների նման 40 ավտոմեքենաներով էր ման գալիս»,-ասաց Ռազմիկ պապը:
Մինչ երկու տղամարդ «այո» և «ոչ» էր ասում, իրենց տեսակետները հայտնում, մյուսները հանգիստ նստած հետևում էին՝ մեկ-մեկ անհամաձայնություն հայտնելով:
Համայնքապետի ընտրությունների մասին

Արշալույսում համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ Զարզանգ Գրիգորյանը և նախկին զինվորական Աշոտ Սարգսյանը: Զարզանգ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը:
Գյուղացիներն ասում էին, որ Աշոտ Սարգսյանը Մանվել Գրիգորյանի թեկնածուն է, քանի որ վերջինիս և եղբոր որդիների հարաբերությունները լավ չեն, որոշել է համայնքապետի պաշտոնում տեսնել իր «մարդուն»:
Մեր այցելության պահին թեկնածուներին չկարողացանք տեսնել: Աշոտ Սարգսյանի որդին ասաց, որ հայրը ընտրողների հետ հանդիպման է գնացել և խիստ զբաղված է, սակայն ամբողջ գյուղով շրջելուց հետո այդպես էլ նրան չգտանք ընտրողների հետ հանդիպելիս: Իսկ Զարզանգ Գրիգորյանը «խիստ» զբաղված էր և համայնքապետարանի աշխատողներից մեկի ասելով՝ «գործերով դուրս է եկել»:
Համայնքապետի ընտրությունների հարցում գյուղացիները էլ ավելի պասիվ էին: Ամեն դեպքում խուսափում էին խոսել, կարծիք հայտնել: Այս անգամ էլ լռությունը խախտեց Հայդուկ պապը: Նա ասաց, որ գործող համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին է ընտրելու: Այդ խոսքից հետո հավաքվածները սկսեցին կամաց շշնջալ. «այո, Զարզանդին ենք ընտրելու»:
Ակտիվներից Ռազմիկ Հարությունյանը թեև չասաց, թե ում օգտին է քվեարկելու, սակայն իր խոսքով հասկացրեց, որ դեմ է Աշոտ Սարգսյանին:
«900 տնտեսություն ունի գյուղը, բայց ժամանակին գումարները կերել են ու հիմա մանկապարտեզ չունենք: Մանկապարտեզի շենքը կա, դրա հետևը խաղահրապարակ պիտի լիներ, որ երեխեքը ֆուտբոլ, վոլեյբոլ խաղային: Բայց գեներալ Մանվելը հողը վերցրել ցորեն է ցանել, ծիրանի ծառեր է դրել: Հիմա մեր երեխեքը մանկապարտեզ չեն գնում, չունենք»,-ասում էր Ռ. Հարությունյանը:
Հայդուկ պապն էլ հիշեց, որ Մանվել Գրիգորյանը փակել է նույնիսկ գյուղի հասարակական զուգարանը, քանի որ այդ տարածքը ևս վերցրել է:
Աշոտ Սարգսյանի կողմնակիցները նախընտրում էին խոսել առանց անունները հրապարակելու նախապայմանով: Նրանք ասում էին, որ վերջին տարիներին գյուղում առաջընթաց չկա, երիտասարդները զբաղմունք չունեն և Սարգսյանը հենց այդ պատճառով է ցանկացել առաջադրել իր թեկնածությունը:
Ոմանք էլ ասում էին, որ տեղյակ չեն, թե գյուղի բյուջեն ինչի վրա է ծախսվում, քանի որ համայնքապետը երբևէ իրենց հաշվետվություն չի տալիս:
Նրանք ցույց էին տալիս գյուղի ցեխոտ ու անանցանելի փողոցները, ապացուցելու համար, որ Արշալույսում որևէ ներդրում չի իրականացվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել