Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Այսօր անկախացած ՀՀ-ի պատմության մեջ սահմանադրական չորրորդ հանրաքվեն է



1991 թ. ՀՀ անկախությունից հետո սա սահմանադրական չորրորդ հանրաքվեն է: Առաջինը 1995-ի հուլիսի 5-ին, երբ նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը: Հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

2001 թ.-ից հետո, երբ ՀՀ անդամակցեց Եվրոպայի խորհրդին, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարց առաջացավ: Փոփոխված նախագիծը քվեարկության դրվեց 2003-ի մայիսի 25-ին՝ ԱԺ ընտրություններին զուգահեռ: Ու չնայած 46 տոկոսը կողմ քվեարկեց նախագծին, իսկ 45,3 տոկոսը՝ դեմ, փոփոխությունները չանցան, քանի որ գործող՝ 1995 թ. Սահմանադրությունը նախատեսում էր, որ նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Սա առաջին ու առայժմ միակ դեպքն էր, երբ իշխանությունների նախաձեռնությունը նաեւ պաշտոնական տվյալներով տապալվեց: 

2005 թ. նոյեմբերի 27-ին, այդուհանդերձ, Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ: Ընդդիմության պասիվության եւ իշխանական քարոզչության ակտիվության ֆոնին հանրաքվեին, պաշտոնական տվյալներով, մասնակցեց ավելի քան 1 մլն մարդ, որոնց 93,2 տոկոսը կողմ քվեարկեց, 5,4-ը՝ դեմ:

Սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Փոփոխություններով վերացվեց հանրապետության նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. ներկայումս նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարեւոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։ Կատարվեցին մի շարք փոփոխություններ, մասնավորապես, դատական ոլորտին, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին վերաբերող գլուխներում:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ