HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երաժշտությունը չպետք է խաղ լինի, ոչ մի դեպքում». Բեն Փուլ` հոգու, այլ ոչ թե մտքի երաժիշտը

Նաիրա Հայրապետյան

«Հայրս երիտասարդության տարիներին նվագում էր, նա մեծ երաժշտասեր էր, այնպես որ` իմ երակներում երաժշտությունը եղել է ի սկզբանե,- ասում է Բեն Փուլը,- մեր տան մեջ կիթառների կարող էիք հանդիպել ամենուր: Ես սկսեցի նրանցով նվագել, երբ դեռ ընդամենը ինը տարեկան էի, բայց կարծում եմ՝ իրականում այս աշխարհը մտա այն ժամանակ, երբ տասներկու տարեկանում լսեցի Ջիմի Հենդրիքսի «Voodoo Child»-ը»:

Բրիտանացի ճանաչված երաժիշտ Բեն Փուլը համարվում է բլյուզ-ռոքի ամենահայտնի կատարողներից մեկը, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է ճանաչված դառնալ ոչ միայն Եվրոպայում, այլև բլյուզի հայրենիք և բլյուզով դժվար զարմացող ԱՄՆ-ում: Հայտնի արտիստներն ու երաժշտական ամսագրերը նրան անվանում են «բլյուզի ծագող աստղ» կամ «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ»՝ այս ժանրի հետագա ընթացքը պայմանավորելով նաև Բեն Փուլ-երաժշտի ապագա գործունեությամբ: Նա այսօր «ամենազբաղված » երաժիշտներից մեկն է աշխարհում, քանի որ մշտապես համերգների, ձայնագրությունների և շրջագայությունների մեջ է: Այս համերգների և մի շարք նշանավոր փառատոների ընթացքում նա հասցրել է նաև հատուկ հյուրի կարգավիճակում համատեղ ելույթներ ունենալ անվանի երաժիշտների հետ (B.B. King, John Mayer,Jonny Lang, James Morrison, Lenny Kravitz, Ritchie Kotzen) և գովեստի խոսքերի արժանանալ իր երաժշտական կուռերից Ջեֆ Բեքից,  Գարի Մուրից:

Այս օրերին ճանաչված բլյուզ-ռոք երաժիշտը Երևանում էր: «Բլյուզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ և աջակցությամբ այստեղ կայացան «Ben Poole & Band» խմբի երկու համերգները՝ հայ երաժիշտների հետ համատեղ նվագակցությամբ (jam): «Բլյուզի հայկական ասոցիացիան» հիմնադրվել է 2010թ.:

«Մեր նպատակն է աջակցել, նպաստել Հայաստանում բլյուզ երաժշտության ճանաչմանը, զարգացմանը, միավորել բլյուզով հետաքրքրվող երաժիշտներին և ունկնդիրներին- ասում է ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանը,- Մենք իրականացնում ենք տարբեր նախաձեռնություններ՝ համերգներ, համագործակցություններ արտասահմանյան մեր գործընկերների հետ, որոնց արդյունքում նոր հնարավորություններ ու կապեր են ստեղծվում մեզ համար»: Բլյուզի հայկական ասոցիացիան այսօր արդեն համագործակցում է ամերիկյան հայտնի «Alligator Records» ընկերության հետ, իսկ 2013թ-ից անդամակցում է «Բլյուզի եվրոպական միությանը»:

Ծրագրերից մեկն էլ «Ben Poole & Band» խմբի այցելությունն էր Հայաստան: Այն ներգրավվեց «Voyage Byblos»  ֆրանսիական ճամփորդական ընկերության կազմակերպած  «European Blues Cruise»-ի քարտեզում, որի շնորհիվ հայ հանդիսատեսը ևս կարողացավ ականատես և ունկնդիր դառնալ տաղանդավոր երաժշտի համերգին:

«Ես շատ քիչ բան գիտեմ Հայաստանի ու հայ երաժշտության մասին,- ասում է Բեն Փուլը,- ավելին՝ երկրագնդի այս հատվածում երբևէ չէի եղել: Վերջին շրջանում համերգային շատ խիտ և լարված գրաֆիկ եմ ունեցել, եղել եմ աշխարհի շատ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, ԱՄՆ: Այս երևանյան համերգները առիթ են նաև հայ երաժիշտների հետ ծանոթանալու, ես մեծ ցանկություն ունեմ տեսնել, ճանաչել և նվագել իրենց հետ»:

Բ. Փուլի կատարողական ոճը առհասարակ բնորոշվում է որպես տարբեր ոճերի համախմբում: Նա նաև իր երգերի և երաժշտության մեծ մասի հեղինակն է: Ինչպես ինքն է խոստովանում՝ սեփական ոճի ձևավորման հարցում մեծ ազդեցություն են ունեցել երաժշտական տարբեր ուղղություններ՝ ռոք,  քանթրի, սոուլ, ֆանք, գոսպել… իսկ բլյուզի հանդեպ սերը նրան փոխանցվել է լեգենդար Ջիմի Հենդրիքսի, Սթիվ Ռեյ Վոոնի, Ջեֆ Հիլիի, Գարի Մուրի, Էրիկ Քլեփթոնի միջոցով:

ՆՀ – Բեն, այս տարբեր ոճերի և ուղղությունների համատեքստում, այնուամենայնիվ, ի՞նչ է բլյուզը քեզ համար և ի՞նչ ես դու սովորում այս երաժշտությունից:

ԲՓ - Բլյուզը հոգու երաժշտություն է, այն բխում է մարդու ներաշխարհից: Բլյուզից ոչ միայն սովորում ես, այլև նրա միջոցով դուրս ես բերում ներքինդ, զգացումներդ ու փոխանցում մարդկանց: Այնպես որ բլյուզից ես սովորում եմ զգացմունքներս անկեղծ արտահայտել: Ինձ հաճախ են հարցնում՝ «Ո՞ր ժանրի մեջ եմ դասակարգում իմ երաժշտությունը»: Ես նվագում եմ բլյուզ-ռոք, բայց միևնույն ժամանակ ինձ համար շատ դժվար է կոնկրետ դասակարգումներ անել բլյուզի մեջ, փակել իմ նվագածը ինչ-որ տուփում, քանի որ դա այնպիսի երաժշտություն է, որը բխում է հոգու խորքից և արտահայտում է ամեն ինչ: Այն գալիս է մարդու սրտից, ոչ թե գլխից: Բլյուզն ավելի երկրային, շատ օրգանական և մարդամոտ երաժշտություն է:

ՆՀ - Դու ունես նաև հայտնի գործերի քավըրներ. օրինակ՝ հենդրիքսյան շատ հայտնի «Hey Joe»-ն, Բի Բի Քինգի «The Thrill is Gone»-ը: Ի՞նչ սկզբունքով ես ընտրում նրանց:

ԲՓ - Իմ կարիերայի այս փուլում փորձում եմ նվագել սեփական ստեղծագործություններս, քանի որ այս կերպ կարող եմ լիովին արտահայտել այն, ինչ կա իմ հոգում: Բացի այդ, իմ հեղինակած երգերով և երաժշտությամբ ես կարող եմ իմ երկարակեցությունն ապահովել որպես երաժշտի: Իսկ ինչ վերաբերում է Cover-կատարումներիս… ամեն անգամ, երբ որևէ հայտնի գործ եմ կատարում, փորձում եմ չնվագել այնպես, ինչպես դա արել են ինձնից առաջ: Cover-ի մեջ ես փորձում եմ իմ մեկնաբանությունը ներդնել, հակառակ դեպքում՝ բոլորովին իմաստ չեմ տեսնում այդ կատարման մեջ. ստացվում է անել նույն բանը, ինչ մեկ ուրիշն է արել: «Hey Joe»-ն կատարել և կատարում են շատերը, բայց ես կարծում եմ, որ անիմաստ է փորձել կրկնել նույնը, ինչ Ջիմին էր անում: Դա նրա արածն էր, իսկ ես պետք է իմ ձևով գործը մեկնաբանեմ:

Իհարկե, եթե  խոսքը այնպիսի լեգենդար անունների մասին է, ինչպիսին Ջիմի Հենդրիքսն է կամ Բի Բի Քինգը, ապա դժվար է պատկերացնել այն մեկին, ով կկարողանա ստանալ այն, ինչին կարողացել են հասնել նրանք: Այնուամենայնիվ, ձեռք մեկնել այդ գործերին և, ինչպես ասում են, պատվով դուրս գալ, տպավորել սեփական մեկնաբանությամբ, արդեն հաղթանակած փուլ պետք է ընդունել:

Բեն Փուլի անձնական կայքում, կենսագրության բաժնում մի ամբողջ էջ զարդարել են երաժշտի մասին կարծիքները՝ հայտնի երաժիշտների և հեղինակավոր ամսագրերի կողմից: Խոսելով դրանց կարևորության մասին՝ ասում է. 

- Միշտ էլ շատ հաճելի է, երբ լսում ես նման կարծիքներ քո մասին, մանավանդ՝ այնպիսի մարդկանցից, ովքեր մեծ նշանակություն ունեն քեզ համար: Բայց ես փորձում եմ դրանց չթողնել հաստատվել իմ գլխում, չմեծամտանալ ու բավարարվել միայն այդ կարծիքներով: Բոլոր մարդիկ էլ սիրում են հաճոյախոսություններ լսել իրենց մասին: Բայց շատ առանձնահատուկ բան է, երբ որ դու քո կուռքերից ես ստանում այն: Գիտես, որ այդ մարդիկ կանգնած են քեզնից շատ վերևներում, ու դու միշտ փորձում ես գոնե մի քիչ մոտենալ նրանց: Ես մեծացել եմ նրանց երաժշտության հետ, իմ սենյակի պատերին ամենուր փակցված էին Գարի Մուրի, Ջեֆ Բեքի, Ջիմի Հենդրիքսի տարբեր ազդագրերն ու նկարները. Նրանք իմ սիրած կիթառահարներն էին, ռոքի, բլյուզի վարպետները: Ես նրանցից էի ներշնչվում, երբ դեռ երեխա էի: Իսկ հետո նրանցից ոմանք լսել են իմ նվագն ու ասել, որ վայելում են այն, ինչ լսում են: Գիտե՞ս, լսել նման բան քո կուռքերից… դա աշխարհում ամենալավ զգացողությունն է:

ՆՀ - Դրանք, հավանաբար, նաև երաժշտի մոտ ավելացնում են պատասխանատվության զգացումը:

ԲՓ -  Այո,  մի դեպքում դա կարող է ընկալվել զուտ իբրև հաճոյախոսություն քո հասցեին, բայց մյուս կողմից էլ՝ հնարավոր է որոշ մարդիկ իրենց ճնշված զգան, որովհետև դա իր հետ բերում է առաջին հերթին պատասխանատվություն: Բացի այդ, Ջեֆֆ Բեքը այսպես ասաց, բայց Գարի Մուրն այսպես, ու դու պետք է անպայման ձգտես հասնել նրանց բնութագրման մակարդակին: Հայտնի ու քեզ համար շատ կարևոր մարդկանց կարծիքները քո մասին կարող են միայն օգնել քեզ և իմ կարծիքով՝ իմաստ չկա ճնշված զգալու, դրանց ազդեցության տակ ընկնելու: Ես փորձում եմ առաջ նայել՝ առանց դրանց ուղղակի ազդեցության: Հայտնիների կարծիքներով ճանապարհ դուրս գալն ինձ համար, օրինակ, նաև խաղ կարող է համարվել, որը սկսել ես գործդ հանրայնացնելու և հայտնի դառնալու նպատակով: Դրանք լավագույն գործիքներից են:

Բայց պետք չէ մոռանալ ամենակարևորի մասին. չէ՞ որ ես երաժշտություն եմ ստեղծում, նվագում, ուրեմն բոլորովին էլ պետք չէ այս ամենը խառնել իրար:  Միևնույն է՝ ամեն ինչ վերջին հանգրվանում գալիս ու պտտվում է մի բանի շուրջ՝ երաժշտության, իսկ երաժշտությունը չպետք է խաղ լինի, ոչ մի դեպքում: 

ՆՀ - Բլյուզը մենախոսության արվեստ են համարում, երբեմն՝ ինքնամփոփ, մելանխոլիկ, պարզ ու միևնույն ժամանակ իմպրովիզացիոն անկեղծությամբ հարուստ երաժշտություն: Նրա հիմքի վրա հետագայում ձևավորվեցին շատ ոճեր, որոնցից մեկն էլ քեզ հոգեհարազատ բլյուզ-ռոքն է: Դու նրա առանձնահատկություններից մեկն էլ անվանում ես՝ «գեղեցկորեն ագրեսիվ»:

ԲՓ-  Այո. երբ ես առաջին անգամ լսեցի  Ջիմի Հենդրիքսին, Սթիվ Ռեյ Վոոնին և Ջեֆ Հիլիին, Գարի Մուրին և այլոց, զգում էի, որ նրանց երաժշտությունը շատ գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ՝ ագրեսիվ՝  գեղեցկորեն ագրեսիվ: Դժվարանում եմ նկարագրել: Նրանց կատարման մեջ հատուկ մի բան կար, որ գալիս էր յուրաքանչյուրի՝ այդ պահի մեջ գտնվող վերաբերմունքից: Նվագելու նրանց եղանակը շատ բարդ էր ու շատ ազդեցիկ: Դրանք ամբողջովին զգացմունքներ էին ու շատ գեղեցիկ զգացմունքներ: Կարծում եմ՝ հենց այս հանգամանքը ինձ քաշեց դեպի ներս, և ես էլ սկսեցի ինձ ավելի ճիշտ տեղում զգալ բլյուզի աշխարհում: Բլյուզ-ռոք՝ սա է այն տեղը, ուր հոգիս հանգիստ կարող է պառկել: Նույնիսկ եթե ես երբեմն սոուլ, քանթրի կամ մի քիչ փոփ երաժշտության մեջ եմ ստեղծագործում, միևնույն է, ես գիտեմ, որ իմ իսկական տեղը բլյուզ-ռոքն է:

ՆՀ - Այն նաև առանձնահատուկ և բարդ տեխնիկա ունի, դու պետք է կատարման մի շարք կանոնների տիրապետել սովորես, այո՞:

ԲՓ - Մեր ասպարեզում սովորելը, իհարկե, անհրաժեշտ է. դու պետք է կարողանաս տիրապետել կատարման մի շարք կանոնների, տեխնիկական հնարքների: Բայց շատ կարևոր մի բան կա. կրել ինչ-որ բան քո ներսում և սրտիդ ու հոգուդ թույլ տալ իրենց ձեռքում վերցնել դա: Ես երաժշտական լավ կրթություն եմ ստացել և տիրապետում եմ կատարման մի քանի տեխնիկայի: Այս առումով, կարծում եմ մտահոգվելու առիթ չունեմ:  Բայց սա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ բեմ դուրս գալիս: Բեմում ես իմ նվագով միայն փորձում եմ դուրս բերել այն, ինչ կա այդ պահին իմ ներսում:

ՆՀ - Բեն, խոստովանենք, որ այսօր աշխարհը երաժշտական առումով շատ է փոխվել, և ունկնդիրը մեծ մասամբ այլևս այլ հետաքրքրություն ունի՝ պարզ, ուրախ, թեթև ու արագ փոփոխվող երաժշտություն: Մյուս կողմից էլ, երբ հայացք ես նետում բլյուզի չափազանց հարուստ անցյալին, տպավորություն կա, որ այնտեղ ամեն ինչ ասվել է արդեն՝ տեղը տեղին, հաստատուն: Ու երաժշտական այս  շրջապտույտում, որտեղ այսօր գերիշխողը պարզությունն է, շատ դժվար է նոր բան ասելը: Ո՞ր տեղում է բլյուզը և ի՞նչ ես փորձում անել դու:

ԲՓ - Երբեք էլ իմ առաքելությունը չի եղել աշխարհը փոխել, բայց ակամայից այնպես է ստացվել, որ բյլուզի (որպես Roots) ջահը նաև իմ ձեռքում է հայտնվել: Ես հուսով եմ, որ այդպես է, որովհետև այն, ինչ ես անում եմ, կարծում եմ միայն և միայն բլյուզ չի կարող լինել: Ես հատուկ առաքելություն ինձ վրա չունեմ, բայց մի բան լավ գիտեմ. եթե կարողանամ իմ գործով կենդանի պահել իսկական երաժշտությունը, դրանով իմ մասնակցությունը և ներդրումը  կունենամ այդ կարևոր գործին` ինձ նախորդած շատ ու շատ երաժիշտների հետ միասին: Այսօր տարբեր ճանապարհներով է գնում երաժշտությունը և այն, ինչ մասսայական է ու առաջատար, իմ կարծիքով շատ շեղված է բուն երաժշտությունից: Ես նկատի ունեմ էլեկտրոնային, տեխնո երաժշտությունը: Այն այնքան է խառնված համակարգչային, տեխնոլոգիական հնարքներով, որ կենդանի, իրական երաժշտության շունչը գրեթե չկա: Դու ճիշտ նկատեցիր, ունկնդիրն այսօր դեպի ավելի պարզ, հեշտ ու համակարգչային ոգի ունեցող երաժշտությունն է գնում: Բայց եթե նույնիսկ այդպես է, ես շատ ուրախ եմ, որ այլ հիմքի վրա եմ կանգնած:

Այն, ինչ դու տեսնում կամ զգում ես կենդանի համերգների ժամանակ, աննկարագրելի է: Դու պարզապես չես կարող ժխտել այդ զգացումը, չես կարող չգնահատել լսարանի հետ այն հզոր կապը և այն մեծ էներգետիկ թրթիռը, ալիքը, որը ծնվել է բեմում, հենց այդ պահին, իրարից շատ տարբեր երաժիտներից… հենց միայն սա կարող է վստահեցնել, որ այս երաժշտությունը երբեք չի կարող տարբեր չլինել այն տեխնիկականից, որը ստեղծվում է մեր օրերում: Եթե օգնեմ, որ իսկական երաժշտությունը շարունակի կենդանի մնալ, եթե դա հաջողվի ինձ, արդեն շատ մեծ բան է ինձ համար:

լուսանկարները` benpooleband.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter